Նյու Յորքի նահանգապետը մեղադրվում է կորոնավիրուսից մահացածների թվի կրճատման մեջ
ԱՄՆ Նյու Յորք նահանգի օրենսդիր մարմնի հանրապետական անդամները պահանջել են նահանգապետ Էնդրյու Քուոմոյի հրաժարականը։ Պատճառն այն է, որ Քուոմոն, իբր, խոչընդոտել է ծերանոցներում COVID-19-ից մահացությունների իրական թվերի հրապարակմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Politico պարբերականին։
Ավելի վաղ, New York Post-ը հայտնել էր, որ Քուոմոյի ավագ օգնական Մելիսա ԴեՌոզան, տեսակոնֆերանսի ժամանակ, ներողություն էր խնդրել Նյու Յորք նահանգում Դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմից՝ ծերանոցներում կորոնավիրուսից մահացության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու համար։ Նրա խոսքերով՝ Քուոմոյի վարչակազմը, նախորդ տարվա օգոստոսին, ի պատասխան օրենսդիրների հարցմանը, մերժել էր տրամադրել կորոնավիրուսի վիճակագրության վերաբերյալ տվյալներ։ Այդ օրերին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծերանոցներում մահացության բարձր ցուցանիշների մեղքը բարդում էր դեմոկրատ նահանգապետերի վրա, իսկ արդարադատության նախարարությանը հրամայել էր իրականացնել համապատասխան ստուգումներ։ Ընդ որում, ինչպես գրում է Politico պարբերականը, Քուոմոյի մարտ ամսվա հրամանը, որով կոչ էր արվում ծերանոցներին ընդունել կորոնավիրուսի դրական թեստ ունեցող պացիենտներին, լուրջ քննադատության է ենթարկվել, իսկ որոշ քաղաքական գործիչների կողմից գնահատվել որպես ծերանոցներում մահացության բարձր ցուցանիշների պատճառ։
Ինչպես նշում է Politico-ն, New York Post-ի հրապարակումից հետո նահանգի հանրապետականները սկսել են քննադատել Քուոմոյին։ «Պատասխանատվության ենթարկելու և իմպիչմենտի վերաբերյալ քննարկումները պետք է անմիջապես սկսվեն։ Եթե նահանգապետը ներքաշված է, ապա պետք է անմիջապես ազատվի պաշտոնից»,- հայտարարել է Նյու Յորք նահանգում Հանրապետական կուսակցության առաջնորդ Նիկ Լենգուորթին։
ԱՄՆ-ում կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ, որը տեղի է ունեցել 2020 թվականի գարնանը, Նյու Յորքը համաճարակի կենտրոնն էր։ Ամենավատ օրերին Նյու Յորքում օրական մահացել է ավելի քան 700 մարդ։
Լուսանկարը՝ Sipa via AP Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել