HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրը պնդում է, որ որդու ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումով

Վաղը' ժամը 12:00-ին, ՀՀ Փաստաբանների պալատում տեղի կունենա մամուլի ասուլիս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած գողության դեպքի վերաբերյալ:

Առանձնապես խոշոր չափի գումարի գողությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի հայրը' Բենիամին Հովակիմյանը, տարածել է մամուլի հաղորդագրություն, որում նշում է, որ Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժնի և Քաղաքային վարչության «աշխատակիցները, Ստեփան Հովակիմյանի նկատմամբ գործադրելով ֆիզիկական բռնություն, նրան անարգելու սպառնալիքի տակ կորզել են «ինքնախոստովանական» ցուցմունք, որի հիման վրա Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից առանձնապես խոշոր չափի գումար գողանալու մեջ»:

Առաջիկա դատական նիստը նշանակված է մայիսի 25-ին:

Բենիամին Հովակիմյանի հաղորդագրության մեջ նշվում է, որ կասկածյալի նկատմամբ ոստիկանությունում կիրառվել են բռնություններ: Խոշտանգումների արդյունքում կորզվել է ինքնախոստովանական ցուցմունք, որի հիման վրա էլ «սարքվել» է քրեական գործ: Չնայած ամբաստանյալի, փաստաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններին ու ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին' պատկան մարմինները հրաժարվում են կատարել օրենքի պահանջը' հետաքննել խոշտանգման փաստը:

Հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած գողության փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է միայն փետրվարի 6-ին: Ըստ մամուլի հաղորդագրության' այդ ընթացքում Ս. Հովակիմյանը երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել:

Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով նա կանչվել է ՀՀ ոստիկանության քաղաքային վարչություն: 9 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա' որպես կասկածյալի իրավունքները:

Ս. Հովակիմյանը ինչպես քննիչին, այնպես էլ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Պողոսյանին հայտնել է, որ գողության կատարման հետ ինքը ոչ մի կապ չունի և տված իր բացատրությունն ու նույն օրը Կենտրոնականի քննչական բաժնում որպես կասկածյալ տված ցուցմունքը, որոնցում ընդունել է գողության կատարման հետ առնչությունը, չեն համապատասխանում իրականությանը և գրվել են իր նկատմամբ կիրառված բռնությունների ազդեցության տակ:

Սակայն քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Հովակիմյանի հայտնած տվյալները ստուգելու ուղղությամբ իրավասու մարմիններն ու պաշտոնատար անձինք գործնական որևէ միջոց չեն ձեռնարկվել:

2010թ. դեկտեմբերին Ս. Հովակիմյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր' Ա. Խաչատրյան) իր տված ցուցմունքում մանրամասն նկարագրել է ոստիկանների ապօրինությունները և իր նկատմամբ կիրառված բռնությունները: Սակայն դատարանը և մեղադրանքը պաշտպանող դատախազը որևէ քայլ չեն ձեռնարկել, փոխարենը հնչեցվել են մտքեր հետևյալ բովանդակությամբ. «Եթե գտնում եք, որ եղել են անօրինականություններ, դիմեք համապատասխան մարմիններ»:

2010թ. դեկտեմբերի 27-ին lragir.am-ում հրապարակված «Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել» հոդվածին 2011թ. հունվարի 25-ին արձագանքել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը' այն ուղարկելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն' ծառայողական քննություն կատարելու համար:

2011 թ. փետրվարի 15-ին խմբագրությունը ստացել է ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Բաբաջանյանի ստորագրությամբ գրությունը, որում, մասնավորապես ասված է, որ «...Ինչպես նախաքննության, այնպես էլ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Ս. Հովակիմյանին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք, և որոշվել է անհրաժեշտության դեպքում դրանց անդրադառնալ դատաքննության ավարտից հետո»:

«Ուսումնասիրության» ընթացքում ոստիկանները չեն լսել նույնիսկ Ս. Հովակիմյանին (տվյալ դեպքում հնարավոր կամ ենթադրյալ «զոհ»-ին):

Ս. Հովակիմյանը 2011 թ. փետրվարի 15-ին հաղորդում է ներկայացրել կատարված հանցագործության մասին ՀՀ հատուկ քննչական ծառայություն' մանրամասն նկարագրելով տեղի ունեցածը և բռնություններ գործադրած ոստիկաններին (տես http://stepanhovakimyan.wordpress.com/2011/02/14/hqc-report/):

2011թ. փետրվարի 19-ին ստացվել է ՀՔԾ պետ Ա. Միրզոյանի 17.02.2011թ. գրությունը' ուղղված ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա.Բաբաջանյանին, Ս. Հովակիմյանին և նրա պաշտպանին, որով Ս. Հովակիմյանի ներկայացրած հաղորդումն ու այդ կապակցությամբ ներկայացված պաշտպանի հիմնավորումները ուղարկվել են «ծառայողական քննության» նյութերի հետ համատեղ ընթացք տալու համար:

Այսինքն' ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իրականում կամ էլ ոչ այդքան, անտեղյակ լինելով, որ ոստիկանության կողմից «ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք», կրկին օրենքով միմիայն իր վրա դրված պարտականությունների կատարումը վերահանձնարարել է ոստիկանությանը:

Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացվել ՀՔԾ պետ Ա. Միրզոյանի գործողությունների և անգործության դեմ' խնդրելով օրենքով սահմանված կարգով քննարկելու և լուծելու Ս. Հովակիմյանի' հանցագործության մասին հաղորդումը:

Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի ցուցումով ՀՀ ՀՔԾ-ի ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանը նյութեր է նախապատրաստել' սակայն ոչ թե Ս. Հովակիմյանի հաղորդման հիման վրա, այլ ՀՔԾ-ի անգործության դեմ Ս. Հովակիմյանի պաշտպան Տ. Սաֆարյանի բողոքի վերաբերյալ:

Այդ ընթացքում ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանը բացատրություն է վերցրել Ս. Հովակիմյանից, որի ժամանակ վերջինս ամբողջությամբ պնդել է հանցագործության մասին հաղորդման մեջ նշվածը և բացատրությանը կից ներկայացրելով հաղորդման պատճենը' խնդրելով այն ընդունել որպես բացատրություն:

2011թ. ապրիլի 14-ին ստացվել է ՀՀ ոստիկանության ՆԱ վարչության պետ Ա. Գարբուզյանի գրությունը, որով տեղեկացվել է, որ Ս. Հովակիմյանի, նրա հոր' Բ. Հովակիմյանի և պաշտպան Տ. Սաֆարյանի դիմումները ստացվել և քննարկվել են և «քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում թիվ 13106910 քրեական գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ս. Հովակիմյանի պաշտպան Տ. Սաֆարյանի բողոքի հիման վրա նախապատրաստվում են նյութեր, ուստի ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությունում անցկացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, և որոշվել է դրանց անդրադառնալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի վերջնական ընթացքը լուծելուց հետո ու դատաքննության արդյունքներով»:

2011թ. ապրիլի 16-ին ստացվել է ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանի որոշումը' նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

«Ինչպես ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանի կայացրած որոշումը, այնպես էլ ՀՀ ոստիկանության ՆԱ վարչության գործողություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներին, ՀՀ վավերացրած Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մաս կազմող Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումներով ու Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ընդունած չափանիշներով սահմանված' վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների վերաբերյալ արդյունավետ քննություն կատարելու պահանջներին»,- նշվում է Բենիամին Հովակիմյանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ դրա' քննիչ Կ. Թորոսյանի որոշումը կայացվել է' հիմնվելով միմիայն ՀՀ ոստիկանության ՆԱ վարչության կատարած ծառայողական քննության ընթացքում ոստիկաններից վերցված բացատրությունների վրա, որոնք չեն համապատասխանում իրականությանը, և ոստիկաններն ուղղակիորեն ստել են:

Ինչպես ՀՔԾ-ին, այնպես էլ ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությանը Ս. Հովակիմյանը և նրա պաշտպանը ներկայացրել են որոշ նյութեր և տեղեկություններ' միաժամանակ հայտնելով իրենց պատրաստակամությունը' անհրաժեշտության դեպքում ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերն ու ողջ տեղեկատվությունը:

Մասնավորապես, ներկայացվել են դատարանում Ս. Հովակիմյանի տված գրավոր ցուցմունքի պատճենը, որով վերջինս մանրամասն նկարագրել է իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կիրառած բռնությունները, ինչպես նաև դատարանում քննվող գործին կցված, Ս. Հովակիմյանի հայր Բենիամին Հովակիմյանին հարցման ենթարկելու մասին արձանագրության պատճենը, որով վերջինս հաստատել է Ս. Հովակիմյանին մինչև 2010թ. փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում երկու անգամ ապօրինի ոստիկանության Կենտրոնական բաժին «տանելը», նրա նկատմամբ բռնություններ և այլ ապօրինություններ կիրառելու փաստերը:

Ներկայացվել են նաև գործին կցված, Ս. Հովակիմյանի քրոջ ամուսին Կարեն Զոհրաբյանին և Ս. Հովակիմյանի ընկեր Մհեր Կարապետյանին հարցման ենթարկելու արձանագրությունների պատճենները, որոնցից Կ. Զոհրաբյանը նույնպես հաստատել է երկու անգամ ապօրինաբար Ս. Հովակիմյանին ոստիկանության Կենտրոնական բաժին տանելու փաստը, իսկ Մ.Կարապետյանը հայտնել է, որ գողությունը կատարելու իբր կասկածանքով իրեն 2010թ. հունվարին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որից հետո բերել են նաև Ս. Հովակիմյանին:

Ս. Հովակիմյանին 2010թ. հունվարի 11-ին ոստիկանություն տանելու փաստը հաստատում են ոչ միայն նշված անձինք, այլև «Մոսկվա» կինոթատրոնի աշխատակիցների կողմից դատարանում քննվող քրեական գործի քննության ընթացքում տրված ցուցմունքները:

Ներկայացվել են նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ուղղված, Ս. Հովակիմյանի խցակիցների հայտարարությունները, որոնք հայտնել են, որ բանտախուց բերվելուց հետո Ստեփան Հովակիմյանը մի քանի օր անընդհատ բողոքում էր գլխի, մեջքի և ոտքերի ցավերից և պատմել է, որ իրեն ծեծել են Երևանի քաղաքային վարչությունում ու ստիպել ընդունել, որ ինքն է կատարել «Մոսկվա» կինոթատրոնի գողությունը:

Չնայած այդ նյութերի և տեղեկատվության տրամադրմանը, իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերը տրամադրելու պատրաստակամությանը, ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, այնպես էլ ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությունը բացարձակապես որևէ «հետաքրքրասիրություն» չեն ցուցաբերել այդ ամենին, չեն հարցրել նույնիսկ, թե ինչ նյութեր են գտնվում Ս. Հովակիմյանի ու պաշտպանի տրամադրության տակ, այլ որպես վերջին ճշմարտություն ընդունելով ոստիկանների բացատրությունները' ուղղակի հրաժարվել են պատշաճ քննություն իրականացնելու իրենց պարտականությունը կատարելուց:

«Ոստիկանների թույլ տված խախտումներով «զբաղվելու» իրավասություն ունեցող երկու պետական մարմին' ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ֆուտբոլ են խաղում Ս. Հովակիմյանի նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ հաղորդման հետ, ՆԱ վարչությունը գրությամբ հայտնում է, որ կասեցնում է ծառայողական քննությունը, քանի որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ վերջինս էլ քրեական գործ հարուցելը մերժելու որոշման հիմքում դնում է բացառապես ծառայողական քննության ընթացքում ոստիկանների տված սուտ բացատրությունները»,- նշվում է Բենիամին Հովակիմյանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Այս ընթացքում խոշտանգումներով կորզված «ինքնախոստովանական» ցուցմունքի հիման վրա Ս. Հովակիմյանն ու նրա ընկեր Վ. Քերոբյանը շարունակում են մնալ նախնական կալանքի տակ (Ս. Հովակիմյանը կալանքի տակ է գտնվում 2010թ. փետրվարի 6-ից, իսկ Վ.Քերոբյանը' 2010թ. մարտի 12-ից):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter