HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենգավիթում վթարված ջրագծի փոխարեն նախատեսվում է կառուցել նորը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Ձորաղբյուր – ԵրՀԷԿ» ջրաղբյուրից դեպի Շենգավիթ ձգվող 700մմ տրամագծով խողովակաշարը Երևանյան լճի հարակից տարածքում վթարվել է՝ տալով վայրկյանում 130 լիտրից ավել հոսակորուստ: Որպես հետևանք՝ նշված վարչական շրջանում խաթարվել է ջրամատակարարման գործող ռեժիմը, և, չնայած ընկերության կողմից այլընտրանքային խողովակաշարերով ջրի լրացուցիչ քանակի վերուղղմանը դեպի Շենգավիթ, համայնքում զգացվում է ջրի անբավարարություն՝ հատկապես շենքերի վերին հարկերում:

Վթարի պատճառը կազմակերպությունների և քաղաքացիների կողմից  խողովակաշարի հետագծի վրա տարիներ շարունակ ապօրինաբար կատարված շինարարական ու կենցաղային աղբի լիցքն է, որի ծանրության տակ ի վերջո ճզմվել է խողովակաշարը:

Արդեն երկու օր է, ինչ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները վթարի վայրում են, անում են հնարավորը վթարը արագ վերացնելու և քաղաքացիների բնականոն ջրամատակարարումը վերականգնելու նպատակով։ Ջրագիծը գտնվում է մոտ 9 մետր խորության տակ, ինչը դժվարացնում է աշխատանքները։ Նաև տարածքն է լայնածավալ աշխատանքի համար անհարմար. հնարավոր չէ միանգամից բազմաքանակ շինտեխնիկա աշխատեցնել, հողի լիցքի կտրուկ թեքությունն իր հերթին վտանգում է տեխնիկայի անվտանգ աշխատանքը: 

Միաժամանակ, հաշվի առնելով, որ տվյալ ջրագծի հետագա շահագործումը պարզապես անհնարին է, «Վեոլիա Ջուր» ընկերությունը դիմել է քաղաքապետարան նոր ջրագիծ կառուցելու թույլտվության համար, իսկ մինչ այդ արագացված տեմպերով կազմվում է նախահաշիվ - նախագիծ, որպեսզի արդեն առաջիկայում սկսվի այլընտրանքային խողովակաշարի կառուցումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter