Հայկ Մարությանը Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ուղեկցությամբ այսօր այցելել է համայնքային դպրոցներ ու մանկապարտեզներ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ուղեկցությամբ այսօր այցելել է համայնքային դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ երկրաշարժից հետո նկատվել են որոշակի խնդիրներ։
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ շրջայցին մասնակցել է նաև փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, վարչական շրջանների ղեկավարներ։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը հավաստիացրել է, որ դպրոցների ու մանկապարտեզների կրող պատերն անվտանգ են. «Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի զարգացման տեսքով, որոշակի տեղերում ծեփերը թափվել են, իսկ կրող կոնստրուկցիաների վրա որևէ ազդեցություն չի թողել: Տեղերում խորհուրդ ենք տվել մաքրել ծեփերը, ինչից հետո շահագործման համար միանշանակ անվտանգ կլինեն»:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ խնդիրը պահանջում է համակարգային լուծում։ Քաղաքապետարանն իր մասով արդեն սկսել է աշխատանքները․ հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ, ևս վեցը կհիմնանորոգվի այս տարի։ Բացի այդ էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, որից երկուսում աշխատանքներն մեկնարկել են։
Երկուշաբթի օրը բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կընդունեն երեխաներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել