HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մաքսային պետական կոմիտեի նախկին պաշտոնյան 3 անգամ արդարացվել է, իսկ դատախազությունը շարունակում է բողոքարկել դատավճիռը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այլևս քրեական գործեր քննող դատավոր չկա, որն արդարացրած չլինի Մաքսային պետական կոմիտեի Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանին։  Վերջինս 2020 թ. դեկտեմբերի 16-ին երրորդ անգամ է արդարացվել, սակայն դատախազությունը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել և պահանջում է Ղուլյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Հատկանշական է, որ Ղուլյանի դեմ ցուցմունք տված առանցքային վկային հարցեր տալու իրավունքից նա զրկված է եղել, այսինքն՝ նրա հակընդդեմ  հարցման իրավունքը չի ապահովվել։ Ինչպես նաև անձը, որն, ըստ քրեական գործի, Ա․ Ղուլյանին անձամբ կաշառք է տվել, հայտնում է, որ իրենից կաշառք վերցրած պաշտոնյան Ղուլյանից ավելի բարձրահասակ ու ավելի գեր է եղել:

Այսպես2007թ հոկտեմբերին Գլխավոր դատախազության քննչական վարչությունում գործարար Հովսեփ Ներսիսյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածով։ Արտուշ Ղուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն նա դիմել է փախուստի։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 22-ի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Նույն օրը Ղուլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ԱՂուլյանին հնարավոր չի եղել հայտնաբերել։ Մեկ տարի անց՝ 2008 թ մայիսի 30-ին, վարույթն իրականացնող մարմինը որոշել է կասեցնել նրա վերաբերյալ գործի քննությունը՝ մինչև Ղուլյանին հայտնաբերելը։

8 տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո՝ 2015 թ․-ին, Ղուլյանը կամովին ներկայացել է ոստիկանություն, վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել, կալանավորել է։ Երեք ամիս անց գործն ուղարկվել է դատարան և առ այսօր ԱՂուլյանի գործով դատաքննությունը չի ավարտվել։

2015 թ․-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանի որոշմամբ Ղուլյանն արդարացվել է։ Դատախազությունը  դատական ակտը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Բողոքը մասնակի բավարարվել է, և գործը նորից ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Երկրորդ  դատաքննության արդյունքում ևս, դատավոր Սամվել Մարդանյանի որոշմամբ Ա Ղուլյանն արդարացվել է։ Դատախազությունը բողոքարկել է դատական ակտը, վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է, և Ղուլյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման։

Այս անգամ որոշումը պաշտպանական կողմն է բողոքարկել, և Վճռաբեկ դատարանը, մասնակի բավարարելով բողոքը, գործը նորից ուղարկել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Գործի քննությունը սկսվել է 2019-ի հունիսին, և 2020-ի դեկտեմբերին, ինչպես արդեն նշեցինք, Ղուլյանը կրկին արդարացվել է՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի որոշմամբ։ Առաջիկայում, Վերաքննիչ դատարանը այս դատական ակտի դեմ կքննի դատախազության երրորդ բողոքը։

Կաշառք տալու մասին հաղորդում ներկայացնելու հանգամանքները

Առաջին ատյանի դատարանները դատաքննությամբ հաստատված են համարել, որ գործարար Հովսեփ Ներսիսյանը 2004-2007թթ «Նիկ ընդ սոն» ՍՊԸ-ի միջոցով իրականացրել է եվրոպական արտադրության օծանելիքի ներմուծում Հայաստան և դրա մանրածախ ու մեծածախ վաճառք: Այդ հարցում նրան օգնել է եվրոպական արտադրողների հետ կապեր ունեցող Գևորգ Ազատյանը, որը զբաղվել է օծանելիքի խմբաքանակների պատվիրման հարցով: 2007թ․-ի սկզբներից, օծանելիքի մաքսազերծման ծախսերը նվազեցնելու նպատակով, ներմուծվող օծանելիքի մաքսազերծումն ու փաստաթղթավորումը իրականացրել են «Ամալյա Ադամյան» ԱՁ-ի միջոցով, որի ներկայացուցիչը և փաստացի ղեկավարը հանդիսացել է Գագիկ Մելիքսեթյանը:

2007թ. օգոստոսին Գևորգ Ազատյանը մեկնել է ԱՄՆ` մշտական բնակության, իսկ նրա փոխարեն տվյալ աշխատանքներում ներգրավել է նրա եղբայրը` Տիգրան Ազատյանը: 2007թ. հոկտեմբերի 10-ին օծանելիքի հերթական խմբաքանակը հասել է Թբիլիսի, և հաջորդ օրը Հովսեփ Ներսիսյանը և Տիգրան Ազատյանը մեկնել են Բագրատաշեն` Գագիկ Մելիքսեթյանի միջոցով բեռի մաքսազերծումը կատարելու նպատակով: Գ Մելիքսեթյանը հրաժարվել է բեռի մաքսազերծումն իրականացնելուց` պատճառաբանելով, որ հարկային մարմինների հետ խնդիրներ են առաջացել և այլևս չի ցանկանում զբաղվել տվյալ գործունեությամբ: Գործընկերները մեկնել են Երևան, փորձել հարցը կարգավորել Մաքսային պետական կոմիտեում, սակայն չի հաջողվել և վերադարձել են Բագրատաշենի մաքսակետ:

Բարձրանալով մաքսակետի երկրորդ հարկ, աշխատասենյակներից մեկի բաց դռնից, որի մի կողմում գրված է եղել «Պետի տեղակալ Ա. Ղուլյան», մտել են ներս և այնտեղ գտնվող անձին ներկայացնելով հարցը` խնդրել են իրենց օգնել: Նրանց խորհուրդ է տրվել մոտենալ երկու ժամից: Հետագայում նրանց բացատրել են, որ Գագիկ Մելիքսեթյանը դիմումով պետք է հրաժարվի բեռից, իսկ իրական տերը դարձյալ դիմումով հայտնի, որ բեռն իրեն է պատկանում, բեռնափոխադրող ընկերությունից փաստաթուղթ ներկայացվի, որ բեռը սխալմամբ այլ մարդու անունով է ներկրվել, կարգավորվեն հաշիվ ապրանքագրերը և փաստաթղթերը ներկայացվեն մաքսակետ, որից հետո կկատարվի բեռի մաքսազերծումը:

Նշված փաստաթղթերը ներկայացվել են հոկտեմբերի 14-ին, և մաքսազերծումը կատարվել է։ Երևան մտնելուց հետո ոստիկանության աշխատակիցները բեռով բարձված ավտոմեքենան կանգնեցրել են, և բեռը զննելու համար տեղափոխել ոստիկանություն: Այն զննելուց հետո որևէ խախտում չի հայտնաբերվել, և բաց է թողնվել: Սակայն մինչ այդ, Հովսեփ Ներսիսյանը, Տիգրան Ազատյանից տեղեկանալով, որ բեռը տանում են ոստիկանություն` ներկայացել է այնտեղ և հաղորդում տվել, որ Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանը բեռը մաքսազերծելու համար 5250 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել և ստացել:

Տիգրան Ազատյանը գործի նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ Ղուլյանն իրենցից «մաղարիչ» է ուզել, ասել, որ հարցը բարդ է, և առանց կոմիտեի նախագահի թույլտվության միայն այդ գումարով կլուծվի։ Ըստ Ազատյանի ցուցմունքի՝ Հովսեփը ստիպված համաձայնել է, հետո մեքենայից գումարը վերցրել են, ինքը մնացել է Ա Ղուլյանի աշխատասենյակի մոտ, իսկ Հովսեփը մտել է ներս, մոտ 10-15 րոպեից դուրս եկել և ասել, որ գումարը տվել է Ա․ Ղուլյանին։

Փորձում են քողարկել վարույթն իրականացնող մարմնի անփութությունը

«Հետք»-ի հետ զրույցում Արտուշ Ղուլյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը գործի քննության վերաբերյալ մի շարք հանգամանքներ է մատնանշում՝ պնդելով, որ վարույթն իրականացնող մարմինն անփութություն է դրսևորել և Ղուլյանին անհիմն մեղադրանք է առաջադրել։

Քրեական գործում հստակ նշված է, թե որ օրը և որ ժամին է տրվել ենթադրյալ կաշառքը։ Ղուլյանը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ այդ օրը և այդ ժամին ինքն աշխատանքի վայրում չի եղել, գտնվել է բարեկամուհու ծննդյան արարողությանը։ Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան են հրավիրվել նույն արարողությանը մասնակցած անձինք ու դրա վերաբերյալ ցուցմուքներ տվել։ Մելքոնյանի խոսքով՝ իրենց միջնորդել են նաև միջոցներ ձեռնարկել և ալեհավաքների միջոցով պարզել, թե Ղուլյանի հեռախոսահամարը տվյալ օրը և ժամին ինչ ալեհավաքով է սպասարկվել, սակայն կապի օպերատորներից պատասխան է ստացվել, որ այդ տվյալները  պահպանված չեն։

«ԱՂուլյանը որտեղի՞ց պիտի իմանար, թե որքան են պահպանվում այդ տվյալները, որ համառորեն պնդում էր միջնորդությունը»,- ասում է պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Արտուշ Ղուլյանը մտերիմների շրջանում հայտնի է «Արթուր» անունով։ Արմեն Մելքոնյանի խոսքով, հատկանշական է, որ հաղորդում տված անձը, որն ըստ քրեական գործի տվյալների, առաջին անգամ էր առնչվում նրա հետ, հանցագործության մասին հաղորդում ներկայացնելիս գրել է, որ Արթուր Ղուլյանին է կաշառք տվել։ Նա  հետագայում ուղղել և ասել է, որ խոսքն  Արտուշ Ղուլյանի մասին է։

Հետաքրքիր է նաև Ներսիսյանի բացատրությունն այն մասին, թե ինչու է որոշել հաղորդում ներկայացնել։ Մասնավորապես, Մելքոնյանի խոսքով, Ներսիսյանը հայտնել է, որ երբ արդեն կաշառքը տվել և մաքսակետից դուրս են եկել, ինքը  տեսել է, որ գումարի վերաբերյալ իրենց տեղեկանք չեն տվել, ուստի մտափոխվել ու որոշել է գնալ, հաղորդում ներկայացնել։

«Սա անտրամաբանական է։ Մեծ բիզնեսի տեր մարդը չգիտի՞, որ կաշառքի դեպքում տեղեկանք չեն տալիս»,- դիտարկում է Արմեն Մելքոնյանը։

Վերջինս նաև ընդգծում է, որ երբ 6-րդ վարչությունը օծանելիքով մեքենան տարել է ոստիկանություն ու ստուգել, որևէ խախտում չի հայտնաբերվել։

«Եթե ո՛չ քանակի, և ո՛չ որակի շեղում չկա, ինչո՞ւ պետք է անձը կաշառք տված լիներ։ Եթե ոչ մի «լավ բան» չեն արել, ինչո՞ւ է տվել 5250 դոլար կաշառքը»,- հարց է բարձրացնում պաշպանը։

ԱՂուլյանը ծառայության ընթացքում մեկ-երկու անգամ է համազգեստ կրել՝ երբ մաքսակետ է եկել Հանրապետության նախագահը։ Դրա մասին վկայել են նաև մաքսատան աշխատակիցները։ Պաշտպանի խոսքով՝ պարտադիր չէ, որ մաքսակետի պետն ու տեղակալը մաքսավորի համազգեստ կրեն։ Ենթադրյալ կաշառք տալու օրը Հանրապետության նախագահը մաքսակետ չի գնացել, բայց կաշառքի վերաբերյալ ցուցմունք տված անձինք հայտնել են, որ իրենք մաքսավորի համազգեստ կրող անձի են կաշառք տվել։

Պաշտպանի խոսքով՝ Ղուլյանին լուսանկարով ճանաչման չեն ներկայացրել, Ներսիսյանը նախաքննության ընթացքում դեպքի վայրը ցույց չի տվել, իսկ դատարանում հայտարարել է, որ իրենից ենթադրյալ կաշառք վերցրած անձն ավելի գեր ու ավելի բարձրահասակ է եղել։

«Նա ասում է, որ ես ինչ-որ մեկին տվել եմ կաշառք, բայց այդ անձը Արտուշ Ղուլյանը չէ, սակայն, չգիտես ինչու, վարույթ իրականացնող մարմինը որոշել է, որ Ղուլյանն է փորձում են իրենց սխալները քողարկել՝ անպայման դատավճիռ ունենալու հույսով։ Եթե իրենք ժամանակին հաղորդում ներկայացրած անձին բերեին և լուսանկարով ճանաչում կազմակերպեին, կպարզեին, արդյոք, ա՞յդ անձին է տրվել կաշառքը»,- դիտարկում է Արմեն Մելքոնյանը։

Պաշտպանը նշում է, որ մաքսակետում որտեղ Ղուլյանի աշխատասենյակն էր, երկու դուռ  կա, որոնց մեջտեղում գրված է եղել «պետի տեղակալ Ա Ղուլյան»։ Կաշառք տալու վերաբերյալ հաղորդում ներկայացրած Ներսիսյանը չի հիշում՝ ինքն աջ դռնով է մտել, թե՞ ձախ, իսկ ցուցանակի գրվածը կարող է վերաբերել և՛ աջ, և՛ ձախ դռանը։ Պաշտպանը Ներսիսյանին հարցրել է՝ անձին, ում կաշառք է տվել, դիմե՞լ է Արտուշ Ղուլյան անուն, ազգանունով, նա պատասխանել է, որ չի դիմել։

Պաշտպանը նաև շեշտում է, որ հաղորդում ներկայացնելիս ենթադրյալ կաշառք տվող անձը նշել է, որ տվել է 5250 ԱՄՆ դոլար, իսկ ընկերը՝ Ազատյանն ասել է, թե 5000 դոլար են տվել։

«Անձը մի ցուցմունք է տվել, որը տարբերվում է գործընկերոջ ցուցմունքից, բայց նրան տարիներով չեն կանչել հարցաքննության»,- ասում է Մելքոնյանը։

Նշենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Հովսեփ Ներսիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ ենթադրյալ կաշառքը տալու մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնելու հիմքով։ Տիգրան Ազատյանի կողմից ենթադրյալ հանցավոր արարք կատարելու վերաբերյալ քննություն է տարվել, սակայն Ազատյանին մեղադրանք չի առաջադրվել, նա հնարավորություն է ունեցել մեկնելու Ռուսաստանի Դաշնություն։ Տարիներ անց, 2015 թ․-ին ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի մաքսանենգության հանցավոր արարքներ կատարելու համար Ազատյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, քրեական պատասխանատվությունից ազատել՝ նրան վերագրվող արարքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Արմեն Մելքոնյանն ասում է, որ առ այսօր պաշտպանական կողմը զրկված է եղել Տիգրան Ազատյանին հարցեր տալու իրավունքից, պետությունը միջոցներ չի ձեռնարկել՝ իրենց հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելու համար։

«Ասում էին, որ Ազատյանը Ռուսաստանի Դաշնությունում է, բայց մեր միջնորդությամբ հարցում է կատարվել և պարզվել, որ նա դատաքննության ընթացքում եղել է Հայաստանում»,- ասաց Արմեն Մելքոնյանը։

Պաշտպան Մելքոնյանն այս գործը բացառիկ է համարում

«Չեմ կարծում, որ կա ուրիշ երկիր, որտեղ մարդուն երեք անգամ կմեղադրեն ու 7 տարվա ընթացքում երեք անգամ նա կարդարացվի։ Տավուշի մարզում այլևս քրեական գործեր քննող դատավոր չկա, որ այս գործը քննի։ Երեք դատավորներն էլ արդեն համարել են, որ եղած ապացույցներով Արտուշ Ղուլյանն անմեղ է, և արդարացրել են։ Վերաքննիչ դատարանը, եթե այս անգամ էլ բեկանի դատավճիռը, ապա գործը պետք է այլ մարզում կամ Երևանում քննվի»,- ասում է Արմեն Մելքոնյանը։ Պաշտպանը նշում է, որ Ղուլյանն իր կյանքի տևական հատվածը, փաստացի, այս դատական պրոցեսների վրա է վատնել, այնուամենայնիվ, այդ գործընթացը չի ավարտվում, հայտնի էլ չէ, թե երբ կավարտվի։

«Մարդը ուրիշ գործով զբաղվելու իրավունք չունի՞։ Արդեն սպառել է ուժերը, պարզ ասեմ՝ անգամ փաստաբան վարձելու միջոց չունի։ Ի՞նչ, հանձնվի՞, ասի՝ ինձ մեղավոր ճանաչե՞ք, եթե այն ժամանակ մեղավոր ճանաչած լինեիք, արդեն պատիժս կրած կլինեի։ Միակ տարբերակը, փաստորեն, այդ է։ Մի տեղ պետք է վերջակետ դրվի, մարդը չի կարող ամբողջ կյանքում պայքարել ապացուցելու համար, որ ինքը կաշառք չի վերցրել»,- վրդովված ասում է Արմեն Մելքոնյանը։ Վերջինս նշում է, որ Ղուլյանը Երևանում է ապրում, այս տարիների ընթացքում տասնյակ անգամներ գնացել են Տավուշի մարզ՝ դատական նիստերի, դրանք հաճախ ուշ ժամի են վերջացել։ Ձմռան ամիսներին երբեմն ստիպված են եղել մնալ հյուրանոցներում։

Դիմել են դատախազություն՝ Ղուլյանի գործի հանգամանքների վերաբերյալ դատախազից ևս մեկնաբանություն ստանալու ակնկալիքով։ Դատախազությունից հակիրճ պատասխանել են, որ թեև դատարաններն արդարացրել են ԱՂուլյանին, իրենք համարում են, որ գործում առկա ապացույցները բավարար են՝ Ղուլյանին մեղավոր ճանաչելու համար։

Նշենք, որ քրեական գործի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն է տվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Վերջինս գրել է, որ այս գործով Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել այն ժամանակ, երբ բեկանել է Արտուշ Ղուլյանին 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

«Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի պնդման հետ և արձանագրում, որ թեև վկա Տ. Ազատյանի նախաքննական ցուցմունքը միակը չի եղել, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը մեղավոր է ճանաչել Ա. Ղուլյանին, սակայն այն վճռորոշ է եղել վերջինիս մեղավոր ճանաչելու հիմքում դրվող ապացուցողական զամբյուղում: Մասնավորապես, վկա Տ. Ազատյանի ցուցմունքն այն առանցքային փաստական տվյալներից է, որն ունի որոշիչ նշանակություն ամբաստանյալ Ա. Ղուլյանի մեղավորությունը հիմնավորելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու հանգամանքների համատեքստում ևս գնահատման չի ենթարկել հակակշռող գործոնների, ընդհանուր առմամբ քրեական վարույթի արդարացիության ապահովման երաշխիքների առկայությունը` վկա Տ. Ազատյանի նախաքննական ցուցմունքի օգտագործման դեպքում։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Ա. Ղուլյանի կողմից վկա Տ. Ազատյանին գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի սահմանափակման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն»:

Փաստորեն, ծագած իրավական վեճի շուրջ դատարանների միջև եղած անհամաձայնության արդյունքում, ամբաստանյալ Արտուշ Ղուլյանը ստիպված է տարիներ շարունակ արդարության հասնելու համար պայքարել դատարաններում»,- գրել է Ինեսսա Պետրոսյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter