HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անկախ պատգամավորները կարող են խումբ ձևավորել. նոր նախագիծ

Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանն առաջարկում են հնարավորություն ընձեռել խմբակցության կազմից դուրս եկած պատգամավորին խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ խումբ կազմելու: Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում:

Գործող օրենքով պաատգամավորն իրավունք ունի դուրս գալ խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր: Սակայն օրենքը հնարավորություն չի տալիս ընդգրկվել հանձնաժողովում (իր նախկին խմբակցությունը կարող է փոխարինել վերջինիս մեկ այլ պատգամավորով) կամ բարեկամական խմբում:

Պատգամավորներն առաջարկում են օրենքում կատարել լրացում, որով պատգամավորը իրավունք կունենա ոչ միայն դուրս գալու խմբակցությունից, այլև խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ խումբ կազմելու:

Ըստ հեղինակների՝ սրանով միջոց կստեղծվի ունենալ հատուկ կարգավիճակ և նշված անձանց կողմից աշխատանքները կկատարվեն համատեղ, համակարգված, ինչն առավել արդյունավետ է:

Նախագծի համահեղինակ Սերգեյ Բագրատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա խմբակցություններից դուրս եկած պատգամավորներին համատեղ նախագծեր մշակել, միասին քվեարկել, ձևավորել խումբ, որտեղ հավաքական կարծիքներ կլինեն: Ըստ Բագրատյանի՝ այդ տարբերակով անկախ պատգամավորները կարող են շատ ավելի արդյունավետ աշխատել՝ միավորելով ջանքերը: Բագրատյանը նաև ընդգծեց՝ կա հանրային պահանջ ուղղված իշխանություն-ընդդիմություն դիսկուրսից դուրս, ուստի անկախ պատգամավորների խումբը կարող է նոր գաղափարներ առաջարկել հանրությանը:

Նախագիծը քաղաքական մեծամասնության պատգամավորների հետ դեռ չեն քննարկել, սակայն հեղինակները խոսել են «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հետ: Հիշեցնենք, որ թե՛ Բագրատյանը, թե՛ Տիգրան Ուրիխանյանը դուրս են եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: 3 խմբակցություններից դուրս եկած պատգամավորներ էլ կան, սակայն գերակշռում են «Իմ քայլ»-ից դուրս եկածները: Այս պահին խմբակցություններում չընդգրկված ութ պատգամավոր կա, որոնցից հինգը նախկին իմքայլական են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter