HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնը և ապակենտրոնը մշակույթում

Նանոր Պետրոսյան, «Թեք տեղ» անդամ    

Դժվար է խոսակցություն բացել մշակույթի, արվեստի և  դրա կառավարման ձևերի մասին, երբ երկիրը նոր է պատերազմից դուրս եկել, չհաշված կորոնավիրուսն ու  իր մարտահրավերները, որոնք ծնկի են բերել աշխարհի հարուստ երկրներին, էլ ուր մնաց՝ մեզ։ Ես չէի գրի (քանի առանց այն էլ շատ աղմուկ է, և կենտրոնացած աշխատելը գտնում եմ լավագույն դիրքավորումը), եթե փետրվարի 5-ին «Հետքի» հրապարակված լուրն ընթերցած չլինեի։

Սույն թվականի փետրվարի 5-ին ԿԳՄՍ նախարար պրն Դումանյանը հանդիպել էր կոմպոզիտորների հետ, խոսել Արցախում և մարզերում համերգների կարևորության մասին։

Մեջբերում եմ «Հետքի» լուրից հատված՝ «…Խոսելով երաժշտական կյանքի ակտիվացման մասին՝ Վահրամ Դումանյանը ներկաներին հորդորել է այցելել սահմանամերձ մարզեր, համայնքներ և Արցախ: Նախարարը համոզմունք է հայտնել, որ այժմ առավել, քան երբևէ սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցները մշակույթին հաղորդակցվելու կարիք ունեն, և բոլոր ջանքերը պետք է ուղղել մարզային համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանն ու գեղարվեստական կրթության զարգացմանը: Գերատեսչության ղեկավարն առաջարկել է արդեն իսկ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ՝ ձևավորելով  հստակ ժամանակացույց և համապատասխան ծրագրեր»։ Մի այլ հատվածում էլ ասվում է՝ «…Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է ոլորտի կարևոր, ռազմավարական խնդիրներին՝ մշակույթի ապակենտրոնացմանը, գեղարվեստական կրթությանը, ստեղծագործական խմբերում՝ արվեստագետ-գործատու, սերնդափոխությանը և մասնագիտական այլ  հարցերի»:

Այս երկու մեջբերումներից կարելի է հասկանալ, որ սա է լինելու նախարարության նոր (կամ հին) քաղաքականությունը։

Սակայն, այստեղ կա խզում։ Նախարարը, հանդիպելով երևանաբնակ առաջին դեմքերի հետ, հորդորում է նրանց մեկնել մարզեր։ Այսինքն` կենտրոնից դեպի մարզ, որն ամենևին ապակենտրոն քայլ չէ, հակառակը՝ ամրապնդում է կենտրոնի գերակայությունը։

Դեռևս հեղափոխությունից հետո նախարարությունում սկսեցին կենտրոնախույս, ներառական ծրագրեր, որը հույս էր ներշնչում, թե մշակութային դաշտը կազատականանա, մշտապես «էպիկենտրոնում» գտնվող հիմնարկություններից, արտիստներից բացի՝ տեսադաշտում կհայտնվեն նաև այլք։

Սակայն 2019 թվականի երկրորդ կեսից դադարեցին ռեֆորմները։ Կցմցված նախարարությունը, ծանրաքաշությունից զատ, նաև սկսեց փակել իր կիսաբաց դռները։

Արտիստների մարզային հյուրախաղերը մեզ համար նոր չեն, մեծահասակները կհիշեն, որ  սովետական տարիներին մշակութային գործիչները հյուրախաղերով հանդես էին գալիս մարզերում, ինչպես նաև՝ գյուղերում։ Անկախ Հայաստանում, եթե մարզկենտրոններում  թույլ  ակտվիություն կա, ապա  գյուղերի մշակութային կյանքը պասիվ է, նույնիսկ կհամարձակվեմ ասել՝ ընդհանրապես չկա։ Սա տարիներ շարունակ մշակութային կենտրոնաձիգ քաղաքականության արդյունք է, երբ բոլոր քայլերը երևանաբնակ կամ Երևան տեղափոխված արտիստների, խմբերի կյանքի աշխուժացմանն են միտված՝ հազարերոդական պլան գցելով մարզային արտիստին, խմբերին։

2018-ին, այն ժամանակ մշակույթի  նախարար Լիլիթ Մակունցին թատերագետ Արա Նեդոլյանը և ես ներկայացրինք փոփոխություններին միտված առաջարկներով թուղթ։ Ամենևին փառասեր չեմ այնքան, որ կարծեի, թե մեր բոլոր առաջարկները պետք է ընդունվեին կամ ճիշտ էին։ Պարզապես կուզեի ասել, որ նման կետ կար և մենք հաշվարկ էինք արել, թե նման ծրագիրը, որտեղ շահառու են թե՛ մարզային արտիստը, թե՛ մարզային քաղաքացին, ինչքան կարժենա պետության համար։

Չեմ ուզում բոլոր թվերը շարել այս հոդվածում, միայն ասեմ, որ մեր հաշվարկով՝ մարզային  44-48 արտիստ, 10 մարզերի և Արցախի հյուրախաղերը Հայաստանի այլ մարզերով  ամսական կկազմեն 20-22 մլն դրամ, յուրաքանչյուր մարզը՝ 2-2,5 մլն դրամ։ Այս գումարը ներաում է ճանապարհածախսը, հյուրընկալման գումարը և արտիստների աշխատավարձերը՝ հարկերը ներառյալ, բայց ոչ՝ կազմակերպչական ծախսերը։ Կարծում եմ՝ մշակույթի նախարարությանը կարող են օգնել մարզպետարանների մշակութային բաժինները, ինչպես նաև համայնքապետերը։

Այդ միջոցառումները չպետք է լինեն բարդ տեխնիկայով, ծանր դեկորացիաներով։ Փոքր խմբեր (առավելագույնը՝ 3 հոգի) կարող են մանկապարտեզի կամ գյուղապետարանի սենյակում հանդես գալ ջազային տրիո խմբով, մանկական ներկայացմամբ, պարային համարով կամ որևէ ֆիլմի ցուցադրությամբ։ Եվ, իհարկե, որոշ համայնքներ ձմռան ամիսներին ուղղակի  դժվար կլինի հասնել՝ եղանակային պայմաններից ելնելով։

Վստահ եմ, որ նման ծրագիրն էապես կնպաստի քաղաքացիների մշակութային կյանքի և մարզային արտիստի գործունեության խթանմանը։ Եվ սա է ապակենտրոնը, ո’չ Երևանում արդեն իսկ կայացած արտիստի՝ տարվա կտրվածքով մեկ-երկու հյուրախաղը որևէ մարզում (կամ թե ինչու՞ պետք է երևանաբնակ, արդեն իսկ ինչ-որ չափով հանրահայտ ստեղծագործողը հանդիպի մարզային հանդիսատեսի հետ, իսկ մարզային արվեստագետը մնա անծանոթ իր իսկ մարզի բնակիչներին)։

Միգուցե բծախնդրություն կամ չարախոսություն թվա այս հոդվածը, քննադատությունը առանց այն էլ ամեն կողմից հարված ստացող իշխանությանը։ Նման միտում չունեմ։ Ուղղակի համարում եմ, որ  հաջողության ամենակարևոր կետերից մեկը խոսույթի և արարքի ճիշտ համադրումն է։ Ու հիմա, առավել քան երբևէ, ինստիտուցիոնալ բացթողումներն անթույլատրելի են։ Համարում եմ, որ բոլորիս քայլերը պետք է միտված լինեն կառուցողականությանը և իրավիճակի բարելավմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter