Հնարավոր է պարտքերի տակ ընկնեք` զանգահարելով անձնագրերի եւ վիզաների վարչություն
Զանգահարելով «Սփյուռ» եւ խնդրելով տրամադրել անձնագրերի եւ վիզաների վարչության հեռախոսահամարը` աշխատակցուհիներն անմիջապես տրամադրում են 090007007 հեռախոսահամարը: Ոմանք տեղեկացնում են, որ դա վճարովի հեռախոսահամար է, ոմանք ընդհանրապես հարկ չեն համարում զգուշացնել:
Նշված հեռախոսահամարով զանգահարելիս մեկ րոպեի համար պետք է վճարեք 90 դրամ, իսկ այս մասին չիմացողները կարող են ամսվա վերջում անակնկալի գալ` հաշվին կուտակված պարտքերի պատճառով:
Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունն ունի նաեւ այլ հեռախոսահամարներ, սակայն անհասկանալի է, թե ինչու է տեղեկատուն տրամադրում հենց «թանկանոց» հեռախոսահամարը:
Նշենք, որ 2010թ. ոստիկանության ԱՎ վարչությունում ստեղծվել է 090007007 հեռախոսահամարով տեղեկատվական պորտալ: Նշված հեռախոսահամարին զանգահարելով՝ քաղաքացիները կարող են ստանալ ԱՎ վարչության ոլորտի օրենսդրության եւ այլ հարցերի վերաբերյալ՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով պարզաբանումներ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր խնդրանքով զանգահարել է «Սփյուռ» եւ նրան նույնպես տրամադրել են 090007007 հեռախոսահամարը: Թե ինչու է «Սփյուռը» 090007007 համարը տրամադրում, այլ ոչ սովորական` ոչ վճարովի հեռախոսահամարներ, Աշոտ Ահարոնյանը խոստացավ պարզել վաղը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել