Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Իրաքում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների կողմից Թուրքիայի քաղաքացիների սպանության վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունների պատճառով։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչին։
Ավելի վաղ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Քուրդիստանի բանվորական կուսակցության 48 անդամներ սպանվել են Իրաքի հյուսիսում հակաահաբեկչական գործողության արդյունքում։ Նրա խոսքերով՝ Գարա շրջանի քարանձավներից մեկում հայտնաբերվել են զինյալների կողմից առևանգված Թուրքիայի քաղաքացիների մարմինները։
Թուրքիայում Քուրդիստանի բանվորական կուսակցության գործունեությունն արգելված է։ Երկրի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրում են քրդական կազմակերպությանն աջակցելու մեջ։ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Անկարային իր աջակցության մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ն «ամենավճռական ձևով քննադատում է գործողությունները», բայց եթե հաստատվի Քուրդիստանի բանվորական կուսակցության մեղքը։ Հենց այս դիրքորոշումն էլ քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
2015 թվականի հուլիսին, Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ ռազմական հակամարտության վերսկսումից հետո, քուրդ ապստամբների հարձակումների արդյունքում զոհվել է մոտ 1000 թուրք զինվորական և ոստիկան, ինչպես նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ թուրքական ուժերը չեզոքացրել են ավելի քան 10 000 զինյալների։ Իրաքի հյուսիսում է գտնվում PKK ռազմաբազաներից մեկը, որի դեմ Թուրքիայի ԶՈՒ-ն իրականացնում է օդային և ցամաքային գործողություններ։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել