Չինաստանը դարձել է Եվրամիության գլխավոր առևտրային գործընկերը
Չինաստանը 2020 թվականին դարձել է Եվրամիության գլխավոր առևտրային գործընկերը՝ շրջանցելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Չինաստանի հետ ԵՄ արտաքին առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 586 միլիարդ եվրո, իսկ Միացյալ Նահանգների հետ՝ 555 միլիարդ եվրո։ Այդ մասին երկուշաբթի՝ փետրվարի 15-ին հայտարարել է Եվրոստատը։
Չնայած համավարակի հետ կապված խնդիրներին, 2020 թվականին ԵՄ-ի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության ցուցանիշները կրկին աճել են։ Ընդորում, Չինաստան եվրոպական արտահանումն աճել է 2,2 %-ով՝ հասնելով 202,5 միլիարդ եվրոյի, իսկ Չինաստանից ներկրումն աճել է 5,6 %-ով (մինչև 383,5 միլիարդ եվրո)։ Զուգահեռաբար, նախորդ տարվա ցուցանիշներով, ԱՄՆ եվրոպական արտահանումը կրճատվել է 8,2 %-ով (մինչև 353 միլիարդ եվրո), իսկ ամերիկյան ապրանքների և ծառայությունների ներկրումը կրճատվել է 13,2 %-ով (մինչև 202 միլիարդ եվրո)։
Ինչպես նշում է գործակալությունը, կորոնավիրուսի համավարակից հետո, չինական տնտեսությունն էականորեն արագ է վերականգնվում, քան ամերիկյան տնտեսությունը։ Բացի այդ, Միացյալ Նահանգների հետ առևտրաշրջանառության կրճատումը պայմանավորված է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եվրոպական ապրանքների վրա դրված տուգանքների հետ, որին պատասխանել էր նաև Եվրամիությունը։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել ԵՄ առևտրային բալանսի վրա։ 27 երկրները միասին արտահանել են 1,93 տրիլիոն եվրոյի ապրանք, ինչը 9,4 %-ով ավելի քիչ է, քան 2019 թվականին։ Ներկրման ընդհանուր ծավալները կրճատվել են 11,6 %-ով՝ հասնելով մինչև 1,71 տրիլիոն եվրոյի։
Brexit-ից հետո էականորեն կրճատվել է նաև ԵՄ-Մեծ Բրիտանիա առևտրաշրջանառությունը։ Չնայած Միացյալ Թագավորությունը 2020 թվականի ընթացքում շարունակել է մնալ եվրոպական ներքին շուկայի մաս, ինչպես արտահանումը, այնպես էլ ներկրումը, կրճատվել է ավելի քան 13 %-ով։ Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ ԵՄ երրորդ առևտրային գործընկերը։ Նրան հաջորդում են Շվեյցարիան, Ռուսաստանը և Թուրքիան։
Լուսանկարը՝ Ina Fassbender/Agence France-Presse-Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել