«ՊՊԾ աշխատակիցներն ահաբեկվել են»․ դատախազն ընթերցեց նոյեմբերի 10-ին կառավարության շենք մուտք գործած անձանց մեղադրանքը
Նոյեմբերի 10-ին կառավարության շենք մուտք գործելու դեպքի առթիվ քննությունը դատարանում սկսվել է։ Ամբաստանյալի աթոռին 4 անձ է՝ Սերգեյ Խառատյանը, Հարություն Մերդինյանը, Էդգար Գրիգորյանը և Հայկ Իսկանդարյանը։ Առաջին երեք անձինք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, իսկ Հայկ Իսկանդարյանը բացի այս հոդվածից մեղադրվում է նաև կողոպուտ կատարելու մեջ, ըստ մեղադրանքի՝ կառավարության շենքից դրոշ է վերցրել։ Այս գործով վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տուժող է։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ այն բանից հետո, երբ պարզ է դարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հայտարարության մասին, Երևանում և մարզերում մի խումբ քաղաքացիներ անհնազանդության գործողություններ են իրականացրել, նրանցից ոմանք ի նշան բողոքի մուտք են գործել Կառավարության շենք, մի խումբ անձինք՝ Ազգային ժողով, վարչապետի կեցավայր։ Նույն օրը բռնության է ենթարկվել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Վերը նշված դեպքերի առթիվ քննվող քրեական գործից 2020-ի տարեվերջին 4 քրեական գործ է անջատվել և ուղարկվել դատարան, որոնցից մեկը Խառատյանի, Մերդինյանի, Գրիգորյանի և Իսկանդարյանի վերաբերյալ գործն է։
Փետրվարի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը։
Սերգեյ Խառատյանին վերջին շրջանում հաճախ կարելի էր տեսնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ։ Այժմ կալանավորված է։ Դատարանին հայտնեց, որ նախկինում դատված չի եղել, խնամքին ունի 3 տարեկան անչափահաս երեխա։
Հարություն Մերդինյանը մարմնամարզիկ է, աշխատում է Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում՝ որպես մարզիչ, նա նախկինում դատվածություն չունի։ Ամբաստանյալ Էդգար Գրիգորյանը խնամքին ունի 6 տարեկան երեխա, դատված չի եղել, կալանքի տակ է։ Մյուս մեղադրյալը՝ Հայկ Իսկանդարյանը ևս դատվածություն չունի, բայց դատարան ուղարկված գործում նշված է՝ «նախկինում դատված»։ Վերջինս այս մասին դատարանին տեղյակ պահեց։
Սերգեյ Խառատյանը պատրաստ է փոխհատուցել իր պատճառած վնասը, բայց արարքը զանգվածային անկարգություն չի համարում
Դատական նիստի ընթացքում մեղադրողն ընթերցեց ամբաստանյալներին վերագրվող արարքները։ Ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Խառատյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում մասնակցել է զանգվածային անկարգություններին:
Մասնավորապես Սերգեյ Խառատյանը ռազմական դրության պայմաններում նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, համացանցի միջոցով տեղեկանալով, որ Հայաստանի տարբեր տարածքներում, հատկապես՝ Երևանում գտնվող Կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական այլ վայրերում զանգվածային անկարգություններ են կատարվում, դրանց մասնակցելու նպատակով միացել է կառավարության շենքի դիմաց գտնվող զանգվածային անկարգությունների մասնակիցներին։
Ըստ քրեական գործի՝ բռնի գործողությունների ճնշման տակ կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ահաբեկված աշխատակիցները մի կողմ են քաշվել՝ խուսափելով ակնհայտ ապօրինի գործողություններ կատարող անձանց հետ բախումից: Դրանից հետո Սերգեյ Խառատյանը և մյուս մասնակիցները, չունենալով կառավարության շենք մուտք գործելու իրավունք, անտեսելով հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը, մուտքի դուռը և լուսամուտները կոտրելու միջոցով մուտք է գործել շենք։ Ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Խառատյանը, ժամը 02:45-ի սահմաններում մուտք գործելով ՀՀ վարչապետի ընդունարան, գույքը դիտավորյալ վնասելու և այլ գործողությունները պետական բարձրաստիճան պաշտոնատար անձի աշխատասենյակում շարունակելու նպատակով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամ հարվածել է ՀՀ վարչապետի աշխատասենյակի դռանը, քաշելով պոկել դռան բռնակը, որից հետո դուռը ջարդելով՝ ապօրինի մուտք է գործել աշխատասենյակ, որպիսի գործողությունների հետևանքով խաթարվել է ՀՀ կառավարության և վարչապետի աշխատանքային բնականոն գործունեությունը, դրա համար անհրաժեշտ աշխատանքային պայմանները, ինչպես նաև վտանգվել է հասարակական անվտանգությունը:
Մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս Սերգեյ Խառատյանն ասաց, որ այն իր համար անորոշ է, որ ինքը զանգվածային անկարգությունների չի մասնակցել։ Անդրադառնալով իր մեղադրանքի այն ձևակերպմանը, որ դեպքի օրն ինքը չի ենթարկվել կառավարության շենքի պահպանությունն իրականացնող անձանց՝ Խառատյանը հայտարարեց, որ երբ ինքը մտել է շենք, ոչ մի խոչընդոտի չեմ հանդիպել, ավելին, որևէ իրավապահի չի տեսել։
Խառատյանն ընդունում է, որ ինքը կոտրել է վարչապետի աշխատասենյակի դռան բռնակը․ դա դեպքի օրվանից առկա կադրերում էլ ֆիքսված է։
«Ես սա ընդունել եմ դեռ այն ժամանակ, երբ ոչ մի վկա դեռ չէր հարցաքննվել, ոչ մի նկարահանում համացանցում դեռ չէր հայտնվել, երբ որ ԱԱԾ-ում ինձ դեռ այդ ամենը ինչը ցույց չէի տվել: Ես մեկ օր առաջ վերադարձել էի Լեռնային Ղարաբաղից, և լրատվականով լսելով, այո, գնացել եմ մուտք եմ գործել Կառավարության շենք, բայց նորից եմ ասում այն, ինչը որ հայտնվել էր համացանցում, ինձ համար նույնպես տգեղ էր։ Ես պատրաստ եմ փոխհատուցել այն ամենն, ինչը վնասել եմ իմ գործողությունների հետևանքով»,- ասաց Խառատյանն ու ևս մեկ անգամ հստակեցրեց, որ կան արարքներ, որոնք ինքն արել և ընդունում է, բայց ինքը զանգվածային անկարգություն չի կատարել։
Պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ անգամ իր համար մեղադրանքը պարզ չէ, որովհետև զանգվածային անկարգությունը չի կարող լինել ինքնաբուխ, այն պետք է ունենա կազմակերպիչ, պլանավորվեն որոշակի գործողություններ։
«Զանգվածային անկարգության մասին ենք խոսում, որը արտահայտվում է Խառատյանի կողմից դռանը հարվածելո՞վ։ Դռան հարվածելու մի քանի դեպքեր եղել են վերջին տարիների ընթացքում, բայց դրանցից և ոչ մեկով մենք զանգվածային անկարգության դատավճիռ նույնիսկ չտեսանք»,- դիտարկեց Արամ Վարդևանյանը։
«Պետության համար ամոթ է, որ անզեն ահաբեկել եմ ԱԱԾ աշխատակիցներին»
Էդգար Գրիգորյանն, ըստ մեղադրանքի՝ «ձեռքով ոչնչացնելով կառավարության մուտքի դռան ապակին և վնասելով դուռը, այլոց օգնությամբ դռան բացվածքից առաջինն է ապօրինի մուտք գործել կառավարության շենք և չենթարկվելով այնտեղ ծառայություն իրականացնող ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողնեի օրինական պահանջին՝ շաժվել է առաջ»։
Գրիգորյանի մեղադրանքում ևս նշված է, որ պետական պահպանություն իրականացնող ծառայողներն, ահաբեկված Գրիգորյանի ակնհայտ ապօրինի գործողություններից, բախումից խուսափելու նպատակով մի կողմ են քաշվել, քիչ հետո, վերադառնալով մուտքի դռան մոտ, Էդգար Գրիգորյանը անտեսելով շենքի պահպանությունն իրականացնող անձանց օրինական պահանջը, ներսի կողմից ամբողջությամբ բացել է վնասված դուռը՝ այդպիսով վերացնելով զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների համար կառավարության շենք անարգել մուտք գործելու խոչընդոտը, որտեղ, ըստ մեղադրանքի, Էդգար Գրիգորյանի մասնակցությամբ կատավել են ջարդելով, գույք ոչնչացնելով զանգվածային անկարգություններ:
Էդգար Գրիգորյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ասաց, որ ինքը մուտք է գործել կառավարության շենք, բայց ոչինչ չի ջարդել։
«Պետության համար ամոթ էլ ա, որ ես անզեն ահաբեկել եմ ԱԱԾ աշխատակիցներին, ո՞նց կարան զենքով մարդիկ կանգնած ահաբեկված մի կողմ քաշվեն։ Ես զինված չեմ եղել, որ ահաբկվեն։ Ես չեմ ահաբեկել, մուտք եմ գործել։ Եթե ահակբեվել են կամ վախեցել, ուրեմն դա իրենց կանգնելու տեղը չի: Ինձ չեն էլ փորձել բռնել: Ես չեմ կոտրել, ոչնչացրել, ես տեսել եմ կոտրված ապակի, մուտք եմ գործել: Ներսում ես ոչ թե մասնակցել եմ»,- ասաց Գրիգորյանն ու շեշտեց, որ ինքը հնարավորին չափով կանխել է, որ վարչապետի սեղանից որևէ իր չվերցվի։ Գրիգորյանը նշում է, որ ինքը դա արել է՝ գիտակցելով, որ անկախ նրանից՝ ով է ղեկավարը, նրա սեղանին կարևոր տեղեկություններ պարունակող իրեր կարող էին լինել, որոնք վերաբերում են Հայաստանի անվտանգությանը։
«Ես երեք ամիս է՝ նստած եմ, զարմանում եմ վարչապետը որ մտել ա կաբինետ տեսել ա՝ ամբողջը ջարդված, մի հատ հարց չի՞ տվել մեկին՝ էս ո՞նց ա եղել, որ իմ սեղանը սաղ տեղն ա մնացել, մի՞թե որևէ մեկին էդ հարցը չի հուզել»,- ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ իր միակ «հանցանքն» առանց անցաթղթի կառավարության շենք մուտք գործելն է եղել։
Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը հայտնեց, որ Գրիգորյանին մեղադրանք են առաջադրել առանց պաշտպանի։ Վերջինս մի քանի հարց ուղղեց դատախազին։ Մասնավորապես՝ փորձեց պարզել՝ արդյոք մեղադրանքում առկա «դուռը վնասել» ձևակերպումը ենթադրո՞ւմ է դռան ապակին վնասելու գործողությունը, արդյոք «ապակին ոչնչացնել» ասելով՝ մեղադրանքի կողմը նկատի ունի ամբողջական ապակին ոչնչացնելը, թե՞ արդեն ջարդված ապակու կտորները հեռացնելը։ Ըստ մեղադրանքի՝ «Գրիգորյանի մասնակցությամբ կատարվել են ջարդերով, գույք ոչնչացնելով, վնասելով, բռնություն գործադրելով զանգվածային անկարգություններ»։ Պաշտպանը փորձեց հստակեցնել, թե Էդգար Գրիգորյանը կոնկրետ ի՞նչ գույք է վնասել։ Այս հարցերին դատախազն այս փուլում հստակ պատասխաններ չտվեց՝ նշելով, որ գործի քննության ընթացքում այդ հանգամանքներն առավել մասնարմասն կհետազոտվեն։
Հարություն Մերդինյանն ու Հայկ Իսկանդարյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեցին
Հարություն Մերդինյանն, ըստ մեղադրանքի, զանգվածային անկարգությունների մի խումբ այլ մասնակիցների հետ, չունենալով կառավարության շենք մուտք գործելու իրավունք, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտների պահպանության ռեժիմը, մեկտեղելով իրենց ջանքերը նոյեմբերի 10-ին ժամը 02:40-ի սահմաններում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ ջարդել են կառավարության կենտրոնական մուտքի ձախակողմյան հատվածում գտնվող պատուհանի ապակիները, որից հետո Մերդինյանը և այլոք՝ պատուհանից, իսկ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները՝ տարբեր հատվածներից, մուտք են գործել կառավարության շենք և մասնակցել ջարդելով գույք ոչնչացնելուն։Հարություն Մերդինյանը դիրքորոշում չհայտնեց մեղադրանքի վերաբերյալ, սակայն նշեց, որ մեղադրանք իրեն պարզ է։
Հայկ Իսկանդարյանն, ըստ մեղադրանքի, գտնվելով կառավարության շենքի 3-րդ հարկում, քաշել պոկելու եղանակով վնասել է հարկի աշխատասենյակներից մեկի պատին ամրացված ցուցանակը՝ այդ և այլ եղանակով մասնակցելով զանագվածային անկարգություններին:
Բացի այդ՝ Հայկ Իսկանդարյանը եղբոր՝ Սասուն Իսկանդարյանի հետ նախնական համաձայնութամբ կառավարության շենքից բացահայտ հափշտակել է փայտյա ձողին ամրացված ՀՀ դրոշը՝ այն դուրս բերելով շենքից:
Հայկ իսկանդարյանը ասաց, որ մեղադրանքը պարզ չէ, սակայն մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց։ Իսկանդարյանի պաշտպանը դիտարկեց, որ մեղադրանքի մեջ առկա են գործողություններ, որոնց կատարողը հստակեցված չէ։ «Ջարդվել են», «մուտք են գործել», հնչել են», «տեղի են ունեցել գույք ոչնչացնելուն ուղղված գործողություններ․ ահա այս արտահայտություների մասին է պաշտպանի խոսքը։
«Ջարդել են, հնչել են բռնության կոչեր։ Օդից հնչե՞ց։ Ինչ-որ մեկը հնչեցրել է։ Եթե դա Հայկ Իսկանդարյանին չի վերագրվում, հնչեցնողին կանչեք, ինչո՞ւ եք Հայկին կանչել կամ նրա մեղադրական մասում նշել։ Կամ ջարդել են, Հա՞յկը պետք է դրա համար պատասխան տա»,- ասաց պաշտպանը՝ պնդելով, որ Իսկանդարյանի մեղադրանքն անհասկանալի է։
Դատախազը հակադարձեց․ խոսքը զանգվածային անկարգության վերաբերյալ գործի մասին է, որը ենթադրում է բազմաթիվ անձանց մասնակցությամբ գործողություններ, հետևաբար պետք էր նաև նկարագրել, թե տվյալ դեպքում ի՞նչ իրավիճակ էր ստեղծված տվյալ վայրում, թե ինչ իրավիճակի պայմաններում անձն ինչ գործողություններ է կատարել։
Պաշտպան Արամ Վարդևանյանը դիտարկեց․ փաստորեն դեպքի վայրում, ըստ դատախազի, բազմաթիվ անձինք են եղել, բայց 4 անձ է մեղադրյալ։
Սերգեյ Խառատյանին և Էդգար Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդություն է ներկայացվել
Այսօրվա դատական նիստի ընթացքում Սերգեյ Խառատյանի և Էդգար Գրիգորյանի պաշտպանները դատարանին միջնորդություններ ներկայացրին իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փախարինելու վերաբերյալ։
Որպես գրավի չափ Արամ Վարդևանյանն առաջարկեց 15 մլն դրամը կամ այլ գումար, որը դատարանը ողջամիտ կհամարի։ Խառատյանի համար այս չափի գրավի միջնորդություն առաջին անգամ է ներկայացվում, ավելի վաղ ներկայացվել է նրան 12 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն, որը մերժվել է։
Վարդևանյանը հիշեցրեց, որ դատախազությունը Խառատյանի՝ կալանքի տակ մնալու անհրաժեշտությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ ազատության մեջ նա կարող է անօրինական ազդեցություն գործադրել գործով վկաների նկատմամբ, և նշեց, որ գործով երկու անձ է ցուցմունք տվել Խառատյանի դեմ, բայց նրանք հայտնել են այն, ինչ Խառատյանն ընդունում է։ Պաշտպանը նաև միջնորդության մեջ այլ նոր հանգամանք է նշել, որը կապված է բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ։
Էդգար Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը ևս միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ գրավ կիրառել՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Դատարանը փորձեց Գրիգորյանից ճշտել, թե վերջինս որքան գրավ կարող է վճարել։
«Եթե պետք լինի, ազգը 50 մլն էլ կհավաքի, կտա»,- պատասխանեց Գրիգորյանը։
Դատախազն առարկեց միջնորդությունների դեմ։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհապարակվի վաղը՝ փետրվարի 16-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել