
Մերժվեց Կառավարության շենք մուտք գործած Ս. Խառատյանին և Է. Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելքսեթյանի, քիչ առաջ մերժեց նոյեմբերի 10-ին Կառավարության շենք մուտք գործած Սերգեյ Խառատյանի և Էդգար Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ նրանց պաշտպանների միջնորդությունները:
Երեկ՝ փետրվարի 15-ին, կայացած դատական նիստի ընթացքում, Սերգեյ Խառատյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրել է իր պաշտպանյալին 15 մլն ՀՀ դրամ գրավի դրմաց ազատ արձակելու միջնորդություն, իսկ Էդգար Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը գրավի չափ չէր նշել։
Խառատյանն ու Գրիգորյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու համար: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ այն բանից հետո, երբ պարզ է դարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հայտարարության մասին, Երևանում և մարզերում մի խումբ քաղաքացիներ անհնազանդության գործողություններ են իրականացրել. նրանցից ոմանք, ի նշան բողոքի, մուտք են գործել Կառավարության շենք, մի խումբ անձինք՝ Ազգային Ժողով, վարչապետի կեցավայր։ Նույն օրը բռնության է ենթարկվել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Վերը նշված դեպքերի առթիվ քննվող քրեական գործից 2020թ.-ի տարեվերջին 4 քրեական գործ է անջատվել և ուղարկվել դատարան, որոնցից մեկը Խառատյանի, Մերդինյանի, Գրիգորյանի և Իսկանդարյանի վերաբերյալ գործն է։
Գլխավոր լուսանկարը՝ Photolure-ի
Մեկնաբանել