HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պարետատան աշխատանքները գնահատող քննիչ հանձնաժողովը գումարեց հերթական նիստը

Այսօր՝ փետրվարի 16-ին, կայացավ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը գնահատող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նիստի սկզբում հայտնեց, որ 251 հարցից բաղկացած հարցաշար է ուղարկվել Կառավարությանը և տարբեր գերատեսչությունների:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նկատեց՝ հարցեր կան, որոնց մասին խորհրդարանն ավելի է տեղեկացված, քան Կառավարությունը, քանի որ իրենք են օրենքներում փոփոխություններ ընդունել, ուստի կարիք չկար նման հարցեր հղել Կառավարությանը: Պատգամավորի խոսքով՝ ոչ թե Կառավարության գործը թեթևացնելու համար է ասում, այլ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար:

Արկադի Խաչատրյանը, անդրադառնալով հարցաշարի վերաբերյալ քննադատություններին, ասելով, որ այն մինչև Կառավարություն ուղարկելը փոխանցել են հանձնաժողովի անդամներին ու խնդրել ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Խաչատրյանը հեգնեց՝ սա ոչ թե ընդդիմության քննիչ հանձնաժողովն է, այլ խորհրդարանի, ուստի, ըստ իրեն, ավելի արդյունավետ կլիներ, եթե «Իմ քայլ»-ից ութ անդամն էլ մասնակցեին այդ աշխատանքներին:

Տիգրանյանն արձագանքեց՝ աշխատանքային հանդիպում են ունեցել, որտեղ որոշվել է, որ պատգամավորների ներկայացրած հարցերը խմբագրման ենթակա չեն, այդ առումով ոչ նպատակահարմար են համարել հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը:

Ծովինար Վարդանյանն էլ խոսեց տեղորոշման համակարգի հարցի մասին, թե որքան գումար է ծախսվել համակարգի ներդրման վրա, ըստ պատգամավորի՝ հարցը կարդալով իր մոտ տպավորություն է, թե պատգամավորների հետ միասին չեն անցել այն ամենի միջով, ինչը նախորդ տարի է եղել: Վարդանյանն ասաց, որ կառավարությունից մի քանի անգամ ասել են, որ այդ համակարգի ներդրման համար բյուջեից գումար չի ծախսվել:

Խաչատրյանը պատասխանեց, որ քննիչ հանձնաժողովը հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերն ուղղելով պետք է ամփոփի իր զեկույցում: Ըստ նրա՝ հանձնաժողովի 2-3 անդամ չի կարող Կառավարության գործունեության մեկ տարին ուսումնասիրել և հասկանալ, թե որ հարցերի պատասխաններն են հնչել, որոնք՝ ոչ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ նկատեց՝ նման հարցաշարը կարող է խաթարել կառավարության գործունեությունը, քանի որ գործադիրից հսկայական ջանք է պահանջվելու այդքան հարցերի պատասխանելու համար:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ պետք չէ Կառավարության մասին այդքան մտահոգվել, հնարավոր է հարցերին շատ կարճ պատասխաններ հնչեցնի, այնպես չէ, որ հազարավոր էջերով պետք է պատասխանի:

Նիստի վերջում Արկադի Խաչատրյանն ասաց, որ որևէ պաշտոնատար անձի հանձնաժողով հրավիրելն ինքնանպատակ չպետք է լինի, համապատասխան պաշտոնյաների կհրավիրեն հարցերը ստանալուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter