HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհված զինվորի նոթատետրը

Նոյեմբերի 2, 2019 թվական, ժամը՝ 19:03. «...Միգուցե ես պետք է մեծանայի՝ կյանքին այլ տեսանկյունից նայելով: Բայց ինչու դա պատահեց այդքան շուտ, գրողը տանի: Իմ երիտասարդությունը ինձ չի հերիքում, և օրեցօր ես ավելի եմ վերածվում ծեր մարդու: Գիտեք, ես դեռ կարող եմ ուրախանալ, բայց ինչ-որ անբացատրելի անհանգստությամբ: Ասես գիտես, որ այն շուտով կավարտվի: Ուրախանում ես ու հանկարծ հիշում հուսահատությունդ: Բանակը ջարդուփշուր արեց նորմալ, քաղաքացիական կյանքի մասին իմ պատկերացումը…»:

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 20-ամյա Գարիկ Կիզիրանցի նոթատետրը մոր՝ Լուսինեի ձեռքում է: Նա զգուշությամբ թերթում է փոքրիկ շագանակագույն նոթատետրի էջերը, ընտրում արդեն անգիր արած տողերն ու կարդում մեզ համար: Երբ ձայնը դողում է, կանգ է առնում, խորը շունչ քաշում ու շարունակում ընթերցել: 

Այս փոքրիկ նոթատետրն ամփոփում է Գարիկի ծառայության սկզբնական շրջանի հիշողություններն ու զգացողությունները: Ծառայության առաջիկա 6 ամիսները նա անցկացրել է Արգելում (Լուսակերտ, Կոտայք): Իր առօրյա կյանքի, տվյալ պահի զգացողությունների մասին Գարիկը հաճախ էր գրում: Հարազատներն ու ընկերները նրան միշտ նոթատետրը ձեռքին են հիշում: Որոշել էր, որ ծառայության ավարտից հետո գիրք պետք է գրի: Նոթատետրն ընտանիքի անդամներին է տվել արձակուրդի ժամանակ և ասել՝ չկարդան մինչև իր Արցախ գնալը: Ծառայությունը շարունակել է Ներքին Հոռաթաղի (Մարտակերտի շրջան, Արցախ) զորամասում: Արցախում արդեն նոր նոթատետր ուներ, որը, սակայն, ընտանիքին չի հասել:

Գարիկենց տան հյուրասենյակ մտնելիս անմիջապես ուշադրություն է գրավում նրա նկարներով և իրերով անկյունը: Մայրը՝ Լուսինե Մարությանը, ներկայացնում է որդու ամեն նկարի պատմությունը: Դրանցից «գլխավորի» առջև 2 շոկոլադ է դրված: «Երևի շոկոլադ շատ էր սիրում»,- ասում եմ ես: Մայրը հիշում է՝ մի անգամ, երբ որդու համար ծանրոց էր պատրաստում, նրան ասել է, որ գերմանական շոկոլադ էլ է գնել, նա էլ խնդրել է, որ հաջորդ անգամ իր համար բելգիականը գնի՝ դրանք ամենահամեղն են:

Գարիկի հայրը՝ Քաջիկը, լուռ նստած է բազմոցին: Իմ ու Լուսինեի զրույցի սկզբից անաղմուկ հեռանում է սենյակից: Հարցնում եմ՝ չի՞ ուզում խոսել: Լուսինեն ու որդին՝ Սևադան, ասում են՝ չի կարողանում, իրենց հետ էլ չի խոսում: Սենյակը լցվում է լռությամբ: Եվ երբ բոլորի աչքերն արցունքոտվում են, լռությունը դառնում է տեսանելի:

Գարիկը Գորիսում է ծնվել, հետո ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան, բայց մի քանի տարի անց վերադարձել են, քանի որ հայրն ու մայրը որոշել են՝ որդիները պիտի մեծանան հայրենիքում: Մայրն ասում է՝ Գարիկը ռուսերեն էր մտածում, մեծամասամբ ռուսերենով էլ ստեղծագործում էր: 

Ծառայության ընթացքում նպատակ էր դրել 50 գիրք կարդալ: Հասցրեց 20-ը: Վերջինը Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպն էր: 

«Գիշերը որ ժամին արթնանում էինք, ինքը նստած էր, ասում էր՝ գիշերը մենակ քնելու համար չի: Կարդում էր, գրում ու ֆիլմեր դիտում»,- ասում է Լուսինեն:

Ամենաշատը սիրում էր Հարի Փոթերի մասին ֆիլմերը: Նույնիսկ որոշել էր ֆիլմի խորհրդանիշով դաջվածք անել: Եղբոր խոսքով՝ ֆիլմ նայելիս հաճախ լաց էր լինում, մնում էր ֆիլմի ազդեցության տակ, հաց չէր ուտում:

Պատերազմի օրերին նույնպես գրում էր, հենց մի վայրկյան ազատ ժամանակ էր ունենում, թուղթ ու գրիչը ձեռքին էր: Նկարներից մեկում էլ հրանոթի կողքին նստած, նոթատետրը ձեռքին է:

Նոթատետրի վերջին էջ... «Այս նոթատետրը տանը կթողնեմ որպես նշան, որ ամեն վատ կամ, ինչու չէ, լավ բան իր տրամաբանական ավարտն ունի: Թող նա փարոսների դեր կատարի մոլեգնող ծովի վրա, մասնավորապես՝ ամենաբարդ և ոչ սովորական իրավիճակներում: Անկեղծորեն՝ ձեր Գարիկ»: 

Գարիկի հետ վերջին անգամ խոսել է մայրը: Այդ օրը Լուսինեն ավելի անհանգիստ է եղել: «Ամեն օր զանգում էր, ասում էր՝ ամեն ինչ ընտիր ա, ծիծաղում էր մեր վատ վիճակի վրա, որ մենք խառն ենք: Այս անգամ խոսելուց զգացի, որ ինքը իմ հետ չի, չի լսում ինձ, ուղղակի զանգել էր»,- վերհիշում է Լուսինեն:

Գարիկը վերջին շրջանում նաև խոհարարությամբ էր հետաքրքրվում, սիրում էր փանքեյք (թխվածք) թխել: Վերջին ծանրոցում նրա զարմուհին՝ Մերին, Գարիկի համար փանքեյք էր դրել, ուղարկել Արցախ: Հենց զոհվելու առավոտը զանգել, միայն ասել էր՝ «փանքեյքը բոմբ էր»:

Հրետանավորը զոհվելու պահին էլ հրանոթից կրակելիս է եղել:

«Իր համարին էինք զանգում, անընդհատ խուսափում էին պատասխանել, հետո ստիպված ընկերը վերցրեց, ասաց դեպքի մասին... 2 հրանոթով մի կետի վրա համազարկով կրակելիս են եղել, հենց իրենց կրակելու պահին իրենց վրա էլ են կրակել: Ձայնը լսել են, բայց հասկացել են, որ արդեն ուշ է փախչելու համար: 8 արկ միանգամից եկել է իրենց ուղղությամբ: Ընկերը՝ Մհերը, փրկվել է, բայց վնասվածքներ շատ ունի»,- պատմում է եղբայրը՝ Սևադան:

Գարիկն ընտանիքի կրտսեր որդին էր: Պատերազմի ընթացքում, հասկանալով, որ հնարավոր է՝ չփրկվի, ընկերներին ասել է՝ հարազատներին փոխանցեն, որ իրեն հուղարկավորեն Գորիսում: 

Գարիկ Կիզիրանցը զոհվել է նոյեմբերի 8-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Նրան հուղարկավորել են Նուբարաշենում, հողը բերել են Գորիսից: Զոհվելու մասին հարազատներն իմացել են նոյեմբերի 10-ին, երբ պատերազմն արդեն ավարտվել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter