HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Ժողովուրդը՝ թնդանոթի միս և «մասսովկա»

Հազարավոր զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների, Արցախի ու Հայաստանի ինքնիշխանության կորստի հիմքում, ի թիվս այլ պատճառների, մարդու կյանքի հանդեպ պետության անհոգի ու անխնա վերաբերմունքն էր: Սեպտեմբերի 27-ից հետո զոհվելը մահանալու ամենատարածված ձևն է Հայաստանում:

Զինվորներն ուղարկվում էին ոչ թե թշնամու հետ կռվի, այլ անխուսափելի մահվան:

«Առանց զենքի ու համազգեստի, ռազվեդկի ու տեղանքն իմացող ուղեկցողի՝ 50 հոգու դեմ են արել 500 հոգու ու իրենք կորել։ Հստակ ինֆորմացիա ունենք, որ էդ տղերքին հրամանատարը տարել թողել ա, ինքը՝ փախել» ,- անհետ կորած որդու մասին լրագրողներին պատմել է հայրը՝ Հրաչիկ Վարդանյանը:

«Արցախում կասկածներ ունեն, որ զոհվածների մի մասին հուղարկավորել են: Ադրբեջանական կողմը թաղել է մարտական գործողությունների ժամանակ կամ դրանից հետո։ Կոնկրետ դեպքերում մասսայական գերեզմանները բացվել են, բայց դեռ այս ուղղությամբ աշխատանքներ կան կատարելու»։ Սա արդեն Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի խոսքն է:

Ու թարմ լուրը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը և առաջարկվող լուծումները»Իշխանություններն արդեն փակել են պատերազմի էջը՝ ինչ եղավ-եղավ. անցել ենք առօրյա կյանքին. մահն՝ իր ճամփով, կյանքն՝ իր ճամփով:

Նախկին նախագահները, նաև Փաշինյանը, արդեն անկաշկանդ խոսում են, թե ինչ ծրագրեր են քննարկել տարածքների վերադարձի շուրջ, բայց ժողովրդին ասելու, հայտնելու ճանապարհը չեն գտել: Ժողովուրդն այնքան հասուն չէր, որ նրան ներկայացվեր իրերի իրական դրությունը: Ժողովուրդը հասուն չէր, հետևաբար տասնամյակներով նրան չի վստահվել ընտրություն կատարելու իրավունքը:

Տարածքները Ադրբեջանին հանձնելու տարբերակի համար Հայաստանի իշխանությունից ոչինչ չէր պահանջվում. այդ որոշումը կարող էր իրագործել ցանկացած տնային տնտեսուհի: Իշխանությունների դերն այլ պիտի լիներ՝ Հայաստանի համար ապահովել տարբերակ, որը կերաշխավորեր Արցախի, Հայաստանի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը: Նման տարբերակ, մեծ հաշվով, չի էլ քննարկվել. ամեն ինչ պտտվել է 5+2 շրջանների վերադարձի շուրջ՝ տարբեր փաթեթավորումներով՝ Հադրութով, Շուշիով, Լաչինով կամ առանց: Փաշինյանն ընտրեց հայ ժողովրդի համար կործանարար տարբերակը:

Փաշինյանի, ինչպես նախորդ մյուս իշխանությունների համար, ՀՀ քաղաքացիները թնդանոթի միս են՝ պատերազմի ժամանակ, իշխանություններին լեգիտիմություն հաղորդող մասսովկա՝ ընտրությունների ժամանակ, տրամպլին՝ վարչապետի աթոռին ցատկելու համար: Պատերազմի ու ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում քաղաքացիների գոյությունն արդեն հետաքրքիր է՝ որպես տուգանվելու «մատերիալ» կամ «հասարակության լայն շերտ»:

Նախկին նախագահների հետողորմյաներն արդեն սպորտային հետաքրքրություն են ներկայացնում, պատմության մասնագետների համար հետազոտական նյութ են: Նրանց լռության գինը, ինչպես և Փաշինյանի երկար ու դատարկ լայվերի գինը, նույն նժարին են՝ հազարավոր զոհեր, ջախջախված բանակ, ինքնիշխանություն չունեցող պետություն, չափազանց անորոշ հեռանկար:

Թույլ հույս էր Փաշինյանի հայտարարությունը, թե արտահերթ ընտրությունների թեման իշխանությունների օրակարգում է: Թվում էր՝ վերջապես ընկալել է, որ  ներքաղաքական գերլարված ու հուսահատված մթնոլորտն ինչ-որ կերպ ուշքի բերելու համար իր ներկայությունն ուղղակի խանգարում է բոլորին: Որ իր ներկայանալը՝ որպես Հայաստանի վարչապետ, հայ ժողովրդի նվաստացման ամենօրյա ակտ է: Պարզվեց, ոչ, հիմա էլ «Ոսկե ձկնիկի» պառավի նման, միտքը փոխել է՝ չի ցանկանում հեռանալ:

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ամենաբարձրն է»,- ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է արձանագրել: Իշխանական կուսակցությունից մեկ ուրիշն էլ ասում է, թե, իր կարծիքով, այս պատերազմում Հայաստանը հաղթել է: Գուցե Ջորդանո Բրունոն էլ մահացել է շատ բարձր ջերմությունի՞ց: Իշխանության բարոյական անկումը անհատակ է. պատերազմից հյուծված  հասարակությունից իշխանություններն ակնկալում են քաղաքական ակտիվություն: Որդիներին հողին հանձնած, նրանց մարմինները չգտած հազարավոր ծնողներ, գերիների հարազատները պիտի դուրս գան փողոց, որպեսզի Փաշինյանը ընկալի՝ ինքը պիտի հեռանա:

Նրա գնահատականով՝ «հասարակության լայն շերտերը» իր հրաժարականի պահանջ չեն ներկայացնում, հետևաբար արտահերթ ընտրությունների գաղափարը կարելի է հեռու գզրոցում դնել: Այս որոշումն, ի դեպ, հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու հայտարարությանը:
«Հասարակության լայն շերտերը» մարտական վիճակի են բերված՝ որպես Փաշինյանի լեգիտիմության վկաներ:

Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ծանր վիճակում ենք. ծայրահեղ բևեռացված, միմյանց հանդեպ՝ անհանդուրժող, թունոտ՝ «ժեխ», «պողոս», «պիցցայակեր» և այլն: Մի կողմն ասում է՝ Նիկոլին դուք եք բերել, ոնց բերել եք, հեռացրեք, մի մասը թե՝ «Նիկոլը, մնա, միայն թե Քոչարյանը չգա»....

Հեղափոխությունը, որն անելու նպատակով շատ-շատերս փողոց դուրս եկանք, պիտի անդառնալիորեն փոխեր կյանքի ու կառավարման սկզբունքները: Պիտի լիներ ցավոտ, բայց քաղաքական հիգիենայի անհրաժեշտ քայլ: Հայաստանում հեղափոխություն տեղի չունեցավ:

Բոլորս գերլարված ենք, հուսահատ: Իշխանությունը բոլորիս հանդեպ անտարբեր է, քաղաքացիներս իշխանությունների համար որևէ արժեք չենք ներկայացնում: Բայց մենք միմյանց համար չափազանց կարևոր ենք՝ անկախ քաղաքական հայացքներից: Հայաստանում դեմոգրաֆիկ աղետալի դրություն է: Ֆիզիկական անվտանգության խնդիրը, տարածաշրջանային մեծ անորոշությունն արտագաղթի նոր ալիք է բարձրացնելու:

Յուրաքանչյուր քաղաքացի, որն ապրում է ու իր ապագան կապում է Հայաստանի հետ, չափազանց կարևոր արժեք է: Անկախ քաղաքական հայացքներից՝ մեզ ուժ ու վստահություն է հաղորդում միմյանց ներկայությունը Հայաստանում: Մեղադրելով, հեգնելով միմյանց՝ մենք վեր ենք ածվում իշխանության կամ այլ ուժի ձեռքին «հասարակության լայն շերտի»:

Պատերազմի անդառնալի կորուստներն ու իշխանությունների արձագանքը Հայրենիքի փաստացի կորստին, կոտրեց այս իշխանությունների հետ հույսեր կապելու առասպելը: Անելանելի թվացող այս վիճակը մտքի պայծառացման հնարավորություն է՝ չափելու մեր ուժերը, հասկանալու՝ պետություն ունենալ ուզու՞մ ենք, թե՞ դա մեր ուժերից վեր է, որ մեզ ավելի հարմարավետ ենք զգում ոչ թե զարգանալու հեռանկարից, այլ մեր ուժերը ներում են բացառապես մեր լեզուն, եկեղեցին, ինքնությունը պահպանելուն՝ այլ պետության տիրապետության տակ:

Հույսը կարևոր է, բայց ոչ այն դեպքում, երբ այն կապում ենք իշխանության, փրկիչների հետ: Հույսի այդ տեսակը խլում է սեփական հնարավորությունների հանդեպ վստահությունը: Դա հայտնի էր դեռ Հին Հունաստանից, որտեղ էլ ստեղծվել է Պանդորայի արկղի մասին պատմությունը: Պանդորան բացեց արկղը, և հիվանդությունները, մահը, արհավիրքներն այդ արկղից տարածվեցին աշխարհով մեկ: Կատարվածից սարսափած՝ Պանդորան փակեց  արկղը, որտեղ մնացել էր հույսը՝ ամենածանրը արկղում եղած արհավիրքներից: Մարդը կարող է տանել ամեն-ամեն ինչ, սակայն երբ նա ինքն իրեն վստահում է բացառապես հույսին, ինքն իրեն զրկում է ելքեր փնտրելու, իրավիճակից սեփական ուժերով դուրս գալու հնարավորությունից:

Այդ ելքերից մեկը չարտագաղթելն է:

Որևէ մեկին չես կարող պարտավորեցնել չվախենալ իր կամ իր զավակների ֆիզիկական գոյության համար, չհեռանալ ավելի ապահով երկրներ: Մյուս կողմից՝ պատերազմը՝ հազարավոր զոհերն ու վիրավորները, գերեվարված մեր եղբայրներն ու քույրերը, թույլ չեն տալիս Հայրենիքը նույնականացնել իշխանությունների հետ:

Ընդհանուր նպատակը, գործը, որը հավասարապես անհրաժեշտ ու կարևորված, գիտակցված է յուրաքանչյուրի կողմից, կարող է կյանքին տալ լիարժեք արժեք:

Մեկնաբանություններ (2)

Հրանտ Մովսիսյան
Կապիտուլյանտին թիկունք կանգնելու հետպատերազմյան մարտավարությունը նրան նույնացնել է նախորդ երկու նախագահների հետ։ Այո, ինքս, որ ողջունել եմ 2018 թվի հեղափոխությունը, եւ հասկացել որ մոլորվել եմ, հիմա օգտագործում եմ այդ պատուհանին Սերժ Սարգսյանի կողմից տրված բնորոշումը' կապիտուլյանտ։ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցները մտածող մարդկանց համար են, որոնք աղետից հետո շատացել են հարցնում են, թե այս ամենը ինչպես պատահեց։ Այդ հարցազրույցները օգնում են գտնել հարցերի պատասխանները։ երկու նախկին նախագահները բացահայտում են, որ Արցախյան հարցի կարգավորման գործընթացում նրանք ինչ հետեւողականությամբ առաջ են տարել Արցախի ինքնորոշման գաղափարը, այն աստիճան որ երեք գերտերությունները ընդունել են այն եւ Ադրբեջանին էլ դրել անհարմար կացության մեջ որ ճանաչի ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Իսկ բանակցությունները տարել այնպիսի պատասխանատվությամբ որ մի կողմից պաշտպանելով Արցախի ինքնորոշումը, մյուս կողմից թույլ չտան հանկարծ պատերազմի հնարավորություն։ Ու երեւում է որ նրանց հետեւողականությունը շարունակվելու դեպքում ի վերջո Արցախի անկախությունը կճանաչվեն։ Բայց ինչ եղավ, Կապիտուլյանտը այդ բոլոր ձեռքբերումները տապալեց, իսկ Ռուսաստանի հետ թշնամանալով պատերազմի դուռ բացեց Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Քոչարյանի եւ Սարգսյանի ջանքերը հանգեցնելը 7+2 շրջան հանձնելու պրիմիտիվ քարոզչությանը, կապիտուլյանտին պաշտպանելու քողարկված ձեւ է։
Սվետլանա
Լուսինե, եթե այսքան խառն ես ու չես հասկանում ինչը ինչու եղավ, մի գրի։ Գնա հոգեբանի մոտ խոսի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter