Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Ինչպես ասվում է Ազգային ժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, նշելով, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը՝ Արարատ Միրզոյանը կարեւորեց այդ ոլորտների բարեփոխումներում Շվեդիայի շարունակական աջակցությունը, ինչպես նաեւ՝ օժանդակությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի իրականացման գործում:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծման շրջանակում խորհրդարանի խոսնակը բարձրացրեց հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Այս տեսանկյունից նա ընդգծեց միջազգային հանրության գործուն քայլերը:
Պատրիկ Սվենսոնն իր հերթին շեշտեց, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրականացվող բարեփոխումներին իր երկրի աջակցությունը: Նա առանձնացրեց Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, շուկայական տնտեսություն, շրջակա միջավայր:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ դեսպանը կարեւորեց այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: «Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ում եւ կուզենար հասկանալ, թե ինչպես կարող է նպաստել նման հակամարտությունների լուծմանը»,- ասաց դեսպանը: Նա եւս միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անհրաժեշտ համարեց գերեվարված անձանց վերադարձի հարցը:
Անդրադարձ կատարվեց սույն թվականի մարտի 1-ից ՀՀ - ԵՄ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական գործարկմանը, ինչը, ըստ դեսպանի, ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր որակ կհաղորդի:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին զարգացման հեռանկարները, կարեւորվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացումը նաեւ բարեկամական խմբերի մակարդակում, գործարար կապերի ընդլայնումը:
Դեսպանի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրեց մեր երկրում իրականացվող բարեփոխումների օրակարգը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել