Արա Այվազյանն ընդունել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարին
Փետրվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության (ՄԹ) արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Այվազյանը նշեց, որ այս այցը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու երկկողմ օրակարգին և ուրվագծելու այն հարստացնելուն ուղղված համատեղ քայլերը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ՝ որպես առաջնային ուղղություններ առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության ոլորտները:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն այս առնչությամբ նշեց.
«Մեր տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակը Թուրքիայի անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանք է: Ինչպես Դուք իրավացիորեն նշել եք նոյեմբերի 8-ին Համայնքների պալատում ունեցած ելույթում՝ այն չի կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում. միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է կայունություն, տևական խաղաղություն և ի վերջո՝ հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի կողմից ինքնորոշման իրավունքի բռնի ճնշման փորձը, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլև լուրջ և շարունակական սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»:
Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման համատեքստում ՀՀ արտգործնախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց, պատանդառության քաղաքականության վրա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել