«Հայացք». ո՞վ է մեղավոր, որ վրացիները հրաժարվում են հայկական խաղողից
Արարատի մարզի սառնարաններում խաղողը նեխում է
Արարատի մարզի գյուղացիներն անելանելի դրության մեջ են հայտնվել: Չնայած արդեն գարուն է, սակայն մարզի սառնարանային տնտեսություններում պահեստավորված մեծ քանակությամբ խաղողը չի իրացվում: Մի կողմից սա դրական է, քանի որ հայաստանյան շուկայում այս տարվա ձմռանն ու գարնանը խաղողի գինը ցածր էր, սակայն մյուս կողմից էական ֆինանսական կորուստներ կրեցին գյուղացիները:
«Հայացք»-ի խմբագրություն դիմած արարատցիները դժգոհում են, որ էլեկտրաէներգիայի մեծ ծախս են անում սառնարաններում խաղողը պահելու համար, սակայն այսօր ինքնարժեքով էլ չեն կարողանում վաճառել: Իսկ այս ամենի մեղավորը, ըստ գյուղացիների, «Սպայկա» ընկերությունն է, որը թույլ չի տալիս, որ վրացական ընկերությունները գան Հայաստան և նորմալ գներով արտահանեն խաղողը: Գյուղացիները պնդում են, որ «Սպայկան» այս քայլին գնացել է միայն մի նպատակով. որպեսզի «ջրի գնով»՝ կիլոգրամը 60-80 դրամով գնի և արտահանի խաղողը:
«Կուտակումներ են առաջացել, քանի որ մարդիկ ապրանքը չեն կարողանում Վրաստան արտահանել»,- «Հայացք»-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիների բողոքը հաստատեց Արարատի գյուղաջակցության մարզային կենտրոնի տնօրեն Գոռ Գալստյանը: Նա տեղեկացրեց, որ միայն Վերին Արտաշատ գյուղում այսօր 4000-6000 տոննա խաղող է մնացել սառնարաններում: «Այսօր գյուղացիներն ինքնարժեքի գնով են վաճառում խաղողը՝ 100-120 դրամով: Եթե աշուն լիներ, հասկանալի էր այդ գինը, բայց ձմռանը խաղողը պահելու համար մարդիկ էլեկտրաէներգիայի մեծ ծախս են անում»,- ընդգծեց նա:
Գ.Գալստյանի խոսքով՝ նախորդ տարիներին գյուղացիները խոր աշնանը խաղողի մեկ կիլոգրամը 180-200 դրամով վաճառում էին վրացական ընկերություններին և ազատվում այն սառնարաններում պահելու գլխացավանքից: Նա, սակայն, դժվարացավ ասել, թե ինչն է պատճառը, որ այս տարի Վրաստան արտահանում չի կատարվում, իսկ «Սպայկա» ընկերության արգելքի վերաբերյալ գյուղացիների մեղադրանքներն էլ բամբասանք համարեց:
«Սպայկա» ընկերությունը կտրականապես հերքում է գյուղացիների մեղադրանքները: «Արարատի մարզից այս տարի մթերել ենք 2000 տոննայից ավելի խաղող: Մեկ կիլոգրամի համար մթերման միջին գինը եղել է 200-250 դրամ»,- մեզ տեղեկացրեց «Սպայկա» ընեկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը: Նրա տեղեկացմամբ՝ փետրվարի վերջից ընկերությունը դադարեցրել է խաղողի գնման և արտահանման գործընթացը, քանի որ գյուղացիները չեն համաձայնել իրենց առաջարկած գնին: Նրա խոսքով՝ գյուղացիները համարել են, որ մեկ կիլոգրամի համար 250-300 դրամ վճարը քիչ է, և 350-450 դրամ են պահանջել:
Սակայն Կ. Բաղդասարյանը նշում է, որ ձմռան ամիսներին խաղողի որակն ընկնում է, հետևաբար պետք չէ շատ բարձր գին ակնկալել այդ ապրանքի դիմաց: «Երբ մենք նկատեցինք, որ խաղողի որակն ընկնում է, մարդկանց առաջարկեցինք 200-250 դրամով մթերել ամբողջ տեսականին, որը կարող էինք մեկ ամսվա ընթացքում արտահանել և ամբողջությամբ իրացնել: Բայց գյուղացիները հրաժարվեցին: Հիմա նրանց ապրանքը միայն վերամշակման համար է պիտանի, որակը գցել է, ու դրա մեղավորը միայն ու միայն խաղողի տերերն են»,- ասաց նա՝ կտրականապես հերքելով, թե ընկերությունը մեկ կիլոգրամ խաղողի համար 60-80 դրամ գին է առաջարկել գյուղացիներին:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե «Սպայկան» արգելում է վրացիների մուտքը մարզ, Կ. Բաղդասարյանը հետևյալ պատասխանը տվեց. «Սպայկան» ընդամենը մի կազմակերպություն է, ինչպե՞ս կարող է այլ երկրների ներկայացուցիչներին թելադրել, նրանց թողնել կամ չթողնել, որ գան մարզ. դա աբսուրդ է»:
Ընկերության մասնագետներն ուսումնասիրել են վրացական շուկան և պարզել, թե ինչն է պատճառը, որ վրացիները չեն գալիս Հայաստանից խաղող տանելու: Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ վերջին 2-3 տարիներին Վրաստանում ավելացել են խաղողի արտադրության ծավալները, գինն էլ անհամեմատ էժան է, քան Հայաստանում: Այդ է պատճառը, որ վրացիները հայկական խաղողի կարիքն այլևս չեն զգում:
Այս պարագայում զարմանալի է, թերևս, գյուղատնտեսության նախարարության պահվածը: Արդեն երկու ամիս է՝ գյուղացիները դժգոհում են, թե խաղողը մնացել է սառնարաններում ու չի իրացվում, իսկ նախարարությունը գյուղացիներին աջակցելու ոչ մի քայլ չի անում:
Ռոզա Հովհաննիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել