HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». նահանջ անդունդի եզրից

ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղղակի երկխոսությունը ամենևին էլ անհնարին չէ: Այսպիսի գրեթե սենսացիոն եզրահանգման հեղինակը Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է: Իրանական քաղաքական վերնախավում չափավոր հայացքների կրող համարվող Ռաֆսանջանին, որ իրանական էլիտայի ամենափորձառու գործիչներից մեկն է, երկու շաբաթ առաջ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեինի հրամանագրով նշանակվել է Քաղաքական նպատակահարմարության խորհրդի նախագահ:

Կրկին գլխավորելով այս կարևոր կառույցը' International Studies Journal-ի թղթակցի հետ հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ իրանաամերիկյան հարաբերություններն ամենևին էլ փակուղում չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

«ԱՄՆ-ը գերտերություն է, ինչպես Ռուսաստանը, Չինաստանը, Եվրամիությունը: Եվ եթե մենք կարող ենք պայմանավորվել Եվրոպայի, Չինաստանի ու Ռուսաստանի հետ, ապա ինչո՞ւ չենք կարող ուղղակի երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ»,- նշել է Ռաֆսանջանին' միաժամանակ ընդգծելով, որ երկխոսությունը չի նշանակում, թե Իրանը պետք է իրեն պահի ԱՄՆ-ի «մարիոնետ պետությունների» նման, կողմերը պետք է փորձեն ընկալել և ընդունել միմյանց, դիրքորոշումները, և այդ դեպքում երկխոսությունը կարող է հաջողված լինել:

Տարբեր փորձագետներ Ռաֆսանջանիի վերադարձը համարում են Իրանի հոգևոր և քաղաքական վերնախավում «չափավորականների» առաջին խոշոր հաղթանակի նախանշան: Ըստ ամենայնի, Ռաֆսանջանիի վերադարձը ենթադրում է, որ նա կաշխատի առաջիկա նախագահական ընտրություններում ապահովել «չափավորականների» թևի որևէ ներկայացուցչի հաղթանակը: Տարբեր փորձագետներ չեն բացառում, որ այդ թեկնածուն լինելու է խորհրդարանի ներկայիս խոսնակ Ալի Լարիջանին:

Սակայն Ռաֆսանջանիի դիրքերի վերականգնումը նաև Իրանի արտաքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների նախերգանքն է: Ներկայիս ծայրահեղ լարված իրադրությունը Իրանի շուրջ, երբ ակտիվորեն քննարկվում են ամերիկա-իսրայելական օդային հարվածի հավանական ժամկետները, իսկ Իրանի դեմ ամերիկա-եվրոպական նոր տնտեսական պատժամիջոցները և հատկապես նավթային էմբարգոն, այսպես թե այնպես, հարվածում են երկրի տնտեսությանը և առաջացրել են Արևմուտքի հետ հարաբերությունների լիցքաթափման անհրաժեշտություն:

Ընդ որում' այդ ուղղությամբ որոշակի «մեսիջներ» կան նաև Վաշինգտոնից: Նախ' ԱՄՆ նախագահի հայտնի նամակը Իրանի հոգևոր առաջնորդին, այնուհետև' ԿՀՎ-ի' ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրած եզրակացությունը, որով հետախուզությունը փաստորեն արձանագրել էր, որ Իրանը սկզբունքորեն չունի միջուկային զենքի ստեղծման պոտենցիալ:

Ոչ պակաս ուշագրավ էր ամերիկյան նշանավոր Foreign Policy ամսագրում հայտնված տեղեկատվությունը, թե Իսրայելը Ադրբեջանի տարածքում ձեռք է բերել մի քանի ռազմական օդանավակայաններ, որոնք մտադիր է օգտագործել Իրանին օդային հարվածներ հասցնելու դեպքում:

Ադրբեջանն անմիջապես արձագանքեց հայտարարությամբ, թե որևէ պարագայում իր տարածքը չի տրամադրի Իրանին հարված հասցնելու համար, սակայն առավել ուշագրավ էր ԱՄՆ հանրապետական կուսակցությունից Օբամայի վարչակազմի մշտական ընդդիմախոս, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջ.Բոլթոնի հայտարարությունը, թե Foreign Policy-ի հրապարակումը ամենևին էլ պատահականություն չէ, այլ Իրանի նկատմամբ Իսրայելի հնարավոր գործողությունը կանխելու նպատակով թույլ տրված տեղեկատվական արտահոսք' ուղղակի հենց Օբամայի աշխատակազմից: ԱՄՆ վարչակազմից իրենց դժգոհությունը չեն թաքցնում նաև Իսրայելի պաշտպանության նախարարության և «Մոսադի» ներկայացուցիչները:

Սակայն Օբամայի վարչակազմում առանձնապես չեն էլ թաքցնում, որ գոնե այս պահին Իրանի նկատմամբ ռազմարշավի նախաձեռնումը չի մտնում իրենց իրական ծրագրերի մեջ: Խնդիրը միայն ԱՄՆ-ում սպասվելիք ընտրությունները չեն, թեպետ դա կարևոր գործոններից մեկն է: Խորքային առումով «Մեծ Մերձավոր Արևելք» կոչվող և այս լայնածավալ տարածաշրջանի վերաձևում նախատեսող Վաշինգտոնի հայտնի ծրագիրը «խցանվել» է: «Արաբական հեղափոխական գարունը» ամենևին էլ չի հանգեցրել ակնկալված արդյունքներին: Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում նախկին վարչակարգերի տապալումը իրականում սոսկ գլխավոր փորձ էին մեծ «ներկայացումից» առաջ:

Բայց, օրինակ, Եգիպտոսում փորձն ակնհայտորեն ձախողվեց. հետմուբարաքյան Եգիպտոսի առաջին խորհրդարանում հաղթանակ տարավ «Մահմեդական եղբայրներ» հայտնի շարժումը, ինչը անմիջապես հանգեցրեց Իսրայելի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման և Սինայի թերակղզում նոր լարվածության առաջացման, ինչը մոտ 30 տարի, Մուբարաքի օրոք, հաջողվել է լոկալացնել: Բայց «չջարդվող ոսկոր» դարձավ Սիրիան, և այստեղ է, որ ԱՄՆ-ը վերջին 20 տարում առաջին անգամ բախվեց այս երկրում շատ կոնկրետ և առանցքային շահեր ունեցող Ռուսաստանի և նրան սատարող Չինաստանի կոշտ դիմադրությանը:

Սիրիայում ընդհանուր շահերի առկայությունը կոտրեց նաև Մոսկվա- Թեհրան հարաբերություններում գոյացած սառույցը' Իրանին և Ռուսաստանին կրկին վերածելով փաստացի դաշնակիցների: Անշուշտ, արևմտյան աննախադեպ ճնշմանը դիմանալով' Ասադների ռեժիմը մեծ ծառայություն մատուցեց միաժամանակ և՛ Մոսկվային, և՛ Թեհրանին, սակայն սիրիական ճգնաժամը ցույց տվեց ԱՄՆ-ին, որ Իրանի նկատմամբ ռազմական հարվածի դեպքում Մոսկվան ու Պեկինը չեզոք չեն մնա և ամենաքիչը ռազմատեխնիկական աջակցություն կցուցաբերեն Թեհրանին, ինչը միանգամայն հավանական կդարձնի C-300 հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը Իրանին:

Կարևոր դեր ունեցավ նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանի պետություններից ոչ մեկը գործնականում չպաշտպանեց Իրանին հարված հասցնելու գաղափարը: Թեհրանը հմուտ դիվանագիտությամբ կարողացավ եթե ոչ իր կողմը գրավել, ապա չեզոքություն պարտադրել Պակիստանին և ԱՖղանստանի կառավարությանը, Թուրքմենստանին և նույնիսկ Թուրքիային' կտրուկ սառեցնելով նաև Պարսից ծոցի արաբական երկրների տատանումները: Սակայն ԱՄՆ դիրքորոշման փոփոխության մեջ ամենակարևոր նշանակությունը թերևս ԱՖղանստանում գտնվող բանակի աննախանձելի ճակատագիրն է, եթե Իրանին հարված հասցվի:

Այդ դեպքում թալիբները ինքնաբերաբար կվերածվեն Իրանի դաշնակիցների, և իրանական բանակը նրանց հետ միասին քիչ վնաս չի հասցնի ԱՖղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի 150-հազարանոց կոնտինգենտին: Պատերազմական այդպիսի սցենարը կտրուկ կմեծացնի Արևմուտքի կախվածությունը Ռուսաստանից, որի տարածքով են այժմ իրականացվում ՆԱՏՕ-ի աֆղանական բանակի հիմնական մատակարարումները: Եթե Մոսկվան ինչ-որ պահի «փակի թթվածինը», արևմտյան կոալիցիան կարող է գլխովին ջախջախվել: Իսկ նման հեռանկարը բացառել հնարավոր չէ:

Հենց ստեղծված մտահոգիչ իրադրությունն է ստիպում Վաշինգտոնին լիցքաթափման եզրեր որոնել, և Թեհրանը փաստորեն արձագանքում է դրան: Իհարկե, շատ բան կրկին կախված կլինի Սիրիայում ճգնաժամի հաղթահարումից: Սիրիայի իշխանությունները համաձայնել են ճգնաժամի կարգավորման Ք. Անանի առաքելության առաջարկած «ճանապարհային քարտեզին» և ապրիլի 10-ից պատրաստ են հրադադար հայտարարել, եթե այսպես կոչված «ընդդիմության» զինված կազմավորումները նույնպես դադարեցնեն դիմադրությունը, և սկսվի նրանց զինաթափման գործընթացը:

Մոսկվան ակնհայտորեն բոլոր ջանքերը գործադրում է այդ ծրագրի իրագործման համար: Կանխատեսելի է, որ նույնը կանի Թեհրանը: Եթե միայն Վաշինգտոնն էլ անկեղծ է Ք. Անանի առաքելությանը աջակցելու իր հրապարակային հայտարարություններում:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter