HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եթե լավ օրեր լինեին ...

Նորանկախ Հայաստանի առաջին անկախ թերթի՝ «Ազգ»-ի առաջին համարը լույս տեսավ 1991թ. փետրվարի 16-ին: «Ազգ»-ն ամբողջությամբ նորարարություն էր ժամանակին, առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլև Անդրկովկասում թերթի հրատարակումն իրականացվում էր համակարգչային տեխնիկայով: «Ազգ» օրաթերթը ժամանակի տպագիր մամուլի առաջատարն էր, տպագրվում էր 35 000 օրինակով՝ տպաքանակով զիջելով միայն «Երկիր» օրաթերթին, որի հետ լուրջ մրցակիցներ էին ժամանակին:

«Ազգ» եռօրյան կարճ ժամանակի ընթացքում դարձավ օրաթերթ, մեկ տասնամյակի ընթացքում էջերի քանակը հաջողվեց հասցնել 16-ի: Արևմտյան լրագրության սկզբունքներին տիրապետող գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն իր փորձառությունը փոխանցեց մի քանի տասնյակ լրագրողների: Նրան հաջողվեց թերթի շուրջը համախմբել ժամանակի մտավորականությանը, համակրանք ձևավորել իշխանության մաս կազմող, ազատ խոսքը գնահատողների շրջանում, Հայաստանում դիվանագիտական ծառայություններ ստանձնող օտարերկրյա դեսպանները խմբագրությանը պատվում էին իրենց այցերով, գրողների մի մասը «Ազգ»-ում հրապարակվելը գերադասում էր «Գրական թերթ»-ից, անվանի երաժշտագետներն իրենց էջն ունեին օրաթերթում, թատերական լավագույն քննադատությունները և անվանի հրապարակախոսների հոդվածները հանրությունը «Ազգ»-ի էջերում էր փնտրում:  

Այսքան տպավորիչ կենսագրական ստեղծելուց հետո, նյութական դժվարությունների մեջ հայտնված «Ազգ»-ը 5 տարի առաջ սկսեց հրատարակվել որպես շաբաթաթերթ, իսկ հիմնական լրատվական գործունեությունն իրականացնում է էլեկտրոնային եղանակով՝ azgonline-ով:

2021թ. փետրվարի 16-ին «Ազգ»-ը հրատարակման 30-ամյակը նշեց չափազանց փոքր խմբագրակազմով, փոքրաթիվ հյուրերով, նեղլիկ մի սենյակում, որն այսուհետ իր խմբագրատունն է լինելու: «Ազգ»-ականներս սովոր էինք թերթի հոբելյանական տարեդարձերը նշանավորել  նախկին և ներկա աշխատակիցների մասնակցությամբ, լրագրողական միջավայրը ներկայացնողների, կառավարության և դիվանագիտական շրջանակների ներկայությամբ: 

«Եթե լավ օրեր լինեին, այստեղ 120-ից ավել միայն լրագրող կլիներ, որոնք «Ազգ»-ում են աշխատել: Կարծում եմ, որ թերթը լրագրողներին է պարտական իր որակի համար և նրանց վրա պետք է հենվի հիմնականում: Շնորհակալություն բոլորին և առաջին հերթին հիմնադիր կազմին: Թերթի նախկին աշխատակիցները, անգամ տարբեր երկրներում գտնվող, հարազատության այդ կապը երբեք ու երբեք չխզեցին և շարունակեցին անվարձահատույց աշխատել և օգնել թերթին: Չկա որևէ լրատվամիջոց, որն այդպիսի ձեքբերում ունենա»,- շնորհավորանքի իր խոսքում երախտագիտությամբ նշեց «Ազգ»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: 

Եթե լավ օրեր լինեին ... խմբագրության համար հիմա լավ օրեր չեն ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրը դեռևս ուշքի չի եկել 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում կրած ծանր պարտությունից և սգակիր ժողովրդին վայել չեն տոնական հանդիսությունները: «Ազգ»-ն իր գործունեության 30 տարիների ընթացքում առաջին անգամ պարտադրված փոխել է նաև հասցեն: Պետական գույքի կառավարման կոմիտեի կարգադրությամբ խմբագրությունն օրեր առաջ ստիպված եղավ լքել 1991թ.-ից ի վեր զբաղեցրած տարածքը՝ Հանրապետության փողոցի թիվ 47 շենքի 3-րդ հարկում, որտեղ գտնվում էր իր գործունեության առաջին իսկ օրից:

Հակոբ Ավետիքյանն օրեր առաջ թերթի խմբագրականում գրել էր, որ նախորդ տարվա աշնանը լրացել էր Պետգույքի վարչության հետ 5 տարի ժամանակով կնքված վարձակալության պայմանագիրը: Պետգույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը մերժել էր վարձակալների ժամկետը երկարացնելու դիմումը: Նրան հաջորդած նախագահը՝ Գարիկ Սարգսյանը, «տպավորիչ խստությամբ կրկնել էր իր նախորդի հրահանգը՝ ազատել տարածքը ու անհապաղ հեռանալ»: 

Անցյալ դարի 60-ական թվականներից երբեք չվերանորոգված շենքի իր հատվածը խմբագրությունը 2015թ.-ին շուրջ 50 հազար դոլարով հիմնանորոգել ու կահավորել էր: Այժմ «Ազգ» շաբաթաթերթը, azg.am-ի եւ azgonline-ի խմբագրությունները, թերթի 30 տարվա հավաքածուն, 3000 կտոր գրականություն ունեցող գրադարանը, համակարգչային տեխնիկայով հանդերձ տեղավորվել են Եզնիկ Կողբացի փ. 20/3 հասցեի մի փոքրիկ սենյակում:

Իր 30-ամյա գործունեության ընթացքում «Ազգ» օրաթերթը միայն մեկ անգամ է ընդհատել տպագրությունը՝ 13 օրով, ժամանակի իշխանությունների հարկադրանքով: Արդարադատության նախարարության կոլեգիայի որոշումը հիմք ընդունելով՝ «Պարբերական» հրատարակչության ղեկավարությունը հրաժարվեց տպագրել թերթը:

«1996թ. ապրիլի 6-ին, իր հիմնադրման հինգուկես ամսվա ընթացքում առաջին անգամ «Ազգ» օրաթերթը լույս չտեսավ: Արդարադատության նախարարության հրահանգով «Պարբերական» հրատարակչության ղեկավարությունը հրաժարվեց տպագրել թերթը՝ որոշակի պայմաններ առաջադրելով թերթի աշխատակազմին: Առաջարկը մերժվեց, որից հետո ունեցած տեխնիկայով 99 օրինակ տպաքանակով լույս ընծայվեց միան թերթի առաջին էջը, որով տեղեկացվեց փակվելու պատճառների մասին: 

Այդ կապակցությամբ խմբագրությունում երեկ հրավիրվեց (աննախադեպ երևույթ) երկու մամուլի ասուլիս՝ ժամը 11:00-ին և 13:00-ին, որին ակտիվորեն մասնակցեցին Հայաստանում և օտարերկրյա գործակալություններում հավատարմագրված լրագրողները, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավարներն ու նրանց ներկայացուցիչները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների՝ ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եգիպտոսի և Կանադայի մամուլի պատասխանատուները, անվանի մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- սա մի հատված է այդ օրերի իրադարձությունների մասին պատմող իմ հրապարակումից:

«Մամուլն այդ ժամանակ կեցվածք ուներ, և երբ փակվեց «Ազգ»-ը, նրանք կոշտ արձագանքեցին կատարվածին: Մենք «Ազգ»-ի հրատարակման իրավունքը վերականգնեցինք դատական գործընթացով՝ հաղթելով արդարադատության նախարարությանը: Հաղթանակի հասնելու հարցում իշխանությունների վրա մեծ էր օտարերկրյա դեսպանատների ճնշումը»,- վերհիշում է «Ազգ»-ի գլխավոր խմբագիրը:  

Պրն Ավետիքյանին խնդրեցինք ամփոփ բնութագրել, թե հայաստանյան անկախ մամուլն անցնող 30 տարիներին ինչ ճանապարհ անցավ, և այսօր ինչ հանգրվանի ենք հասել: 

Ըստ պրն Ավետիքյանի՝ առաջին տասնամյակը մամուլի նկատմամբ կոշտ ուժի գործադրման տարիներ էին, մարդիկ իրենց սրտին դուր չեկած հրապարակումներին արձագանքում էին բռունցքով, ծեծով: «Միշտ ասում եմ, որ խմբագիրները, լրագրողները հերթով, շարքով ծեծվել են, ես բացառություն չէի կազմում: Ընդ որում, դա արվում էր պետական օղակներով: Ինձնից առաջ ծեծի էր ենթարկվել «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը: Նա հեռուստատեսությամբ մի հաղորդում ուներ այդ տարիներին, որ կոչվում էր «Դեմ առ դեմ», մի անգամ ինձ հրավիրել էր զրույցի: «Իրավունք» թերթն այդ տարիներին մի հետաքրքիր երգիծական սյունակ ուներ՝ կոչվում էր «Փանջունու անկյուն», նրանք գրեցին, որ ես «ծեծ առ ծեծ» հաղորդման հյուրն էի: 

Այնուհետև, ամենածանր բանը, որ տեղի ունեցավ առաջին տասնամյակում, 1994թ.-ին «Երկիր» օրաթերթի և ընդդիմության հետ կապվող մոտ մեկ տասնյակ լրատվամիջոցների արգելափակումն էր, «Միքայել Վարանդյան» արդիական տպարանն ավերելը: Անգամ համակարգիչներն էին պատուհանից վայր նետել: Այդ տարիներին հրդեհեցին «Ազգ»-ի տեխնիկական բաժինը՝ վառելանյութով լցված շշեր գցեցին պատուհանից և հրդեհեցին: Այլ թերթեր նույնպես հալածվեցին այդ շրջանում:

Երկրորդ տասնամյակում իշխանությունները հասկացան, որ մամուլի հետ պետք չէ կոշտ, բռնի մեթոդներով վարվել, և սկսվեցին տնտեսական դժվարությունները: Սկսվեց մամուլին կաշառելու շրջանը, փողի ուժով մարդկանց գնելու շարժումը: Այս ժամանակահատվածում արդեն լուռ մնալն էր վարձատրվում, և դա արվում էր պետական հիմնարկների կողմից: Սա ավելի այլանդակ բան էր, «Լռությունը ոսկի է» արտահայտությունը շատ բնութագրական էր այս գործելակերպի համար:

Երկրորդ տասնամյակում տպագիր մամուլի դերը նվազեց, որովհետև մեծ թվով հեռուստաընկերություններ ի հայտ եկան, և ժողովուրդն ավելի մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում դրանց նկատմամբ: Հանրապետության նախկին նախագահներից ոչ ոք չի կարևորել լրատվամիջոցի պրոֆեսոնալիզմը: «Պատասխանատու մամուլ» արտահայտությունն առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը գործածեց, բայց նա էլ «Ա1+»-ի հարցում ճիշտ չվարվեց: Լևոն Տեր-Պետրոսյանը միայն արտասահմանյան մամուլին էր հարցազրույց տալիս: Նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հավաքում էին 4-5 հեռուստաընկերություն և զրուցում էին, նրանք չէին կարևորում լրատվամիջոցի պրոֆեսինալիզմը, դրանով ընդգծում էին հեռարձակվող լրատվամիջոցների առավելությունը տպագիրների նկատմամբ:

Երրորդ տասնամյակում զարգացան սոցցանցերը, և Հայաստանում դա վերածվեց սանձարձակության: Հիմա ձգտում են կառավարել, բայց չի ստացվում: Ես դեմ եմ կառավարմանը, դա ազատ խոսքը կաշկանդող է: Շոուն հիմա շատ կարևոր է, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հրապարակումներում, ՓիԱր-ը և այլն: Այս բոլորն ազդում են հանրային կարծիքի վրա, սակայն ավելի քիչ է ազդեցությունը որպես հասարակական կարծիք ձևավորողի: 

Տպագիր մամուլն առավելություններ ունի, մարդիկ հոդվածն ուղարկում են և խնդրում են տպագրել թերթում, ոչ թե կայքում տեղադրել: Կարդալու գործողությունը մտածելու գործողություն է, զուգահեռ դու մտածում ես»,- ասում է պրն Ավետիքյանը՝ պատահական չհամարելով, որ այսօր լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերի 85%-ը տպագիր մամուլի դեմ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter