HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բագրատ Մարտիրոսյան. «Ուղիղ կեսդ չպիտի լինի, որ պետությունդ քեզ հասանելիք 300 հազար դրամը տա»

Գյումրեցի 44-ամյա Բագրատ Մարտիրոսյանի աջ աչքը ապակուց է, լսողությունը՝ 30%, ոտքի փափկամսից կտրել եւ պատվաստել են աջ ուսագլուխն ու ոտնաթաթը, աջ ամորձին բեկորային վնասվածքի պատճառով հեռացրել են, բեկորներ կան մարմնի տարբեր հատվածներում՝ ոտք, թոք, լյարդ: Ահա ամբողջական ցանկն այն վիրավորումների, որ ստացել է Բագրատը` արցախյան պատերազմին կամավոր մասնակցելու հետեւանքով:

«Կարելի է ասել կես մարդ է դարձել տղաս, բայց իրեն հասանելիք պետական աջակցությունից չի կարողանում օգտվել, հաշմանդամության կարգն էլ ասում են 3-րդ կարգից ավել չենք կարող տալ»,- նեղսրտում է տիկին Մարգոն: «Ինձ բժշկական հանձնաժողովում բացատրեցին, որ բդի երկու աչքս չէղներ, ընդհանրապես բդի չլսեի, ոտք ու ձեռք չունենայի, չխոսայի, օր ընձի 2-րդ կարգ տային,- նկատում է Բագրատը,- բայց ըսքան պրոբլեմները հեչ է իրանց համար: Կըսեն` կարգ կուդանք, բայց՝ 3-րդ, էն միանվագ 300 հազար դրամն էլ չի հասնի, որովհետեւ ըսենք երկու աչքս չեմ կորցրել կամ երկու ձեռքս, բդի ընդհանրապես խուլ մնայի կամ էլ երկու ոտքս չեղներ»:

«Հետք»-ին նամակով դիմել էր Մարգո Մարտիրոսյանը՝ Բագրատի մայրը, խնդրելով հանրայնացնել պատկան ատյանների հետ իրենց խնդիրները: Մարտիրոսյանների ընտանիքում հաշմանդամ են նաեւ Բագրատի մայրը (հաշմանադմության 3-րդ կարգ) եւ հայրը (հաշմանդամության 2-րդ կարգ): Բագրատը հաշմանդամ է ճանաչվել 1997թ.-ին, ծառայության ժամանակ ստացած հիվանդության պատճառով: 

«Ես զորացրվել եմ ծառայությանս երկու տարին չլրացած՝ թոքերի խնդիրներ կային, անգամ տուբդիսպանսեր եմ պառկել, էդ ժամանակ ինձ տվեցին զինվորական հաշմանդամության 2-րդ կարգ, հետո, երկու տարի անց, դարձրին քաղաքացիական 3-րդ կարգ՝ ցմահ: Հիմի ասում են, որ կարող են զինվորական հաշմանդամություն դարձնեն քաղաքացիականը, բայց կարգն էլի կմնա 3-րդ, 2-րդ կարգ չեն տա»,- նշում է Բագրատը:

Սեպտեմբերի 27-ին, երբ լուսաբացը ողողվեց հարեւան պետության թշնամական գործողությունների վերաբերյալ լուրերով, Բագրատի առաջին գործողությունը Գյումրու զինկոմիսարիատ հասնելն էր՝ կամավոր ռազմաճակատ մեկնելու դիմումով: «Զինգրքույկումս նշած է, որ պիտանի չեմ զինվորական ծառայության, ու գիտեի, որ հաստատ մերժելու են: Հետո գնացել եմ Գյումրու երկրապահների ղեկավարին եմ դիմել, ասել է՝ հավաքի հրաման չկա: Բայց մեկ է, մտքիս կար անպայման գնալու: Զինվորական հագուստն էլ եմ ես առել, որ մարդ ես, հանկարծ մի տեղից հնարավոր լինի գնալ, պետության վրա հոգս չէղնիմ,- պատմում է զրուցակիցս,- հետո զանգել եմ Չարենցավան, էնտեղի զինկոմից պարզեցի, որ 4-րդ ավտոբուսն է շարժվում, ես դիտմամբ զինգրքույքս հետս չեմ տարել, որ չմերժեն, հենց էդ իրիկուն էլ կամավորականների խմբի հետ շարժվել եմ: Առավոտն արդեն եղել ենք Շուշի, ցերեկն՝ Ասկերան: Ասկերանում պատճառաբանեցին, թե մեզ պետք չեք, համ էլ սխալ թուղթ կա՝ հետ ղրկեցին Հայաստան: Մյուս օրը Չարենցավանի զինկոմը ղրկել է Արմավիր՝ Սարդարապատ զինկոմ: Մեզ տեղավորել են Հուշակերտ գյուղի դպրոցում, էնտեղ մի քանի պարապմունքներից հետո տարել են Ջաբրայիլ»

Զինակից ընկերները դասակի հրամանատար ընտրում են Բագրատին՝ Ծօ-ին: «Դե որ մեր խոսակցականով անընդհատ «ծօ» կըսեի, մականունս դրել էին՝ Ծօ,-Բագրատը ծիծաղում է,- մինչեւ մեր Արցախ շարժվելն առաջարկ եղավ դասակի հրամանատար ընտրել, տղերքը տվեցին անունս, բայց ես հրաժարվեցի, առաջարկեցի Արծրունին, որովհետեւ մեր միջից ինքն ավելի փորձառու էր, պոստերի պատասխանատու էր եղել: Արծրունն ասաց՝ չէ, տղերքը քեզի են ընտրել, ես կողքից կօգնեմ»: Բագրատը վիրավորվել է հոկտեմբերի 6-ի երեկոյան: Խրամատում գտնվող երեք ընկերները զոհվել են: Ասում է՝ չի հիշում, թե ինչպես են իրեն տեղափոխել Իշխանաձոր, հետո Գորիս ու այնուհետեւ՝ Երեւան: Տղաների զոհվելու լուրն իմացել է դեպքից 15 օր անց: 

«Արմենս՝ Ռեմբոն, Չարենցավանից էր, Անդրանիկն՝ Արմավիրի Արգինա գյուղից, Գեղամս էլ՝ Երեւանի Չարբախ թաղամասից: Արմենը Բաղդասարյան 23 տարեկան էր, իրա էլ աչքերն են եղել, 13 օր կոմայի մեջ է եղել, մահացել է հիվանդանոցում: Սարգսյան Գեղամը 27 տարեկան էր, Գրիգորյան Անդրանիկն էլ շտապօգնության մեքենայի մեջ է մահացել: Ինձ էլ էին շատերը մահացած համարել: Ես որ հիվանդանոցում եմ եղել, համացանցով անգամ ցավակցել են ընկերներս, մտածել են՝ ես էլ չկամ»,-Բագրատը հոգոց է հանում: 

Տիկին Մարգոն ասում է՝ զգացել է տղային պատուհասած վտանգը, անգամ իմացել, որ մեկ աչքը չկա: «Գուցե սնահավատություն համարեք, գուցե մտածեք գրագետ կին է, էս ինչեր է խոսում, բայց ես իրոք էդ օրը տեսել եմ իր ուրվականը,- ասում է տիկին Մարգոն,- իր վիրավորված ժամին ես խոհանոցում աման կլվանայի, ինքը ստվերի պես եկավ կպավ ինձ, ասեց՝ մամ, նայի՛, աչքս ի՞նչ է եղել: Ասի՝ Բագրատ, ի՞նչ է եղել, ասեց՝ թուրքի գյուլեն կպավ: Ես ճչացել եմ ու սկսել եմ լաց լինել: Աղջիկս հաջորդ օրը զանգեց, ասեց Բագրատին բերել են Երեւան, կարո՞ղ է գաս, վիրավոր է, բայց չգիտեմ՝ ինչ վիրավորում է: Մյուս աղջկաս ու փեսայիս հետ Երեւան գնալիս, ճանապարհին ասում եմ, որ Բագրատի աջ աչքը չկա, զարմացած վրաս են նայում: Ասի՝ տեսիլք եմ տեսել: Հետո, որ հասանք հիվանդանոց, մտանք պալատ, տեսան Բագրատի դեմքը, զարմացած ընձի կնայեին»:

43 օր հիվանդանոցում բուժվելուց հետո Բագրատը վերադարձել է տուն: Այդ ընթացքում հասցրել է հերքել սեփական մահվան մասին լուրերը, փորձել վերագտնել կյանքը նորովի շարունակելու բանաձեւը, որն անընդհատ խաթարվում է անարդարություններին բախվելիս: «Որ ասեմ ընդհանրապես մարդիկ չեն աջակցել, սուտ կլինի: Անհատապես երեւի ավելի շատ եմ ուշադրության արժանացել, քան պետական մակարդակով: Մարզպետարանից զանգել են մեկ անգամ, գնացել 50 հազար դրամ եմ ստացել, մեկ անգամ էլ քաղաքապետարանից եմ ստացել 50 հազար դրամ ու վերջ: Եկեղեցու կազմակերպությունից են եկել, իրենք են աջակցել, հետո Ամերիկայից մի բարերարից եմ գումար ստացել: Ընդհանուր, որ հաշվեմ, մոտ 250 հազար դրամի աջակցություն կլինի, բայց սա ոչ մի կապ չունի պետականորեն ինձ հասանելիք գումարների հետ,- նկատում է Բագրատը,- վիրավորականն էն է, որ հայտարարում են, թե պիտի երկու աչքդ, ձեռքերդ, ոտքերդ չլինեն, որ պետությունը քեզ փոխհատուցի, այսինքն՝ քո սեփական կառավարությունը քեզ կաջակցի, եթե պատերազմից կես մարդ դարձած գաս, ուղիղ կեսդ չպիտի լինի, որ էդ 300 հազար դրամը տան: Հիմա, որ իմ վիրավորումների ցանկը նայում եք, ըստ ձեզ՝ ես կե՞ս մարդ եմ, թե ամեն դեպքում ոտ կամ ձեռք էլ կտրել տամ»:

Բագրատը ցույց է տալիս հեռախոսում պահպանված եւս մեկ նկար, որտեղ տղաները ուրախ ժպտում են: Այդ լուսանկարում դեռ պատերազմի սարսափները չկան, բոլորի աչքերում հաղթելու ցանկությունն է ու ապրելու կրակը: Ասում է՝ ոչ մեկս էլ չենք մտածել ո'չ գումարների, ո'չ ինչ-որ փոխհատուցումների մասին, գնում էինք մեր հայրենիքը պաշտպանելու, այլ հարց է, թե հիմա հայրենիքն ինչպես է վերաբերվում պատերազմից մազապուրծներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter