Նոր ամենագնաց՝ Շիրակի մարզային փրկարարական վարչությանը
Ապրիլի 4-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ այցելեցին Շիրակի մարզ։ Գյումրիում Ա. Երիցյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու անձնվիրաբար կատարելու և ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու համար դրամական պարգևներ հանձնեց Շիրակի մարզային փրկարարական վարչության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի 9 հրշեջ-փրկարարի։
Մարտի 18-ին Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատն Աղվորիկ գյուղի մերձակայքում օգնության էր հասել և ձնաբքից դուրս բերել հղի կնոջը հիվանդանոց տեղափոխող ավտոմեքենան։ Նույն օրը Ծաղկուտ գյուղի մոտ ջոկատի հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել ձնաբքի մեջ մնացած հիվանդ երեխային և նրան հիվանդանոց տեղափոխող ծնողներին։
«Այս տարվա ընթացքում նախատեսում ենք մարզերի գյուղերում, հեռավոր համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատներ ստեղծել, ինչը կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունավետ և օպերատիվ արձագանքմանը, և այս հարցում ևս ակնկալում ենք մարզպետարանի աջակցությունը»,- ասաց Արմեն Երիցյանը։
Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը Շիրակի մարզպետի անունից պատվոգրեր հանձնեց հրշեջ-փրկարարներին։
ԱԻ նախարարը Շիրակի մարզային փրկարարական վարչությանը նվիրեց «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց նոր ավտոմեքենա, որը կահավորվել և հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու և տեխնիկան խցանումներից դուրս բերելու, նաև արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։ Մարզային փրկարարական վարչությանը հանձնվեց նաև շարժական էլեկտրակայան։
«ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնացը կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի և սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով և տաք ծածկոցներով։
ԱԻ նախարարն այցելեց նաև Գյումրիում գտնվող ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն և Շիրակի մարզային փրկարարական վարչություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել