HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը վճռել է, որ Արմավիրի մարզպետն ապօրինի է աշխատանքից ազատել Էջմիածնի թիվ 1 դպրոցի տնօրենին 

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պատերազմի օրերին աշխատանքից ազատել էր «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Աստղիկ Մխիթարյանին՝ մի շարք խախտումների և նրա նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ:

Աստղիկ Մխիթարյանը դիմել էր դատարան և 2021թ. փետրվարի 12-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մխիթարյանի հայցադիմումն ընդդեմ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի: Դատարանն անվավեր է ճանաչել մարզպետի որոշումը՝ Ա. Մխիթարյանին տնօրենի պաշտոնից ազատելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Դատարանը վճռել է Աստղիկ Մխիթարյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ տնօրենի պաշտոնին, ինչպես նաև Արմավիրի մարզպետարանից հօգուտ Աստղիկ Մխիթարյանի բռնագանձել վերջինիս փաստացի աշխատանքի վերականգնելու օրը միջին աշխատավարձի չափով հաշվարկվող հարկադիր պարապուրդի գումարը:

Աստղիկ Մխիթարյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի միջև աշխատանքային պայմանագիրը կնքվել էր 24.07.2019թ.: Աստղիկ Մխիթարյանը նույն օրն էլ նշանակվել է «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:

Աստղիկ Մխիթարյանը դատարան ներկայացրած հայցադիմումում նշել է, որ 2020թ. սեպտեմբերի 17-ին հրավիրվել է Արմավիրի մարզպետարան, որտեղ մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը, իրավաբանական բաժնի պետ Լիաննա Հարությունյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը, բանավոր կերպով ներկայացնելով կոլեկտիվի կողմից եկած մի քանի դիմում-բողոքների բովանդակությունը, իրեն ստիպել են ազատման դիմում գրել՝ հակառակ դեպքում սպառնալով, որ «ամենալուրջ կերպով կկանգնի օրենքի առջև»: Ըստ Մխիթարյանի՝ նույն սպառնալիքները կրկնել է նաև Արմավիրի մարզպետն իր առանձնասենյակում՝ նշված անձանց ներկայությամբ:

Ա. Մխիթարյանը դատարանին հայտնել է, որ նույն օրը աշխատանքից ազատման դիմում գրելու առաջարկ է արել նաև մարզպետի խորհրդական Վահե Դավթյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում մարզպետը կհեռացնի: Նշված սպառնալիքների ազդեցությամբ Աստղիկ Մխիթարյանը 18.09.2020թ. աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այնուհետև սթափվելով՝ 22.09.2020թ. աշխատանքից ազատման դիմումը հետ վերցնելու վերաբերյալ նոր դիմում է ներկայացրել, ինչից հետո նշված անձանց կողմից արժանացել է նախատինքների:

Արմավիրի մարզպետի՝ 23.09.2020թ. թիվ ՄՈ/398-2020 որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ սեպտեմբերի 23-ից 25-ը դպրոցում իրականացրել է մի խումբ աշխատակիցների և ծնողների կողմից բերված փաստարկների իսկության ուսումնասիրություն: Կազմվել է ուսումնասիրության արդյունքների մասին արձանագրություն, որում Աստղիկ Մխիթարյանին  վերագրվել են մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից արձանագրվել է, որ տնօրենը պատշաճ չի կատարել իր կողմից արձակված հրամանների ներքին հաշվառումը և պահպանումը, ինչպես նաև արձակված հրամանների մասին պատշաճ չի իրազեկել դրանց հասցեատերերին: Դպրոցի որոշ աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս և աշխատանքային պայմանագիրը լուծելիս թույլ է տրվել Աշխատանքային օրենսգրքի նորմերի խախտումներ: Բացի այդ, Աստղիկ Մխիթարյանն աշխատանքի է ընդունել համապատասխան կրթություն և որակավորում չունեցող անձանց: Վերջինս խախտումներ է թույլ տվել ուսումնական տարվա պլանը հաստատելու առնչությամբ:

Ըստ արձանագրության, Աստղիկ Մխիթարյանը կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դպրոցում հիվանդ երեխաների մեկուսացումն ապահովելու համար դասասենյակ կամ տարածք չի առանձնացրել, կազմակերպության մուտքերի մոտ ջերմաչափեր չեն եղել: Դպրոցում իրականացվել է ֆինանսական ռեսուրսների անարդյունավետ կառավարում:

Արձանագրությամբ Աստղիկ Մխիթարյանին վերագրված յուրաքանչյուր խախտման վերաբերյալ վերջինս ներկայացրել է գրավոր բացատրագիր՝ հերքելով արձանագրության մեջ նշված խախտումների առկայությունը:

Աստղիկ Մխիթարյանի կողմից աշխատանքից ազատման վերաբերյալ դիմումից հրաժարվելուն հաջորդել է Արմավիրի մարզպետի 13.10.2020թ. թիվ ՄՈ/420-2020 որոշումը, ըստ որի՝ Աստղիկ Մխիթարյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:

Պայմանագրի լուծումը պատճառաբանվել է ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող Ա. Մխիթարյանի կողմից աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք կատարված լինելու հիմքով՝ վկայակոչելով կազմված արձանագրությունում նշված խախտումները: Բացի այդ, ազատման հիմք է հանդիսացել նաև մարզպետի կողմից Ա. Մխիթարյանի նկատմամբ վստահությունը կորցնելու հանգամանքը:

Դատարանում Աստղիկ Մխիթարյանի ներկայացուցիչները հիմնավորել են, որ տնօրենի աշխատանքային գործառույթների կազմում ուսումնադաստիարակչական գործառույթը ներառված չէ: Այսինքն՝ Աստղիկ Մխիթարյանը՝ որպես կազմակերպության տնօրեն, կատարել է բացառապես վարչական աշխատանք, իսկ արձանագրության բովանդակությունը վկայում է այն մասին, որ դրանում նշված խախտումներից և ոչ մեկը չի վերաբերում ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացմանը:

Փաստաբանները նշել են, որ Աստղիկ Մխիթարյանի նկատմամբ իրավանորմերը գործել են ոչ թե իրավաչափորեն, այլ կամայականորեն: Մասնավորապես, նրան աշխատանքից ազատել են Աշխատանքային օրենսգրքի նորմի հիման վրա՝ այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ պայմանների իսպառ բացակայության պայմաններում: Բացի այդ, Աստղիկ Մխիթարյանի նկատմամբ կամայական վերաբերմունք դրսևորված լինելու փաստը հիմնավորել են նաև նրանով, որ գործատուն ի սկզբանե հետապնդել է Մխիթարյանին աշխատանքից ազատելու նպատակ:

«Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ժամանակագրական հերթականության ուսումնասիրությունն ակնհայտ է դարձնում, որ գործատուն Աստղիկ Մխիթարյանին աշխատանքից ազատելու փորձ է կատարել նախքան կազմակերպությունում ուսումնասիրություն սկսելը»,- դատարանում նշել են Մխիթարյանի ներկայացուցիչները:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան: Իսկ դատարանում նրա ներկայացուցիչները, որոնցից մեկը մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Լիաննա Հայրապետյանը, ամբողջությամբ պնդել են մարզպետի պատասխանը: Հայրապետյանը, վկայակոչելով դպրոցում իրականացված ստուգման արդյունքում կազմված արձանագրության մեջ նշված փաստերը, պնդել է, որ Մխիթարյանի հայցն անհիմն է և ենթակա է մերժման:

Դատարանը, վերլուծելով իրավանորմերը փաստել է, որ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից թույլ տրվող ամեն մի արարք դեռ բավարար չէ վստահության կորստի հիմք ընդունելու համար: Արարքը պետք է լինի այնպիսին, որ անհամատեղելի լինի աշխատողի գործառույթների հետ և արարքի հիմանական օբյեկտը պետք է լինեն բարոյական նորմերն ու արժանիքները:

Դատարանը, անդրադառնալով մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված ստուգմամբ արձանագրությանը և հայցադիմումի պատասխանով ներկայացված բոլոր ապացույցներին, փաստել է, որ դպրոցի տնօրեն Աստղիկ Մխիթարյանի կողմից թույլ տրված խախտումներից ոչ մեկը չի բխում Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջից (ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք): Դրանք միմիայն վերաբերում են դպրոցի տնօրենի օրենքով սահմանված պարտականությունների ոչ ճիշտ, թերի կատարմանը, այլ ոչ թե ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողի կողմից թույլ տրված այնպիսի արարքի, որը անհամատեղելի է տվյալ աշխատանքը շարունակելու հետ:

Դատարանը, անդրադառնալով որոշ ուսուցիչների բացատրագրերին, որ տնօրենը անմարդկային է, կոպիտ, վիրավորում է, արձանագրել է, որ դրանք վերացական են, ինչպես նաև դպրոցի մի շարք աշխատակիցների բացատրագրերի հետ հակասական են: Բացի այդ, կոնկրետ ապացույցներով գործի դատաքննությամբ չեն հաստատվել, մարզպետարանը դրանց վերաբերյալ որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացրել: Ավելին, դրանք ուղղված չեն հենց բուն բարոյական նորմերի դեմ, ուստի և անհամատեղելի չեն դարձնում Աստղիկ Մխիթարյանի հետագա աշխատանքը:

Դատարանը նաև արձանագրել է, որ մինչև կարգապահական տույժ կիրառելը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի 09.10.2020թ. գրությամբ դպրոցի տնօրեն Ա. Մխիթարյանից խախտման մասին բացատրություն պահանջելիս չի նշվել նրան աշխատանքից ազատելու իրավական հիմքը, և չի տրամադրվել ողջամիտ ժամկետ, որով խախտվել է Աշխատանքային օրենսգրքի պահանջը:

«Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկներին, որ գործատուն ի սկզբանե հետապնդել է իրեն աշխատանքից ազատելու նպատակ, իրեն մարզպետարանում ստիպել են ազատման դիմում գրել, հակառակ պարագայում հակաօրինական արարքների համար օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելուն, ապա դատարանն այդ փաստերին չի անդրադառնում, քանի որ հայցը բավարարելու պարագայում վեճի լուծման համար դրանք էական նշանակություն չունեն»,- նշված է վճռում:

Դատարանը որոշել է մարզպետարանից հօգուտ Աստղիկ Մխիթարյանի բռնագանձել 150.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և հօգուտ պետական բյուջե բռնագանձել 8.000 դրամ, ինչպես նաև՝ 13.10.2020թ.-ից մինչև աշխատողին փաստացի աշխատանքի վերականգնելու օրը բռնագանձման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի 2%-ը որպես վճարման ենթակա պետական տուրքի գումարներ:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Նշենք, որ մինչև վճռի կայացումը՝ փետրվարի 1-ին, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տնօրեն է նշանակել Լիլիթ Պետրոսյանին: Դպրոցում հանձնման-ընդունման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել է հանձնաժողով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter