Մեծ Բրիտանիայի քաղաքացուց հափշտակել են 1760 եվրո. Հայաստանում հարուցվել է քրգործ
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում Մեծ Բրիտանիայի քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մ. Վ. Լիունը, դիմելով ՀՀ ոստիկանությանը, հայտնել է, որ 2011թ. սկզբին «Match.com» ծանոթությունների կայքի միջոցով ծանոթացել է ոմն Նաիրա Գյուլիջանյանի հետ: Վերջինս, չարաշահելով Մ. Վ. Լիունի վստահությունը «Moneygram» դրամական համակարգի միջոցով հափշտակել է 1760 եվրո գումար:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է ոչ միայն տվյալ հափշակության մեխանիզմը, այլև այն, որ այն իրականացրել է հանցավոր խումբ, և որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մ. Վ. Լիունը նրանց միակ «զոհը» չէ:
Մասնավորապես, ըստ նախապատրաստված նյութերի՝ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Գ. Ավետիսյանը 2009թ. ամռանը նախնական համաձայնության է եկել Ռուսաստանի Յոշկար Օլա քաղաքում բնակվող իր ազգականներ, Ռուսաստանի քաղաքացիներ, եղբայրներ Վարդան և Վահրամն Պողոսյանների հետ՝ արտասահմանում բնակվող անծանոթ անձանց պարբերաբար փոխանցումներով կասկածելի ծագման գումարների ստացման, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական բնույթն ու ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, մասնավորապես՝ դրանք մասամբ կոնվերտացնելու, ապա գումարի որոշակի մասը կնոջ և այլ անձանց անվամբ հանցակիցներին փոխանցելու, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ:
Գ. Ավետիսյանը կնոջ՝ Ն. Գյուլիջանյանի անվամբ վերոհիշյալ դրամական միջոցներն ստանալու համար Վարդան Պողոսյանին է տվել նրա կենսորոշիչ տվյալները՝ կանխիկացված գումարի 10%-ը որպես մասնաբաժին ստանալու պայմանով:
Պողոսյան եղբայրների հանցակիցները Ն. Գյուլիջանյանի անվան տակ «Match.com» ծանոթությունների կայքի միջոցով ծանոթացել են Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մ. Վ. Լիունի հետ և սիրային նամակագրական կապ հաստատել վերջինիս հետ: Արդյունքում Մ. Վ. Լիունը ամուսնանալու նպատակով Մեծ Բրիտանիա այցելելու պատրվակով «Moneygram» դրամական համակարգի միջոցով Ն. Գյուլիջանյանին է փոխանցել 1760 եվրո գումար, որը հափշտակվել և վերը նկարագրված եղանակով օրինականացվել է:
Բացի դրանից՝ պարզվել է, որ Պողոսյան եղբայրների և նրանց հանցակիցների կատարած գործողությունների հետևանքով տուժել է ևս 11 անձ եվրոպական 3 երկրից:
Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2010թ. մայիսի 5-ից մինչև 2011թ. օգոստոսի 29 ընկած ժամանակահատվածում Ն. Գյուլիջանյանի անվամբ «Moneygram» դրամական համակարգի միջոցով 37 դեպքով Հայաստանի մի շարք բանկեր են փոխանցվել ընդհանուր առմամբ 9 657 եվրո և 14 490 ԱՄՆ դոլար գումար:
Հիշյալ նախնական համաձայնության շրջանակներում ստացված գումարը կանխիկացնելուց հետո 10%-ը տնօրինել է Գ. Ավետիսյանը, 7 212 ԱՄՆ դոլարը 14.05.2010թ. մինչև 2010թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ 8 դեպքով: «Զոլոտայա կորոնա» և «Կոնտակտ» արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով Ն. Գյուլիջանյանի անունից փոխանցվել է Վահրամ Պողոսյանին, իսկ տարբերություն կազմող մյուս գումարը մինչև 2011թ. աշունն ընկած ժամանակահատվածը, մասամբ փոխարկվելով նաև ռուսական ռուբլու, նույն եղանակով Պողոսյան եղբայրներին է փոխանցվել Գ. Ավետիսյանի և վերջինիս մոր՝ Հ. Ավետիսյանի անունից, որի արդյունքում օրինականացվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Նախապատրաստված նյութերով ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մարմիններում քննվող քրեական գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գումար օրինականացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նշված քրեական գործն ուղարկվել է ԱԱԾ քննչական վարչություն նախաքննություն կատարելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել