HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ փետրվարի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության բարձր մակարդակն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Կարևորվել է երկու երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում ինտենսիվ երկխոսության պահպանումը։ 

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ: Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին։

Նախարար Այվազյանը բարձր է գնահատել Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը:

Հանդիպման օրակարգում էին նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter