Քաղաքացու քարտի հաշվեհամարից հափշտակվել է մոտ 3,5 մլն դրամ դրամ. հարուցվել է քրգործ
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում քաղաքացու դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու և կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու համար:
Քաղաքացուց 2012թ. մարտի 19-ին հաղորդում է ստացվել իր հաշվեհամարից կատարված գողության մասին: Հաղորդման և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բանկային կեղծ քարտի օգտագործմամբ պոս-տերմինալի միջոցով ինքնությունը չպարզված անձը 2010թ. հունիսի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանում կատարված 39 գործարքների իրականացմամբ գողության եղանակով Կ. Պետրոսյանի բանկային քարտի հաշվեհամարից հափշտակել է 3 685 757.40 ՀՀ դրամ գումար՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Այնուհետև հափշտակված գումարների ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նույն անձը, Չինաստանում գործող տարբեր առևտրային կազմակերպություններում 39 դեպքով առևտրային գործարքներ կատարելով, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացրել է:
Ուսումնասիրությունների համաձայն՝ գործարքը կատարել է Վիտալի Իզմայիլովի կենսորոշիչ տվյալներով, ինքնությունը չպարզված անձը:
Նկատի ունենալով, որ ինքնությունը չպարզված տվյալ անձի գործողություններում առկա են կեղծ վճարային քարտերի օգտագործմամբ իրականացված գողության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտն օրինականացնելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 203-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
«Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել