Սլովակիայում Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ
Եթե ցանկացած կարգի թուրք պաշտոնյա (ինչպես և ցանկացած այլ անձ) համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստը, ապա անմիջապես կպատժվի մինչև 5 տարվա ազատազրկմամբ: Այս մասին հայտարարել է Սլովակիայի գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը երեկ՝ Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար-կոթողին ծաղկեպսակ դնելուց հետո:
Շտեֆան Հարաբինը խիստ կարևորել է Սլովակիայի կառավարության ու խորհրդարանի ընդունված «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի» գոյությունը: Նա նշել է, որ պատրաստ է օգնելու ֆրանսիացի գործընկերներին ազատ խոսքի իրավունքը և մարդկության դեմ կատարված ոճիրը պատժելու անհրաժեշտությունը միմյանց չհակադրելու հարցում:
Բրատիսլավայում խաչքար-կոթողին ծաղկեպսակներ են դրել նաև ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Գագիկ Հարությունյանն իր ելույթում Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի ընդունված որոշման դրույթները որակել է բացառիկ ոչ արհեստավարժ ձևակերպված: Նրա խոսքերով՝ ՀՀ ՍԴ-ն համագործակցելու է սլովակ իրավաբանների հետ, Շտեֆան Հարաբինի գլխավորությամբ, ԵՄ մյուս երկրներին ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի ընդունման անհրաժեշտությունը ներկայացնելու գործում:
Սլովակիայի Ազգային խորհուրդը 2004թ. նոյեմբերին ընդունել է Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև, իսկ 2009թ. սեպտեմբերից երկրում գործում է «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենք»: Այս մասին հայտնում է ԵՀՄՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել