HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք պետական աշխատողների, այդ թվում Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2009թ. հուլիսի 6-ից մինչև 2011թ. նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2018թ. հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու և կազմակերպելու, սահմանված կարգով Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունն ապահովելու, ինչպես նաև իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու և Երևանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:

Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:

Այնուհետև, 2012 թվականին, Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ. մակերեսով հողատարածք, որից 575 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից զբաղեցրած հողատարածքից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ. մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը՝ դպրոցներին զրկելով փաստացի իրենց ամրակցված հողատարածքներն ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս: 

Հետագայում, 575 քմ. և  863,34 քմ. մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաև Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter