HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է պաշտպանության գործող նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունն այն բանից հետո, երբ հրաժարական էր տվել վարչապետ Գեորգի Գախարիան։ Այդ մասին հինգշաբթի՝ փետրվարի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։

«Այսօր կայացել է կուսակցության քաղխորհրդի նիստը, որտեղ որոշվել է վարչապետի թեկնածուի հարցը։ «Որպես կուսակցության առաջնորդ, իմ ներկայացման հիման վրա, քաղխորհուրդը միաձայն որոշել է Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում»,- նշել է Կոբախիձեն։ Վերջինիս խոսքերով՝ Ղարիբաշվիլին իշխող կուսակցության առաջնորդներից մեկն է, որը «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո, սկզբում զբաղեցրել է ՆԳՆ ղեկավարի, իսկ այնուհետ՝ վարչապետի պաշտոնը։ Կոբախիձեն նաև նշել է, որ կառավարության նոր կազմը կհաստատվի «կարճ ժամանակում»։

Իր հերթին Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր թիմը «շատ արագ կվերականգնի կարգն ու հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է երկրին՝ Սահմանադրության շրջանակներում բնականոն գործելու համար»։

Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2013 թվականի նոյեմբերի 20-ից 2015 թվականի դեկտեմբերի 24-ը։ 2019 թվականի մարտին նա դարձել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քարտուղար, իսկ նույն տարվա սեպտեմբերին նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին հրաժարական էր ներկայացրել վարչապետ Գեորգի Գախարիան՝ հայտարարելով, որ տարաձայնություններ ունի իշխող  կուսակցության հետ, ինչը պայմանավորված է դատարանի կողմից ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության որոշման հետ։ Գախարիայի խոսքերով՝ դա կբերի բևեռացման և կարող է երկրում անկայուն իրավիճակ ստեղծել։ Նրա հրաժարականից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցրել է Մելիայի ձերբակալության գործընթացը։

Վրաստանի ոստիկանությունը փորձ էր արել ձերբակալել Մելիային, որն արդեն երրորդ օրն է գտնվում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շենքում։ Ոստիկանությունն այդպես էլ չի կարողացել մտնել կուսակցության գրասենյակ, քանի որ Մելիայի կուսակիցները փակել են մուտքը ոստիկանների առաջ։ Մելիան մեղադրվում է 2019 թվականին խորհրդարանի շենք գրոհի փորձ կատարելու մեջ։ Նա կարծում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։

Լուսանկարը՝ vestnikkavkaza.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter