
Հ2 հեռուստաընկերության փոխտնօրեն. «Հ2-ի եթերազրկումը քաղաքական որոշման արդյունք է»
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից:
Հ2 հեռուստաընկերության փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը հանձնաժողովի որոշումը աննախադեպ է համարում, քանի որ միակ հեռուստաալիքը, որը զրկվել է հանրապետական հեռարձակման հնարավորությունից, Հ2-ն է»:
«Հ2-ի եթերազրկումը քաղաքական որոշման արդյունք է: Քաղաքական իշխանության տեսանկյունից հեռուստատեսությունը, որն ազատ է, որի վրա ազդեցություն չես կարող ունենալ, վտանգ է ներկայացնում: Ցանկացած ազատ լրատվամիջոց այդ խնդրին բախվում է: Եթե լրատվամիջոցն ազատ է, խնդիր է առաջացնում: Եթե հանրապետական ծածկույթ ունի, առավել ևս: Ինչ կարիք կա ունենալ հանրապետական ծածկույթում ազատ լրատվամիջոց, որին չես կարողանում ընկճել»,- ասաց նա:
Ըստ Սուլթանյանի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում, որը զուգորդվել է իրենց լռեցնելուն ուղղված բազմաթիվ հետևողական քայլերով. «Որևէ կասկած չունենք, որ այս որոշումը նույն տրամաբանության մեջ է»:
Փոխտնօրենի խոսքով՝ դեռևս 2008 թվականին ՄԻԵԴ-ն ունի նախադեպային որոշում Ա1+-ի հետ կապված: Որոշման մեջ նույն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կոնկրետ սխալներն են մատնանշված: Հանձնաժողովի սխալն այն էր, որ որոշումը պատշաճ կերպով պատճառաբանված և հիմնավորված չէ.
«Հայաստանի օրենքը պահանջում է, ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռը կա, հանձնաժողովը միևնույն է անտեսում է այդ վիճակը»:
Լևոն Սուլթանյանը նաև հայտնեց, որ որոշումը հրապարակելուց հետո հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հարցազրույցներից պարզ է դարձել՝ հանձնաժողովը հաշվի է առել 100-ից ավելի ինչ-որ չափանիշներ, այնինչ, օրենքում 7 չափորոշիչ է: Որոշման մեջ հանձնաժողովը 7 չափորոշչից 6-ին է անդրադարձել.
«Ցանկացած մասնակից պետք է պատկերացնի՝ ինչ թերություններ է ունեցել, որպեսզի հաջորդ մրցույթին ավելի լավ պատրաստվի: ՀՌՀ նախագահի ելույթներից մենք նաև որոշակի չափով հիմնավոր կասկած ունենք, որ կա կանխակալ վերաբերմունք մեր նկատմամբ»:
Անդրադառնալով Հ2-ի՝ միայն հանրապետական հեռարձակման համար մրցույթին դիմելու հարցին՝ փոխտնօրենը նշեց, որ հեռուստաալիքը 20 տարուց ավելի գոյություն ունի, և միշտ եղել է հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաընկերություն:
«Համարել ենք, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ մասնակցել նաև քաղաքային ծածկույթի համար՝ նվազեցնելով մյուս գործընկերների շանսերը: Դա նաև կապված է նրա հետ, թե ալիքն ինչպես է տեսնում իր ընդհանուր ծրագիրը, ում համար է արտադրում կոնտենտ: Հանրապետական ծածկույթ իրականացնելը տեխնիկապես ավելի թանկ է: Յուրաքանչյուր ԶԼՄ իր համար որոշում է որտեղ հեռարձակվի»,- նշեց նա:
Հ2-ը պայքարելու է իրավական հնարավոր միջոցներով: Հեռուստաընկերությունը դիմել է դատարան՝ հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, դիմումն արդեն վարույթ է ընդունվել:
«Հույս ունեմ, որ նախադեպ կստեղծվի, որը թույլ կտա մեր գործընկերներին պաշտպանված լինել նման տեսակի կամայականություններից»,- հայտնեց Հ2-ի փոխտնօրենը:
«Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի խոսքով՝ փետրվարի 15-ին նամակներ էին հանձնել մի շարք դեսպանատներ, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ գրասենյակին՝ այդպիսով ուշադրություն գրավելով հարցի շուրջ: Մինչ այժմ պատասխան չեն ստացել:
Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյանն ասաց, որ հանրապետական ծածկույթի համար նախատեսված ծրագրերը որոշ փոփոխությունների կենթարկվեն և նորից կհեռարձակվեն: Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը նույնպես կշարունակի հեռարձակվել:
Մեկնաբանել