HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մեկնարկային լիցքավորում կամ 9-ի մրցուղին - 2

Սկիզբը՝ Մեկնարկային լիցքավորում կամ 9-ի մրցուղին

Ֆոնային ուժեր

Ընտրությունների ֆոնը կապահովի երեք քաղաքական ուժ՝ «Օրինաց երկիր»-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմը:

ՕԵԿ-ն ընտրություններին գնում է բացարձակ սնանկ: Իրական քաղաքական կապիտալն այն մսխեց 2008-ի փետրվարին, երբ իր ընտրողների հսկայական բանակի թիկունքում գործարքի գնաց նորացված իշխանության հետ և իշխող կոալիցիայի մաս դարձավ: Անցած 4 տարում իրեն վերապահված ոլորտներում բացարձակ անգործունակ նախարարացուներ առաջադրելով, այդ պաշտոնի դիմաց ոմանց կուսակցականացնելով՝ ՕԵԿ-ը վերջնականապես համոզեց, որ սնանկ է նաև մարդկային ռեսուրսների և պոտենցիալ կադրերի առումով:

Խորհրդարանում, Կառավարությունում ՕԵԿ-ի կատարյալ կամազուրկ ու կախյալ գործունեությունը իրեն վերածեց փաստացի իշխանության կցորդի, որը, ըստ էության, ներկա պահին ՕԵԿ-ի միակ քաղաքական «կապիտալն» է, որովհետև իշխանության ներսում բևեռների արտաքուստ առաջացումն օգտագործելով՝ ՕԵԿ նախագահը կարողացավ իր նկատմամբ՝ որպես պոտենցիալ բուֆեր, պահանջարկ ձևավորել գործող նախագահի մոտ: Արդյունքում նա նախագահականից խորհրդարան անցնելու քարտ բլանշ ստանալու հնարավորություն ունեցավ:

Բայց կտրվի՞ այն ՕԵԿ-ին, թե՞ ոչ՝ կախված է լինելու բացառապես ՀՀԿ-ԲՀԿ կոնֆիգուրացիաներից ու ԲՀԿ-ի կանխատեսելիության ու հավատարմության առումով Սերժ Սարգսյանի բավարարվածության մակարդակից: Եթե ԲՀԿ-ն փորձի վերահսկողությունից դուրս պրծնել, կխաղարկվի ՕԵԿ-ի խաղաթուղթը, և ի հաշիվ ուռճացված ընտրացուցակների՝ նրան հնարավորություն կտրվի հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, որպեսզի ԱԺ-ում ՀՀԿ-ի հետ միասին ապահովագրվի նախագահի քաղաքական հենարանը:

Այն դեպքում, եթե նման վտանգ իշխանությունը ԲՀԿ-ից չզգա, ՕԵԿ-ը պարզապես կարող է վերածվել «ժողովրդավարական ընտրությունների» սկուտեղի վրա մատուցվող զոհի: Ցանկացած դեպքում ՕԵԿ-ին այլ ելք չի մնում, քան Սերժ Սարգսյանի բարյացակամությանն ու պարզապես հանգամանքների հարմար դասավորությանն ապավինելը:

Այս ընտրությունները սկզբունքայնության ու կենսունակության յուրահատուկ թեստ են լինելու ՀՅԴ-ի համար: Նախորդ երեք ընտրություններում՝ 2007-ի խորհրդարանական, 2008-ի նախագահական և 2009-ի Երևանի ավագանու, ՀՅԴ-ն մաս առ մաս կորցնում էր իր ամենակարևոր ռեսուրսը՝ կայուն ընտրազանգվածը, որը ցանկացած պարագայում պատրաստ էր կուսակցությանն անցկացնել խորհրդարան: ՀՅԴ-ի քաղաքական կապիտալը ձևավորված է երեք հիմնական բաղադրիչից՝ ազգային-գաղափարական, կառուցվածքային և դիսցիպլինար անխախտ համակարգ, այդ արժեքները գնահատող հարաբերականորեն կայուն ընտրազանգված և փաստացի հասարակական-քաղաքական հարաբերություններում Սփյուռքի «դեսպանի», բանախոսի կարգավիճակ:

Այս ռեսուրսը, սակայն, ակնհայտորեն այլևս չի բավարարում կուսակցությանը հաջողության համար: Ի թիվս այլ քաղաքական ուժերի՝ ՀՅԴ-ն ևս գտնվում է իր նկատմամբ հանրային և ներկուսակցական վստահության որոշակի ճգնաժամում, որը պայմանավորված է անցած 5 տարում իշխանության նկատմամբ դրսևորած հակասական վարքագծով:

2009-ին կուսակցությունը դուրս եկավ իշխանական կոալիցիայից և անցած երկու տարին, փաստորեն, ծառայեցնում էր, այսպես կոչված, հավասարակշռված ընդդիմության կարգավիճակն ու իմիջը ձեռք բերելուն: Չնայած այդ ուղղությամբ կատարած քայլերը եղել են սկզբունքային ու հետևողական, սակայն ընտրողների մեջ չեն վերանում մտավախություններն առ այն, որ ընտրություններից հետո ՀՅԴ-ն կրկին սեպարատ բանակցությունների մեջ կմտնի իշխանության հետ: Թեև քանի դեռ օրակարգում հայ-թուրքական սառեցված, բայց չմերժված արձանագրությունների ստորագրման վտանգը կա, ՀՅԴ-ն ակնհայտորեն չի շեղվելու այսօրվա քաղաքական կուրսից:

Շատ բան կախված է լինելու նրանից, թե ՀՅԴ-ն որքանով հետևողական կլինի հատկապես ընտրակեղծիքների կանխման գործում մինչև քվեարկության պահը: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն հայտ է ներկայացրել առաջնորդելու կամ պաշտպանելու ընտրողների քվեն, և մարդիկ պարզապես ուզում են համոզված լինել, որ դա անխախտ ու անկեղծ ձգտում է: Եթե այս առումով Դաշնակցությունը կարողացավ համոզիչ լինել, անկասկած, ոչ միայն կկարողանա անցնել խորհրդարան, այլև ինչ-որ չափով խառնել նախագահականում դասավորած խաղաքարտերը:

«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միավորման՝ խորհրդարան անցնելու շանսերն անհամեմատ ավելի ցածր են, թեև նախապես անգամ ՀՅԴ-ից այն որոշակի առավելություն ուներ: Դիրքերի զիջման պատասխանատուն բացառապես «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով ոչ մի տրամաբանական բացատրություն չտվեց, թե ինչու էր անհրաժեշտ դաշինք կազմել նորելուկ մի կուսակցության հետ, որի թե ստեղծումը, թե նպատակները, թե դերակատարությունը մինչև հիմա ոչ ոք չի հասկացել:

«Ազատ դեմոկրատները» «Ժառանգությանը» ոչինչ չտվեց: Փոխարենը կուսակցությունը կորցրեց դեմքը, որն ապահովում էին համամասնական ցուցակի ոչ անցողիկ տեղերում հայտնված երիտասարդ, եռանդուն, գաղափարախոսությանը հավատարիմ, գրագետ ու կիրթ շերտը: Անցած տարիներին նրանք փաստացի միս ու արյուն տվեցին կուսակցությանը: Հիմա նրանք մղվում են երկրորդական պլան: Հենց նրանք, այլ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն էր կերտել «Ժառանգությունը», որովհետև կուսակցության լիդերը անցած 4 տարում աչքի է ընկել բացառապես անհասկանալի ու հակասական գործողություններով ու որոշումներով՝ երբեմն ուղղակի ցնցումների ենթարկելով կուսակցությանը:

Դեռ անցած տարի «Ժառանգությունը» շրջանառության մեջ դրեց, այսպես կոչված, «ապակենտրոն» քաղաքական-քաղաքացիական պայքարի հայեցակարգը և համառորեն փորձում է այն կյանքի կոչել: Հենց այդ տրամաբանությամբ, իբր, կազմվեց համամասնական ցուցակը՝ առաջին պլան բերելով հասարակական ու քաղաքացիական ակտիվություն դրսևորող մի քանի անհատի, որոնք «Ժառանգության» հետ ոչ մի ընդհանուր բան իրականում չունեին:

Արդյունքում նոր հարցականներ ու տարակույսներ ի հայտ եկան: Արդյո՞ք «Ազատ դեմոկրատներ»-ի հետ դաշինքը, նոր աննուններին առավելություն տալը առաջ քաշված հայեցակարգը կենսագործելու լավագույն քայլերն էին, թեև հայեցակարգն ինքնին ի սկզբանե անիրագործելի էր, որովհետև քաղաքական ուժի կողմից որևէ շարժում նախաձեռնելն արդեն չէր կարող ապակենտրոն լինել:

Այս դաշինքի հիմնական ընտրազանգվածը ազատական մոտեցումներով միջին խավի այն հատվածն է, որը խուսափում է ցնցումներից, բայց նաև գիտակցում է իր քաղաքացիական իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը: Սակայն լայն զանգվածներին համոզելու իմաստով այս դաշինքը լրջագույն խնդիրներ է ունենալու, և դա չի կարող չազդել նրա հնարավորությունների վրա:

Հետնապահներ

Սրանք այն ուժերն են, որոնք ոչ մի եղանակ չեն ստեղծում և որևէ ազդեցություն ընտրական գործընթացի վրա ունենալ չեն կարող: Ի սկզբանե բոլոր երեք կուսակցություններն էլ եղել են մարգինալ: «Միավորված հայեր»-ին՝ որպես ամբողջություն, ոչ ոք չի ճանաչում:

Կոմկուսը, որը դեռևս չի կարողանում թոթափել պառակտումների կործանարար հետևանքները, աննահանջ կերպով կորցնում է իր ընտրազանգվածը, որը կազմում են նախկին հասարակարգի բարիքներից օգտված սահմանափակ թվով տարեցները և «սովետի» նկատմամբ անհույս նոստալգիա ունեցողները: Եթե Կոմկուսը գոնե կարողանար ընտրություններից առաջ միավորել ցիրուցան եղած, տրոհված իր հատվածներին, գուցե նաև իր ազդեցության սահմաններում համապատասխան քարոզարշավի միջոցով կարողանար պակասեցնել քվեն վաճառողներին:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայանալի է միայն իր ղեկավարի՝ Արամ Սարգսյանի դեմքով: Այն երբեք որակական միավոր չի եղել և ինքնադրսևորվել է այս կամ այն նախաձեռնությունների ու քաղաքական ձևաչափերի համատեքստում:

Այս ուժերը գուցե ունեն որոշակի գաղափարական բազա, բայց ոչ բավարար ռեսուրսներ: Նրանց առավելագույն նպատակն ինքնագովազդն է, գուցե նաև լիդերների նկատմամբ քաղաքական դաշտում որոշակի պահանջարկ ձևավորելը: Դա էլ, իհարկե, քիչ չէ, եթե կարողանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter