HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Իշխանության ներկայացուցչին զրպարտելու արարքը քրեականացնելը կարող է սահմանափակել քաղաքական դիսկուրսը

Հանրային ծառայողին զրպարտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող նախագծի նպատակն է պաշտպանել պետության համար աշխատող մարդկանց՝ անկախ նրանից՝ վերին, ստորին, թե՞ միջին օղակում է նա գտնվում:

Նման համոզմունք հայտնեց գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը Մեդիա կենտրոնի հրավիրած առցանց քննարկմանը: Հիշեցնենք, որ դատախազությունը նախագիծը քննակման է ներկայացրել փետրվարի 17-ին:

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից մինչև 500 հազար):

Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված հանրային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով (500 հազարից մինչև 3 միլիոն դրամ) կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ամիրյանն իր խոսքում վկայակոչեց եվրոպական երկրներ, ինչպես, օրինակ, Գերմանիան, Ավստրիան, որտեղ վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն է սահմանված, ուստի, իր կարծիքով, այս առումով Հայաստանը հեծանիվ չի հորինել. խնդիրը պետք է հանրային հարաբերությունների տիրույթում դիտարկել: Կարեն Ամիրյանի խոսքով՝ դատախազության իրականացրած մշտադիտակումն այն եզրահանգման է հանգեցրել, որ հասարակությունում ատելության խոսքի, բռնության կոչերի և ոչ հարգալից վերաբեմունքի խնդիր կա, ուստի զրպարտությունը պետք է դիտարկել որպես հանրային բարձր վտանգավորության աստիճան ունեցող արարք՝ նախատեսելով քրեական պատասխանատվություն: Ըստ նրա՝ այն կլինի զսպող մեխանիզմ: Ամիրյանը նաև համոզմունք հայտնեց, որ հանրային ծառայողին վիրավորելը վիրավորանք է պետությանը:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ փորձագետ, փաստաբան Դավիթ Ասատրյանը հակադարձեց՝ քրեական պատասխանատվություն սահմանելը բավական դաժան մեթոդ կլինի անձի նկատմամբ, որը ցանկացել է հայտնել իր կարծիքը, որքան էլ այն լինի զրպարտող կամ վիրավորական: Ըստ փաստաբանի՝ նման պատժամիջոցը կարող է առաջացնել վախի մթնոլորտ, ինչպես նաև՝ սահմանափակել քաղաքական դիսկուրսը: Վերջինս նաև չհամաձայնեց դատախազության ներկայացուցչի այն դիտարկման հետ, թե պաշտոնատար անձին վիրավորելը նույնականացվում է պետությանը վիրավորելու հետ:

Դավիթ Ասատրյանը նաև ընդգծեց՝ ավելի շատ ավտորիտար պետություններն են կիրառում նման խիստ միջոցներ, ուստի սա ժողովրդավարությունից հետընթաց է:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին այս քննարկումը դեժավյու թվաց, վերջինս հիշեց, որ նման քննարկումներ եղել են ավելի քան 10 տարի առաջ, երբ ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը: Մելիքյանի խոսքով՝ չնայած այն ժամանակ շատ ավելի ավտորիտար տարիներ էին, սակայն ԶԼՄ ներկայացուցիչների փաստարկներն ավելի հիմնավոր որակվեցին, և ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը:

Ինչ վերաբերում է եվրոպական երկրների փորձին, Մելիքյանը պնդեց՝ երբ Հայաստանը Գերմանիայի կամ Ավստրիայի նման ժողովրդավարական ավանդույթներ կունենա, այդ ժամանակ այսքան ցավալի չի ընդունվի նման օրենսդրական առաջարկը: Ըստ նրա՝ նման պատժամիջոցները ակտիվ կիրառվելու են և լուրջ խոչընդոտ են հանդիսանալու խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության համար: ԽԱՊԿ նախագահն ընդծեց՝ բոլոր հարթակներում հանդիպում են վիրավորանքներ ու զրպարտություններ, սակայն դրա դեմ պայքարի շատ ավելի քաղաքակիրթ մեթոդներ կան, սակայն իշխանությունը չի ցանկանում նման աշխատատար պրոցես տանել: Մելիքյանի խոսքով՝ պետական պաշտոնյաները վերին արտի ցորեն չեն, հատուկ պաշտպանության կարիք չունեն:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ հավելեց՝ ցանկանանք, թե չցանկանանք, նման նախաձեռնությունները դիտարկվում են քաղաքական համատեքստում: Վերջինս հիշեցրեց՝ վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացվելուց հետո բավական շատ դատական գործեր քննվեցին դատարանում, ինչը հարիր է ժողովրդավարական երկրին: Նրա կածիքով՝ վերջին շրջանում քննարկվող նման նախագծերը վերջին քաղաքական իրադարձություններով են պայմանավորված: Ըստ նրա՝ նման պայմաններում իշխանության ներկայացուցիչների աշխատանքի համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելն առկա խնդիրները չի լուծելու, և միգուցե նրանց հարմարավետությունից հանելն ավելի նպաստավոր կլինի խնդիրների լուծման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter