
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը չի կալանավորվի
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր մերժել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքը: Ախոյանը կշարունակվի գտնվել ազատության մեջ: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը մեղադրվում է Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ:
Հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, և բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք փորձել են մուտք գործել Կառավարության շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի, որոնք թվում՝ Արագած Ախոյանը բերման են ենթարկվել: Արագած Ախոյանին ու ևս 4 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարան:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժել է Ախոյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել:
Մեկնաբանել