Անդրանիկ Սողոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
«Զապ» անունով հայտնի Անդրանիկ Սողոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Արթուր Պիվազյանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այսինքն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը։ Այս արարքի համար նախատեսվում է պատիժ՝ 8-12 տարի ազատազրկումը՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սողոյանը 2020 թվականի օգոստոս ամսին կալանավորվել էր, և վերջերս՝ նախքան նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը, ազատ արձակվել։
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Սողոյանի ազատման հարցում դերակատարություն է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, և Սողոյանի կալանքի ժամկետը հերթական անգամ լրանալուց հետո գործով քննիչը միջնորդություն չի ներկայացրել այն երկարացնելու վերաբերյալ։
Արթուր Պիվազյանը մեզ հետ զրույցում, այս հանգամանքին անդրադառնալով, նշեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Պաշտպանը նշեց, որ քննիչը Սողոյանի կալանքի ժամկետը հերթական անգամ երկարացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն դատարանը, նախագահությանբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, միջնորդությունը մերժել է՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։
«Դա հիմք է տալիս ենթադրել, որ զանգ չի եղել, եթե զանգը կապվում էր նրա հետ, որ քննիչը միջնորդություն չտանի դատարան, ապա այդպիսի բան չի եղել, քննիչը միջնորդությունը ներկայացրել է»,- ասաց Արթուր Պիվազյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել