ՌԴ ԱԳՆ-ն արտասահմանցի դիվանագետներին առաջարկել է պատվաստվել «Спутник V»-ով. ԱՄՆ դեսպանը հրաժարվել է
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը երկրում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչություններին առաջարկել է անվճար պատվաստվել «Спутник V» պատվաստանյութով։ Այդ մասին գրում է «Коммерсант»-ը։ Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է շուրջ 12 հազար դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների մասին։
«Դիվանագիտական կորպուսին, կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հրավիրման պրակտիկան, տարածված է աշխարհի բազմաթիվ երկրներում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ COVID-19-ի դեմ պատվաստման առաջարկն անելով, Ռուսաստանը կատարում է միջազգային պայմանագրերով իր պարտականությունները։
Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր կերպ են արձագանքել ՌԴ ԱԳՆ-ի առաջարկին։ Այսպես, ԱՊՀ, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների դիվանագետները համաձայնվել են պատվաստվել։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է, որ չի պատվաստվի, քանի որ «չի ցանկանում ստանալ «Спутник V»-ի դեղաչափ, որը նախատեսված է Ռուսաստանի քաղաքացիների համար»։ Այդուհանդերձ, The Washington Post-ը գրում է, որ ամերիկյան դեսպանատան որոշ աշխատակիցներ խնդրել են պատվաստվել ռուսական պատվաստանյութով, քանի որ կասկածում են, որ առաջիկա ամիսներին կկարողան ստանալ ամերիկյան Moderna և Pfizer ընկերությունների պատվաստանյութ։ Ավելի ուշ, «Коммерсант»-ին ամերիկյան դեսպանատան դիվանագետներից մեկը հայտնել է, որ դեսպանատան բժիշկը դեսպանին բացատրել է, որ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների պարագայում, բուժման ժամանակ, նա չի կարողանա օգտվել բժշկական ապահովագրությունից։
ԵՄ անդամ երկրների դեսպանատների մի շարք աշխատակիցներ «Коммерсант»-ին հայտնել են, որ իրենց խորհուրդ չի տրվում պատվաստվել «Спутник V»-ով, քանի դեռ այն չի ստացել Դեղամիջոցների եվրոպական գործակալության հավանությունը։
РИА Новости-ի տվյալներով՝ Ռուսաստանում արդեն իսկ պատվաստվել են Մոնղոլիայի, Իսպանիայի և Բելառուսի դեսպանատների աշխատակիցները։
Լուսանկարը՝ Дмитрий Духанин / Коммерсантъ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել