HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ մի հուշարձան չի վնասվելու կամ քանդվելու. Ֆիրդուս թաղամասի կառուցապատման նախագիծը հանրային քննարկման է դրվել

«Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ն Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի կառուցապատման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել ՇՄ նախարարություն: Դրա վերաբերյալ հանրային քննարկումները տեղի կունենան փետրվարի 25-ին` ժամը 11:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում: Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության հայտարարության` դրանք արդեն երկրորդ հանրային քննարկումներն են լինելու: Առաջինը, ըստ նախաձեռնողների, տեղի է ունեցել 2020թ. հունիսի 4-ին:

Նախատեսվող գործունեության ձեռնարկողը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ն է, իր և մնացյալ 16 ընկերությունների անունից, համաձայն 2020թ. մարտի 12-ին կողմերի միջև կնքված համաձայնագրի:

Ըստ այդ համաձայնագրի` ձեռնարկող «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ն կազմակերպելու է փորձաքննական գործընթացը, որի արդյունքներով տրամադրվող փորձաքննական եզրակացությունը կիրառելի կլինի մյուս` արևմտյան Հայաստանի տեղանուններով կազմված ընկերությունների ու կառուցապատողների գործունեության համար, քանի որ կառուցապատումը կատարվելու է նույն տարածքում: Կառուցապատվող տարածքը, հիշեցնենք, զբաղեցնում է շուրջ 57 հազար քմ:

Այդ ընկերություններին պատկանող, հասարակության և պետության կարիքների համար վերցվող տարածքները ներառում են Հանրապետության, Ֆիրդուսի, Խանջյան և Չայկովսկու փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հասցեներում գտնվող շենքերը, բնակելի տները, ավտոտնակները և այլ շինություններ, իսկ որոշ հատվածներում նաև պատմամշակութային հուշարձաններ։

Ավելի կոնկրետ, պատմամշակութային հուշարձաններն ընդգրկված են «Բիթլիս Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն», «Ակն Քոնսթրաքշն», «Մանազկերտ Քոնսթրաքշն», «Սասուն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերություններին կառուցապատման համար տրամադրված տարածքներում։

Նախագծում հստակ նշվում է, որ այն լոտերը, որոնցում առկա են պատմամշակութային հուշարձաններ կամ տարածքներով հարում են հուշարձաններին, նախատեսվելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահպանության ընթացակարգերի կիրառում: Մասնավորապես ընթացիկ, հայեցակարգային նախագծման փուլում նախատեսված է, որ ոչ մի հուշարձան չի վնասվելու կամ քանդվելու:

Վերջնական համաձայնեցումներից հետո դիտարկվելու է անգամ այնպիսի տարբերակ, որով նախատեսվում է Երևանի կոնսերվացված հուշարձանային շենքերի քարերը և ճարտարապետական լուծումներն օգտագործել 33 թաղամասի ընդհանուր կոնցեպտում՝ ստեղծելու համար յուրատեսակ ճարտարապետական միջավայր: Այլ թաղամասերի քանդված շենքերի մնացորդները, բոլոր պահանջվող համաձայնեցումներից հետո, կարող են տեղափոխվել և կվերկանգնվեն այս հատվածում՝ օգտագործելով դրանք 33 թաղամասի կառուցապատման արտաքին ֆասադներում կամ այլ հնարավոր հատվածներում:

«Վերջնական աշխատանքային նախագծի մշակման փուլում յուրաքանչյուր կառուցապատողի կողմից, ըստ լոտերի, կմշակվի վերջնական ճարտարապետա-շինարարական նախագիծ, որը կներառի նաև հուշարձանների պահպանության նախագծերը նշված լոտերի համար: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծերը կհամաձայնեցվեն պետական լիազոր մարմնի հետ և կստանան մասնագիտական եզրակացություններ և որում կսահմանվեն պահպանության ընթացակարգեր»,- նշվում է ՇՄԱԳ-ում:

ՇՄԱԳ-ի նկարագրությունից պարզ է, որ Երևանի քաղաքապետի կողմից տրվել է նախագծման թույլտվությունները (ճարտարապետահատակագծային առաջադրանքներ) «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ին:

Համաձայն ճարտարապետական նախագծի` ընդանուր կանաչապատման մակերեսը կազմելու է 11 600 քմ: Ընդհանուր կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին կազմում է 20.11%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter