HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տունը, որ մնաց լուսանկարում

«Իրիկունը երեխայի հետ գնում եմ խանութ, հետո ասում եմ՝ արի մեր տուն գնանք, ասում է՝ չէ, պապի’, մեր տունը հեռախոսի մեջ ա»,- պատմում է Ալյոշա Բաղրյանը։

Հադրութի շրջանի նրանց գյուղը՝ Ուխտաձորը, իսկապես այսօր կարելի է տեսնել միայն լուսանկարներում։

«Ցույց տուր՝ երեխեքի հետ որտե՞ղ ես խաղացել, Ալյոշիկ»,- որդուն ասում է Արմանը։ Պապն էլ հուշում է. «էն մագազինի մոտ, էն որ գնում էիր մառոժնին ուտելու»։

Ալյոշիկը 3 տարեկան է, մոր և փոքր քրոջ՝ Ստելլայի հետ սեպտեմբերի 28-ին է տեղափոխվել Հայաստան, իսկ հայրը՝ Արմանը, համագյուղացիների հետ մեկնել է առաջնագիծ՝ որպես կամավոր, և կռվել «Կարախանբեյլի» կոչվող հատվածում (Ֆիզուլիի մոտակայքում), ապա՝ Շուշիի, Ստեփանակերտի ուղղություններում։

Արմանը զինվորական չէ, Ուխտաձորում զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ, աշխատել դպրոցի կաթսայատանը։

Իսկ այսօր ընտանիքի հետ ապրում է Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում. վարձով տունը գտել են ընդհանուր ծանոթների միջոցով, ամսական վճարում են 60 000 դրամ՝ պետությունից որպես աջակցություն ստացած գումարով։

Տունը, որտեղ 5 հոգանոց ընտանիքն ունի մեկ սեղան, մեկ աթոռ ու մեկ չաշխատող սառնարան, փետրվարի վերջին պետք է ազատեն, քանի որ այն արդեն վաճառված է, իսկ նորը դեռ չեն գտել։ Արմանն ասում է, որ հավանաբար ժամանակավոր կապրեն Մրգաշատ գյուղում, կնոջ՝ Արմինեի տատիկի տանը։

Ուխտաձորը մոտ 300 հոգանոց փոքր գյուղ է, որտեղ բոլորն իրար ճանաչում էին, հիմա էլ իրար զանգում են՝ տեսնելու, թե ով որտեղ է ու ոնց է ապրում։ Արմանը չի դժգոհում այնտեղի իր կյանքից, ասում է՝ Ուխտաձորում ապրում էին իրենց կառուցած երկհարկանի տանը, անասուն պահում, տնամերձ հողատարածքը մշակում։

Ալյոշա Բաղրյանը բնիկ ուխտաձորցի է։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1993թ.-ին, Ալյոշայի կինը, հայրը, քեռին և քեռակինն անհետ կորել են. նա միայնակ է մեծացրել իր 3 երեխաներին (երկու աղջիկ, մեկ տղա)։

Հիմա էլ, ասում է, պետք է արդեն ծերությունը վայելեր, բայց պատերազմն ամեն ինչ փոխեց, և ինքն իր հայրենի գյուղը ստիպված եղավ լքել «տկլոր»՝ առանց որևէ բան վերցնելու, բայց նաև հավելում է, որ հատուկ պահանջներ չունի. որտեղ պատահի, ոնց պատահի՝ կապրի, իր հիշողություններն իր հետ են. «Էնտեղ ամեն ինչ էլ ունեինք մեզ, բայց դա երկրորդական է։ Գլխավորն այն է, որ մենք թողել ենք մեր պատմությունը, մեր հուշերը, մեր գերեզմանները, մնացածը….տունն էլ ա գալու իր տեղը, անասունն էլ ա գալու, ունեցվածքն էլ ա գալու, բայց որ թողել ես քո պատմությունը, էլ հետ չի գա»։

Արմանն ասում է, որ նույնիսկ տան հավաքած փողը չեն վերցրել՝ մտածելով, որ շուտով վերադառնալու են տուն։ «Ասի՝ պապ ջան, մեր հողերը չեն վերկալում, թող մնա տունը»,-հիշում է նա։

«Իմ աչքիս մենակ իմ թազա պրոտեզն ա երևում,- կատակելով ավելացնում է Ալյոշա Բաղրյանը,- հարսս չգիտեմ, թե որտեղ ա դրել»։

Արմանը մտածում է Հայաստանում նորից հողագործությամբ զբաղվել, բայց հույսը չի կորցնում, որ Ուխտաձորը, հնարավոր է, «հետ տան»«Ամեն մարդ մի բան է ասում, որ հետ տան, կգնանք մեր գյուղերը, որ չէ, ոնց էլ չլինի, էստեղ կապրենք։ Բան չկա վախենալու, մեկ ա՝ ռուսական զորքն էնտեղ ա լինելու, մեզանից 7 կմ ներքև։ Ինչի՞ համար վախենամ»։

Արմանը լիահույս է՝ վերադարձը հնարավոր է, քանի որ Հադրութն ու Շուշին երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում։

Խոհանոցում՝ հատակին, իր միակ տիկնիկով խաղում է Ստելլան, նա ուրիշ խաղալիք չի ուզում, իսկ Արմանն ասում է՝ լավ կլիներ գոնե աշխատող սառնարան ունենային, որ երբ եղանակը տաքանա, սնունդը կարողանան պահել։ Բայց մի փոքր դադարից հետո հավելում է՝ միայն խաղաղություն թող լինի. աշխատող մարդն ամեն տեղ էլ կաշխատի, իրեն կպահի։

Պատրաստվում ենք դուրս գալ։ Ալյոշիկը կարծես մեզ չի էլ նկատում, նորից վերցնում է մոր հեռախոսը, բացում Ուխտաձորի լուսանկարներն ու սկսում ինքն իրեն խոսել.

-Մեր տունը կորել ա, կորել։

«Էհոր գնաս, տեսնես՝ քո հոր գերեզմանը, քո մոր գերեզմանը չկա, տունդ՝ վառած, քո պատմությունը՝ վառած. քեզ անասու՞ն ա պետք, անասունը կարող ես էստեղ էլ ձեռք բերել, ունեցվածք էլ կարող ես ձեռք բերել, բայց մնացած բաները չես կարա հետ բերես»,-բարձաձայն մտորում է պապը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter