HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռեստորանների հայկական միության անդամների հետ քննարկվել է համագործակցության հետագա անելիքները

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական հանդիպումն է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության իրականացրած աշխատանքը և քննարկել համագործակցության նոր հնարավորությունները։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Միության անդամները կարևորել են զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանման խնդիրը և այդ առումով պետական աջակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։ Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել պահը, երբ Հայաստանը դուրս է եկել համավարակի կարմիր գծից, և միջոցներ ձեռնարկել զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր գրավելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքը։

Նախարարը նշել է, որ զբոսաշրջության ոլորտին ուղղված պետական աջակցությունն իրականացվում է ըստ ընթացակարգի։ Նա նաև տեղեկացրել է, որ զբոսաշրջության զարգացման հարցերով պարբերաբար քննարկումներ է ունենում տարբեր կառույցների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ։ Արդյունքում ուրվագծվել են հետաքրքիր գաղափարներ և նախաձեռնություններ։ Նոր նախագիծ է մշակվում նաև Զբոսաշրջության կոմիտեի կողմից, որի հետ նախարարը հորդորել է ավելի ակտիվ համագործակցել։

Միության անդամները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնցից մեկը պետական աջակցությամբ զբոսաշրջային միջոցառումներում գաստրոնոմիայի բաղադրիչի ներառումն է։ Անդրադարձ է եղել նաև մարզերում սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությանը։ Միությունը պատրաստակամություն է հայտնել որոշ մարզերում իրականացնել պիլոտային ծրագիր՝ կազմակերպել համապատասխան դասընթացներ։                  

Պայմանավորվածության համաձայն՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter