Առաջարկ կա բարձրացնելու դատական հայցադիմումների տուրքը
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ «Պետական տուրքի մասին» օրենքում` բարձրացնելով դատարան դիմելու հայցադիմումների համար տուրքի չափը: Նախագիծը քննարկվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, այն ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, ում խոսքով նման նախագծի հեղինակման համար հիմք է հանդիսացել թե՛ վերջին տարիներին նվազագույն և միջին աշխատավարձի բարձրացումը, թե՛ միջազգային փորձը: Դանիելյանը հիշեցրեց, որ օրենքն ընդունվել է 1999 թվականին և դրանից հետո դրույքաչափի փոփոխություն չի եղել:
Ըստ նախագծի` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող` այդ թվում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի կողմից ներկայացվող դրամական պահանջով հայցադիմումների համար կկիրառվի հայցագնի 3 տոկոսի չափով տուրք, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 25 000-ապատիկից, ոչ դրամական պահանջով դատական հայցի դեպքում` բազային տուրքի 20-ապատիկի չափով տուրք: Հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար կկիրառվի բազային տուրքի 20-ապատիկի չափով տուրք, հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար` բազային տուրքի 15-ապատիկի չափով տուրք: Ամբողջ փոփոխությունն` այստեղ:
Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով հայցվորները, խեղման կամ առողջությանը պատճառված այլ վնասի, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով հայցվորները, հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով հայցվորները և այլն:
Նկատենք, որ գործող օրենքով վարչական վարույթների պարագայում բոլոր դեպքերում գանձվում է նույն չափով տուրք: Առաջարկվում է դրամական արտահայտությամբ հայցերի գումարների աճին զուգահեռ բարձրացնել տուրքի դրույքաչափերը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նկատեց` այնքան էլ տեղին չէ նման սոցիալական պայմաններում պետական դրույքաչափերը բարձրացնել: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք տուրքի փոփոխությամբ պետությունը չի զրկում քաղաքացուն դատարանի մատչելիության իրավունքից:
Փոխնախարարն արձագանքեց` փոփոխություններից հետո էլ քաղաքացիները լիարժեք հնարավորություն են ունենալու օգտվել իրենց իրավունքից, այլ հարց է, որ իրավունքների չարաշահման դեպքեր չեն լինի: Դանիելյանի խոսքով` պետական տուրքը երկու գործառույթ ունի` դատական ծախսերի ապահովում և անհիմն հայցադիմումներից պաշտպանություն: Ըստ փոխնախարարի` տուրքի բարձրացման դեպքում քաղաքացիներն ավելի պաշտպանված կլինեն իրենց դեմ ուղղված չհիմնավորված հայցադիմումներից:
Նախագահող Անի Սամսոնյանն էլ նշեց, որ պետական տուրքի բարձրացումը կարող է խոչընդոտել դատարան դիմելու քաղաքացիների իրավունքը:
Դանիելյանն արձագանքեց, որ ուսումնասիրելով միջազգային փորձը՝ ակնհայտ է, որ իրենց առաջարկած ցուցանիշն այլ երկրների համեմատությամբ բավական ցածր է: Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել