HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրի ԲԿ-ն ձեռք է մեկնում «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ին՝ փրկելով նրան լուծարումից

«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ն միանում է Գյումրի ԲԿ-ին: Գործընթացն ավարտին հասցնելու համար սահմանվել է 8 ամիս ժամանակ: Միավորման որոշումը Կառավարությունը կայացրել էր 2020թ.-ի նոյեմբերի 18-ին: Տարատեսակ խոշորացման գործընթացների պատմության մեջ թերեւս սա առաջին դեպքն է, երբ բուժական հաստատությունները միավորվում են՝ պահպանելով մարդկային ռեսուրսն ու շենքային միավորը: «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Սուքիասյանի համոզմամբ, ծննդատան համար սա ամենաընդունելի տարբերակն էր, քանի որ տարիներ շարունակ՝ կապված կուտակած պարտքերի հետ, բոլոր տեսակի քննարկումները հանգեցնում էին հաստատության լուծարման առաջարկին:

«Երկու տարի առաջ ես ծննդատունն ընդունել եմ 60 մլն դրամ պարտքով,-ասում է տնօրենի պաշտոնակատար Էդգար Սուքիասյանը,- պարտքերի առաջացման համար կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ: Նախ, որ ծննդատանը շատ մոտ գործող բուժհաստատությունում մի քանի տարի առաջ բացվեց ծննդաբերական բաժանմունք. սա բերեց ծնունդների քանակի նվազման մեզ մոտ, որն առանց այդ էլ շատ չէր: Դրան հաջորդեց բյուջեի կրճատումը: Շենքի պահպանման ծախսերը, աշխատակիցների քանակը մնաց նույնը, սակայն կրճատվեց ֆինանսավորումը: Մենք ունեինք շենքի վերանորոգման, սարքավորումների արդիականացման խնդիրներ, որոնք իրականացնելու դեպքում պարտքն ընդհանրապես աճելու էր»:

Ծննդատան փակման դեպքում մոտ 70 աշխատակից համալրելու էր գործազուրկների շարքերը: Շենքը Պետական կառավարման գույքի կոմիտեին չհանձնելը հնարավորություն է ընձեռում աշխատանքները կազմակերպել տեղում եւ չգնալ կրճատումների: «Էս տարբերակում ընդամենը մի քանի հաստիք է դուրս գալիս վարչական կազմից, այդ թվում եւ տնօրենի: Ես կանցնեմ իմ բուն մասնագիտական գործունեությանը՝ մանկաբարձ-գինեկոլոգի,- նկատում է Էդգար Սուքիասյանը,- բացի դրանից, երբ արդեն վերացավ բուժհաստատությունը փակելու հարցը, կարողացել ենք այս ընթացքում երիտասարդ մասնագետներ աշխատանքի ընդունել: Գյումրի ԲԿ-ից փոխառություն գումար վերցնելով՝ սկսել ենք հիվանդասենյակների նորոգումը, որ ծննդկանների համար շատ ավելի լավ պայմաններ ապահովենք: Վերանորոգել ենք սանհանգույցները, միջանցքները, խոհանոցը եւ վերակենդանացման հիվանդասենյակը»:

Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը, որ ժամանակին ղեկավարել է «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ն, օպտիմալացման ողջ գործընթացի մեջ հատկապես կարեւորում է շենքի չհանձման խնդիրը: «Գյումրու բժշկական կենտրոնն ինքը մի քանի բուժհիմնարկների միավորման արդյունք է: Օպտիմալացման արդյունքում նույն Գյուլբենկյանի, Սամարիթերի շենքերը հանձնվեցին պետքգույքին: Էն, որ ծննդատան շենքը մնում է մեզ, դա որոշման ամենակառուցողական հատվածն է: Նախ կրճատումներ չունեցանք: Եթե օպտիմալացնեին այնպես, ինչպես նախկինում, ապա կկարողանայինք մոտ տաս հոգու տեղավորել աշխատանքի, մնացածը դուրս կմնային: Ճիշտ է, բավական մեծ պարտք կա կուտակած, մոտ 120 մլն դրամ, բայց հույս ունենք հաղթահարել ճգնաժամը: Բացի դրանից, պահպանեցինք կարելի է ասել, պրոֆեսիոնալ կառույց: Շենքն ունի 8 մուտք, որը հնարավորություն է տալիս հարկ եղած դեպքում, իզոլացնելով շենքի տարբեր հատվածներ, իրականացնել մի քանի գործառույթ: Համաճարակը, հետո պատերազմը, ցույց տվեցին, որ թիկունքի համար նման կառույցների պահպանումը կենսական անհրաժեշտություն է»:

Արմեն Իսահակյանը բերում է COVID-19-ի ժամանակ Գյումրու բժշկական կենտրոնի գործունեության օրինակը, երբ զգուշանալով վարակի տարածվածությունից՝ ստիպված եղան դադարեցնել բոլոր պլանային բուժծառայությունները՝ թողնելով միայն հրատապները: Սա կենտրոնի գործառույթները կրճատեց գրեթե 60 տոկոսով՝ բերելով նաեւ ֆինանսական խնդիրների: «Եթե օրինակ, պահպանած լինեինք Սամարիթեր հիվանդանոցի շենքը, կկարողանայինք քովիդով հիվանդների բուժումը կազմակերպել այնտեղ: Բայց քանի որ չունեինք լրացուցիչ շենքային պայմաններ, համավարակի երկրորդ ալիքի ժամանակ, մենք հիվանդներին սկսեցինք ընդունել կենտրոնում, նաեւ կազմակերպեցինք տրիաժային ծառայություն: Հասանք նրան, որ ոչ մի կրճատում չունեցանք, հարկադիր պարապուրդներ եղան, բայց աշխատանքից որեւէ մեկին չեն ազատել,- նկատում է Արմեն Իսահակյանը,- ես 20 մլն վարկ վերցրեցի, որ աշխատավարձերը վճարենք: Արել ենք ամեն ինչ, թե՛ համաճարակի, թե՛ պատերազմի ժամանակ կառույցի աշխատանքները չտապալելու համար»: 

Կենտրոնի տնօրենը նշում է, որ իրենք շարունակում են նոր գերժամանակակից սարքավորումների ձեռքբերման աշխատանքները, ինչպես նաեւ ավելացրել են բուժծառայությունների թիվը: Առողջապահաության նախարարության եւ Շիրակի մարզպետարանի հետ քննարկումների արդյունքում վարկային միջոցներով ձեռք են բերել ռենտգեն կոնտրաստային համակարգչային նոր տոմոգրաֆիայի սարք, որը հնարավորություն կտա մարզում իրականացնել կոնտրաստ հետազոտություններ, իսկ մասնագետների վերապատրաստումից հետո ԲԿ-ն կիրականացնի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը (ինսուլտի ծրագիր): Սարքավորման առկայությունը հնարավորություն կտա Շիրակի եւ հարակից մարզերի բնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում եւ չհասնել մայրաքաղաք։ Ռենտգեն կոնտրաստային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը բնակչությանը սպասարկում է փետրվարի 12-ից:

Կենտրոնում գործող լաբորատորիայում կարող են քովիդ թեսթ հանձնել բոլոր ցանկացողները:

Գյումրու բժշկական կենտրոնում միաժամանակ շահագործման է հանձնվել թթվածնային կայանը, որը կենսական նշանակություն ունի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված ծրագրի արդյունքում Կառավարությունը 100 միլիոն դրամ արժողությամբ թթվածին արտադրող սարք է նվիրել հիվանդանոցին, որ օրական կարող է արտադրել 240 բալոն թթվածին: «Քովիդի ժամանակ եղել է օր, որ օգտագործել ենք 270 բալոն, երբ սովորական ժամանակ որ 30-40 բալոնը մեզ լիովին բավարարել է: Հիմա երբ կայանը կա, մենք հարկ եղած դեպքում պատրաստ ենք թթվածնով ապահովել նաև մյուս հիվանդանոցներին,- ասում է ԲԿ-ի տնօրենը,- բացի դրանից, Մեդունի Հայ Ամերիկյան Առողջապահական հիմնադրամը բարեգործական ծրագրի շրջանակներում Գյումրու բժշկական կենտրոնին է նվիրել մամոգրաֆիական սարք, որն օգտագործվելու է նաեւ ծննդատան կարիքների համար»:

Թերեւս այս բոլոր գործընթացների մեջ ամենակարեւորը ծնունդների ավելացումն է: Հունվար ամսին «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում գրանցվել է 38 ծնունդ, մինչեւ փետրվարի 13-ն ավելացել է տաս ծնունդով՝ գերակշռում են տղա երեխաները: Էդգար Սուքիասյանի փոխանցմամբ, անցած տարվա հունվար ամսին իրենք ունեցել էին ընդամենը 28 ծնունդ: Ըստ Արմեն Իսահակյանի՝ նման ցուցանիշն ու աճի տեմպերը պայմանավորված են նաեւ ծննդատան պայմանների բարելավման հետ, ինչպես նաեւ մայրության դպրոցի գործունեության, որի կարիքն առավել սուր զգացվում է հատկապես պատերազմից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter