HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Եկամտային հարկը կվերադարձվի նաև պայմանագրով կառուցապատման իրավունք ունեցող քաղաքացիներին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Արտակ Մանուկյանը փոփոխություններ են առաջարկում Հարկային օրենսգրքում և «Եկամտային հարկի մասին» օրենքում: Գործող օրենքով` անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու պարագայում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկը վերադարձվում է քաղաքացուն: Պատգամավորներն առաջարկում են արտոնությունը կիրառել նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք բնակարանը կառուցապատողից ձեռք են բերում բնակարանի կառուցապատման իրավունքով:

Նախագծում նշվում է, որ գործնականում առկա են դեպքեր, երբ ֆիզիկական անձինք բնակարանը կառուցապատողից ձեռք են բերում բնակարանի կառուցապատման իրավունք ձեռք բերելու միջոցով, և այս պարագայում եկամտային հարկի վերադարձման համակարգը չի գործում: Ուստի, առաջարկվում է սահմանել, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառվում է նաեւ բնակարան ձեռք բերելու նպատակով կառուցապատողից կառուցապատման իրավունք ձեռք բերած՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:

Մեզ հետ զրույցում նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանն ընդգծեց` իրենց առաջարկը տեխնիկական բնույթ ունի, չեն առաջարկում շահառուների ցանկն ընդլայնել: Նրա խոսքով` մի քանի տասնյակ անձինք նման խնդրի են բախվել, երբ կառուցապատողից բնակարան են գնել, սակայն պայմանագրում նշված է եղել կառուցապատման իրավունք, ինչը խոչընդոտել է, որ օգտվեն եկամտային հարկի վերադարձի օրենքից:

Խնդիրն այն է, որ պայմանագրերի մի մասում նշված է անշարժ գույքի իրավունքի գնման վկայագիր, մյուսում` կառուցապատման իրավունք: Վերջին դեպքում ՊԵԿ-ը մերժել է այդ անձանց դիմումները: Պատգամավորներին խնդրի մասին տեղեկացրել են թե' քաղաքացիները, թե' կառուցապատող կազմակերպությունները: Հարցը քննարկվել է ՊԵԿ ներկայացուցիչների հետ` առաջարկելով այս լուծումը: Թունյանի խոսքով` նույնիսկ նախադեպ կա, երբ քաղաքացին դատական կարգով է վիճարկել պայմանագրի այդ դրույթը և կարողացել ՊԵԿ-ից փոխհատուցում ստանալ:

Հարցին, թե այս պահին որն է Կառավարության դիրքորոշումը եկամտային հարկի վերադարձի օրենքի վերաբերյալ, քանի որ նախորդ տարի ֆինանսների նախարարն ակնարկեց, որ մտադիր են աստիճանաբար հրաժարվել վերջինից, Բաբկեն Թունյանը պատասխանեց` Ֆիննախը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ այս մեխանիզմն աստիճանաբար պետք է վերանա:

Սակայն, կորոնավիրուսն ու պատերազմական իրավիճակը հետաձգել են նման նախաձեռնության անհրաժեշտությունը: Թունյանի խոսքով` այս պահին առարկայական որևէ խոսակցություն չկա, եթե նման նախագիծ լինի, հասարակությունը կտեղեկացվի, նաև` անմիջապես ուժի մեջ չի մտնի: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց` ընդունվելու պարագայում էլ փոփոխությունները չեն կարող ազդել արդեն իսկ շահառուների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter