HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խարդախություն՝ սոցցանցերի միջոցով

Երևան քաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը 2018-2020թթ. ընթացքում կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություններ և շարունակում է նույն եղանակով խաբեությամբ տիրանալ քաղաքացիների գումարներին: Նման իրազեկում-զգուշացում է արել դատախազությունը՝ հիմնվելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում քաղաքացիներից ստացած ահազանգերի և հանցագործության մասին հաղորդումների վրա։

Ըստ դատախազության հաղորդագրության՝ Մ. Անանյանը, խաբեությամբ գումարներ հափշտակելու նպատակով ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հանդես գալով որպես «Լունա Կահույք», «Ավա Մարկետ» անվանումներով օգտատեր, տեղադրում է կահույքի վաճառքի վերաբերյալ կեղծ հայտարարություններ և դրանց արձագանքած քաղաքացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերում էլեկտրոնային եղանակով իր կողմից նշած հաշվեհամարներին վճարում կատարելուց հետո առաքել պատվիրված կահույքը: Պայմանավորված գումարը ստանալուց հետո հափշտակում է այն:

Վերը նշված եղանակով խարդախություններ կատարելու համար Մ. Անանյանի վերաբերյալ առկա են նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ: Սակայն վերջինս ներկայումս գտնվում է ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի կատարումը հետաձգվել է՝ մինչև նրա մանկահասակ երեխայի 3 տարին լրանալը, իսկ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է:

«Նկատի ունենալով, որ շարունակվում են քաղաքացիների կողմից ահազանգեր ստացվել Մ. Անանյանի կողմից վերոհիշյալ եղանակով խարդախություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ նրա հանցավոր գործունեությունն ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը՝ վերջինիս կողմից նոր հանցագործությունները կանխարգելելու և հանցավոր ոտնձգություններից պաշտպանվելու նպատակով, կոչ ենք անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ «Լունա Կահույք», «Ավա Մարկետ» անվանումներով օգտատիրոջ առաջարկած՝ իրականում գոյություն չունեցող ծառայություններից օգտվելուց, հնարավոր բոլոր միջոցներով շրջապատում իրազեկել և զգուշացնել նշված դեպքերի, դրանց կատարման հանգամանքերի մասին:

Նշված անձի կողմից խարդախության զոհ չդառնալու նպատակով անհրաժեշտ է նաև սոցիալական ցանցերի միջոցով նմանատիպ հայտարարություններից, առաջարկներից, գովազդներից օգտվելուց առաջ լրացուցիչ եղանակներով ճշտել նման ծառայության, առաջարկվող ապրանքների իրականում գոյություն ունենալու, որպես տնտեսվարող, գրանցման հասցե և ռեկվիզիտներ ունենալու հանգամանքները»,- զգուշացնում է դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter