HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Թաքստոցներ և ապաստարաններ. հրատապ լուծում պահանջող խնդիրներ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում այսօր՝ փետրվարի 22-ին, Երևանում և մարզերում գտնվող թաքստոցների և ապաստարանների վերաբերյալ օնլայն քննարկում կայացավ։ Մասնակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, հարցեր առաջադրեցին եւ առաջարկություններ արեցին։

«Պահապան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վիգեն Շիրվանյանն ասաց, որ հիմնադրամն այս հարցով զբաղվել է Տավուշի գյուղերում։ Ըստ նրա՝ առաջնային է ապաստարանների բացակայության կամ անհամապատասխանության հարցը կամ մարդկանց անգիտակից լինելը։ Նա առաջարկում է, որպեսզի նոր կառուցվող հասարակական նշանակության շինությունները քաղաքապետարանի թույլտվությամբ ունենան ապաստարաններ կամ թաքստոցներ, որոնք բնութագրիչ բոլոր մասերով ապահովված լինեն։ Նույն հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Մանուկյանն էլ առաջարկում է նախ հասկանալ՝ ովքեր են պատասխանատու այդ կառույցների համար, ում հետ պետք է համագործակցել և ինֆորմացիան ինչպես տարածել՝ այն դարձնելով պետական ծրագիր։

Ճարտարապետ Ալեքսանդր Դանիելյանի խոսքով՝ մինչև հարցը ճարտարապետներին տալն առաջնահերթ է պետության դերը, և պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի, որից հետո պատասխանատու է համայնքը, մարզը։ Առաջարկում է ունենալ հատուկ ծառայություն՝ ստուգումներ անցկացնելու համար, որը պարբերաբար կզբաղվի ապաստարանների և թաքստոցների գործառույթով՝ դռների, սարքավորումների փոփոխությամբ։ Ոլորտի մասնագետների խոսքով՝ չկա կոնկրետ օրենք, որը կարգավորում է հարցը, և չկա որևէ պլան, որով կկարողանան առաջնորդվել հետագայում։ Ճարտարապետ Ստեփան Եղիազարյանն էլ նշեց, որ ապաստարանի կառուցման փորձ ունի, սակայն Հայաստանում չկա նորմ, որով կկարողանան առաջնորդվել։ Ստիպված աշխատել են 1977թ․-ի ԽՍՀՄ ժամանակաշրջանի նորմով։ Եղիազարյանի կարծիքով՝ ՀՀ-ում ամեն քաղաքացի պետք է ապահովված լինի ապաստարանով։ Անդրադառնալով երևանյան ապաստարաններին՝ ճարտարապետը նշեց, որ դրանց մի մասը կամ քանդվել է կամ կառուցապատվել և փոխել ֆունկցիոնալ նշանակությունը։ Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հայտնեց, որ Երևանի բյուջեի քննարկման ժամանակ ապաստարաններին և թաքստոցներին անդրադարձել են, սակայն առաջարկները մնացել են թղթի վրա՝ պատճառաբանություններն օրենսդրական բացերն են կամ համայնքային միջոցների անբավարարությունը նկուղներն ու ապաստարանները նորոգելու համար։ Ըստ ավագանու անդամի՝ հանրային նշանակության տարածքներում, օրինակ՝ համալսարաններում, որոնք այդքան էլ մեծ ֆինանսավորման կարիք չունեն, հարցը կարող է լուծվել վերահսկողության արդյունքում։ Այլ հարցեր էլ կան, որոնք կարելի է հեշտությամբ լուծել՝ դպրոցների պատուհանների ճաղավանդակները, դռները, որոնք դեպի դուրս չեն բացվում։ «Խնդիրները պետք է լինեն համալիր, իսկ լուծումները ղեկավարի ԱԻՆ-ը››,- նշեց Ավանեսովը։

Երևանի ավագանու մեկ այլ անդամ՝ Պավել Սարգսյանն էլ նշեց, որ ապաստարանները շենքերում հիմնականում նկուղում են, որոնք համընդհանուր սեփականության իրավունքով պատկանում են շենքի բնակիչներին, և քաղաքապետարանն այդ հարցով որևէ գործառույթ չի կարող իրականացնել։ Ըստ ավագանու անդամի՝ քաղաքապետարանում կլինի քաղպաշտպանության բաժին, որը կզբաղվի նմանատիպ հարցերով։

ԱԻ գեներալ-մայոր, Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը ներկայացրեց, որ կոմիտեն նախաձեռնել է նախագծերի նորմատիվ պահանջների ուսումնասիրություն, սակայն որոշում է ընդունվել մրցութային կարգով պատվիրել նորմերը։ Կոմիտեն, միաժամանակ, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում որոշակի պահանջների նախատեսման գործընթաց է նախաձեռնել։ Ըստ Ալավերդյանի՝ նորակառույցները հիմնականում ունեն ավտոկայանատեղի, որոնք կարող են ծառայել որպես ապաստարան, իսկ խորհրդային ժամանակներում կառուցված շենքներն ավելի խնդրահարույց են, քանի որ դրանց մի մասը սեփականաշնորհվել է։ Ըստ կոմիտեի աշխատակցի՝ նոր կառուցվող բոլոր դպրոցներն ունեն ապաստարաններ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter