Մարտին Ադրբեջանը կսկսի Քարվաճառ տանող ճանապարհի շինարարությունը
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը հայտարարել է, որ 2021 թվականի մարտին կսկսվի Քարվաճառ տանող ճանապարհի շինարարությունը։ Նա այդ մասին խոսել է Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Մամեդովի խոսքով՝ ներկայում ընթանում են ճանապարհի նախագծման աշխատանքները։ «Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, անվտանգ երթևեկության նպատակով, կառուցվում է նոր ճանապարհ։ Այն կանցնի Գյանջա-Գյոյգյոլ երթուղով։ Դեռևս օգտագործվում է Թերթեր-Աղդերե (Մարտակերտ, խմբ.)- Քելբաջար (Քարվաճառ, խմբ.) ճանապարհը։ Արդեն երկու ամիս է, ինչ ընթանում են նախագծման աշխատանքներ։ Ճանապարհի կառուցումը կսկսվի մարտին և կիրականացվի թուրքական ընկերության հետ միասին»,- ընդգծել է Մամեդովը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քարվաճառի, Ակնայի և Քաշաթաղի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Զորախմբի հիմնական մասը կազմում են ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները։
Լուսանկարում՝ Ֆիզուլի-Շուշի կառուցվող ավտոճանապարհը/ Trend.az-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել