
Վրաստանը կշարունակի զարգացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ավարտն էականորեն կկրճատի այն ժամանակը, որն անհրաժեշտ է Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների իրականացման համար։ Այն հնարավորություն կտա Վրաստանին տարանցման նպատակով ներգրավել լրացուցիչ բեռներ։ Այդ մասին նշվում է Վրաստանի նոր կառավարության 2021-2024 թվականների ծրագրում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Վրաստանը կշարունակի ինտեգրվել միջազգային տրանսպորտային համակարգերում և կխորացնի տարածաշրջանային համագործացկությունը՝ տարանցիկ միջանցքի մրցունակությունը բարձրացնելու համար։ «Մենք ծրագրում ենք տարանցիկ միջանցքի թվայնացման ապահովման ուղղությամբ աշխատել գործընկեր երկրների հետ, ինչը կբարձրացնի Վրաստանի միջոցով բեռնափոխադրումների արդյունավետությունը և կայունությունը»,- նշվում է Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության ծրագրում, որը ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը։ Վրաստանի կառավարության ծրագրում նաև նշվում է, որ 2021-2024 թվականների ընթացքում Վրաստանը պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։
Այսօր Վրաստանի խորհրդարանը սկսել է քննարկել կառավարության թարմացված կազմը։ Ինչպես արդեն հայտնի է, Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության կազմում երկու փոփոխություն է տեղի ունեցել։ Իրակլի Կարսելաձեն կգլխավորի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ Ջանշեր Բուրչուլաձեն՝ պաշտպանության նախարարությունը։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել