HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Փոքրաթիվ հայեր դեռևս բնակվում են Քաշաթաղում, բայց դա ռուսների քմահաճույքով է պայմանավորված

Արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստանին սահմանակից Քաշաթաղի շրջանի ռազմավարական կարևորությունը նկատի ունենալով՝ այն վերաբնակեցնելու որոշում կայացվեց: Կառավարության սահմանած արտոնությունների շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ հաստատվեցին Քաշաթաղում, նրանց մեծամասնությունը սոցիալական ծանր կացության մեջ գտնվող ընտանիքներ էին։ Նրանց կյանքն այնտեղ էլ հեշտ չէր լինելու՝ էլեկտրաէներգիա չկար, կացարաններն անմխիթար վիճակում էին, ապրելու համար համառ կամք և աշխատելու մեծ ձիրք էր պետք:

Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար, ՀՀ-ում Արցախի կառավարման օպերատիվ շտաբի Քաշաթաղի պատասխանատու Դավիթ Դավթյանի հետ զրուցել ենք Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով վտարանդի դարձած Քաշաթաղի 10 000-ից ավելի բնակիչների 25 տարվա ձեռքբերումների, կորուստների, պետական աջակցության ծրագրերի և այլ հարցերի մասին։

Պրն Դավթյան, Դուք Քաշաթաղի առաջին բնակիչներից եք, ինչպե՞ս իրականացվեց վերաբնակեցումը, ովքե՞ր էին շրջանի բնակիչները, և ո՞րն էր նրանց հիմնական զբաղմունքը:

Քաշաթաղի շրջանում վերաբնակեցումը սկսվեց 1994թ. մարտ ամսից, մինչ այդ Հայաստանի Գերագույն խորհուրդը ազատագրված շրջանները վերաբնակեցնելու վերաբերյալ գաղտնի որոշում էր կայացրել: Այդպիսի որոշում ուներ նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը: Առաջին փուլում 18 ընտանիք բնակություն հաստատեց այնտեղ, սկսվեց վարչակազմի ձևավորումը, ենթակառուցվածքներ ստեղծվեցին՝ վերանորոգվեցին ճանապարհները, տները և այլն: Սկզբում միայն Բերձորում էին բնակվում և կողքի երկու բնակավայրերում՝ Քարեգահ և Ներքին Սուս գյուղերում: Տարիների ընթացքում բնակիչների թիվը մեծացավ, բնակավայրերն ընդարձակվեցին՝ հասնելով 120-ի: Այնուհետև 11 գյուղեր, որտեղ 1-2 ընտանիք էր բնակվում և հաղորդակցության միջոցներ չկային, նորից դատարկվեցին: Այսինքն, մինչև պատերազմն սկսվելը Քաշաթաղում 109 կայուն բնակավայր կար, 54 համայնք, որից 3-ը՝ Բերձորը, Կովսականը, Միջնավանը քաղաքի կարգավիճակ ունեին:

Քաշաթաղի բնակիչների 90%-ը հայաստանցիներ էին, 5%-ը Արցախի բնակավայրերից էին, 5%-ը (32 ընտանիք) Սիրիայից և Լիբանանից էր եկել: Սփյուռքահայերի մեծամասնությունը Սիրիայի Ղամշլի քաղաքից էին, որի հետ Քաշաթաղի շրջանը նույն կլիման ունի: Նրանք  հողագործներ են և հեշտ հարմարվեցին պայմաններին: Աղավնո գյուղը լիբանանցիները կառուցեցին, և Լիբանանից 5 ընտանիք բնակություն հաստատեց այնտեղ:

Քաշաթաղի շրջանը սկզբում 13 000 բնակիչ ուներ, նրանց մի մասը պետական աջակցությունից, վարկային ծրագրերից օգտվելու համար էր եկել և դրանց դադարեցումից հետո հեռացան: Մնացին նրանք, որոնք հիմնականում հողագործներ էին՝ Արտաշատից, Եղեգնաձորից և Հայաստանի այլ բնակավայրերից: Հողագործությամբ զբաղվողների համար այնտեղի պայմանները շատ բարենպաստ էին՝ հողը բերրի էր, կլիման՝ տաք: Արտադրանքն իրացնում էին Կապանի ու Գորիսի շուկաներում, հանձնում էին Արցախի վերամշակող գործարաններին, որոնք մեծ քանակությամբ գյուղմթերք էին ընդունում: Զբաղվում էին նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և իրացման խնդիր չունեին: Այստեղ հացահատիկագործությունն էր զարգացած, մեր շրջանը 25 000 հա ցորենի ու գարու ցանքատարածք ուներ, ապահովում էր Հայաստանի և Արցախի հացահատիկային կուլտուրայի 1/5-ը: Տնտեսություններն արդեն կայացել էին, վերջին տարիներին բնակչության սոցիալական վիճակը զգալիորեն բարելավվել էր:

Ի՞նչ սեփականություն ունեին Քաշաթաղի բնակիչները և ինչպե՞ս էին ստեղծել այն:

Բնակիչները սեփական տուն և հողամաս ունեին, ամեն մեկին մինչև 5000 քմ տնամերձ հողամաս էր տրվում օգտագործման իրավունքով: Արցախի հանրապետության (ԱՀ) Հողային օրենսգրքով, եթե 10 տարի բնակվում ես այդ տարածքում, իրավունք ունես հողը սեփականաշնորհելու: Բնակիչների մեծ մասը նաև վարձակալում էր հողերը, ովքեր արտադրություն հիմնելու նպատակ ունեին, աճուրդով գնում էին:

Շրջանի հարավային բնակավայրերն ամայի էին, և մարդիկ իրենց գումարով էին տները կառուցել: Վերջին վեց տարիներին ԱՀ-ն շինանյութի ծրագիր էր իրականացնում, տանիքներ կառուցելու համար շինանյութ էր հատկացնում բնակիչներին: Տներ կառուցելու համար 2-3 մլն դրամ պետությունն էր տալիս, մնացածն իրենց գումարով էին կառուցում: Անասնապահական ծրագիր կար՝ ամեն ընտանիքին մեկ կով, մեղափեթակ, մի քանի գլուխ ոչխար էր հատկացվել, հողագործությամբ զբաղվողներին էժան սերմացու, դիզվառելիք էր տրվում, ոռոգման ջրի համար խորհրդանշական գումար էր գանձվում: Վարկային արտոնություններ էին սահմանվել, հոսանքը 25 դրամ էր, մնացածը պետությունն էր սուբսիդավորում: Գյուղերում խմելու ջրի վարձ չէին վճարում, քաղաքաբնակներից գանձվում էր, որովհետև ջուրը պոմպերով էր մղվում:

Ժամանակին, երբ կառավարությունը վերաբնակեցնելու որոշում էր կայացրել իրավաբանորեն չճանաչված տարածքներում, խրախուսել էր այնտեղ նեդրումներ կատարելը, ռիսկայնությունը գնահատե՞լ էր:

Շրջանում ներդրումներ էին իրականացնում Սփյուռքում գործող բարեգործական  կազմակերպությունները, հիմնադրամները և սփյուռքահայ անհատներ: Բնակարանաշինության ծրագիր իրականացվեց Աղավնոյում, Իշխանաձորում, Միջնավանում և Կովսականում: Հայ օգնության միությունը գյուղտեխնիկա տրամադրեց, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը դպրոցաշինության ծրագիր էր իրականացնում, մանկապարտեզներ, համայնքապետարաններ, եկեղեցիներ վերանորոգեցին և այլն: Կիլիկիայի կաթողիկոսությունն այստեղ շատ ներդրումներ կատարեց և այլն: Վերջին տարիներին ներդրումները նվազել էին այս տարածքում, հիմնականում «Թուֆենկյան» հիմնադրամն էր գործում:

Ազատագրված տարածքներում ներդրումներ կատարելու ռիսկը մեծ էր, առաջին ներդրումը Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) կատարեց՝ առաջին հէկը հիմնեցին, այնուհետև տեսան, որ շահույթն ապահովվում է, նոր ներդրողներ ի հայտ եկան և շարունակեցին հէկեր կառուցել: Քաշաթաղի շրջանում 20 հէկ կառուցվեց, որից 16-ը գործում էին, իսկ 4-ը նոր էին կառուցվել և չհասցրին գործարկել:

Շրջանում մշակութային ի՞նչ հաստատություններ կային, և ի՞նչ ճակատագիր ունեցան դրանք:

Բերձորը երկրագիտական թանգարան ուներ, վերաբնակեցման հենց առաջին տարիներին շինությունը վերակառուցվել էր, և թանգարան էր հիմնվել: Տարածաշրջանից գտնված հնագիտական նյութերը հավաքել էին այնտեղ: Պատկերասահում ցուցադրվում էին մեր բնակիչների ստեղծագործական աշխատանքները: Հեռանալուց առաջ թանգարանի, պատկերասարհի ցուցանմուշները և դպրոցների գույքը հանվեց, բայց գրադարանները չեն հանվել:

Փոքրաթիվ հայեր դեռևս բնակվում են Քաշաթաղի շրջանում, անվտա՞նգ է նրանց կյանքը Ադրբեջանին հանձնված տարածքում:  

Քաշաթաղի շրջանի 109 բնակավայրերից ներկայումս երեքում են հայեր բնակվում՝ Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո: Սուսում 30 մարդ է ապրում, Բերձորում՝ 100-120 մարդ, Աղավնոյում՝ 40-ից ավելի: Այս գյուղի դպրոցը 20-23 աշակերտ ունի:

Բերձորում բնակվելը ռուսների քմահաճույքով է պայմանավորված, այսօր թույլ կտա՝  կապրենք, բայց վաղը կարող են ասել՝ բոլորդ գնացեք, սա ձերը չէ: Բերձորում թուրք չկա, նրանք ռուսների ուղեկցությամբ շարասյունով անցնում են այդտեղից, բայց մեզ համար անվտանգ չէ այնտեղ, սարերն ու ձորերն անվերահսկելի են, ռուս խաղաղապահները որոշակի հատվածում են տեղակայված:

Բերձորը 2000 բնակիչ ուներ, հիմա 100-120 մարդ է բնակվում այնտեղ: Տարհանման ժամանակշրջանում պահանջեցին կարճ ժամանակամիջոցում դուրս գալ տարածքից: Ժամը 6-ին մոտ, բանակցային գործընթացի ժամանակ, մեկ ասում էին՝ դուրս եկեք, և մի մասը գնաց, մեկ ասում էին՝ մնացեք, և մի մասը մնաց: Այս պահին էլ Բերձորի կարգավիճակը հայտնի չէ, ադրբեջանցին ասում է՝ իմն է, ռուսն ասում է՝ իմն է, մենք էլ ասում ենք՝ մերն է: Եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանին 5 կմ լայնությամբ մայրուղի է տրամադրվում Արցախի հետ կապվելու համար: Ռուսն ասում է՝ սա բնակավայր չէ, մայրուղի է, այստեղ բնակիչներ չպետք է լինեն: Սակայն, Բերձորում ռուսներն են, և նրանց սպասարկողներ են անհրաժեշտ՝ հոսանք, ջուր, կենցաղային այլ հարմարություններ, այդ պատճառով էլ քաղաքը բնակչությունից ամբողջությամբ չեն դատարկում, բայց մարդկանց քանակը սահմանափակել են: Այս պահին երկու խանութ է գործում Բերձորում:

Մարդիկ 25 տարուց ավելի ապրել են այնտեղ, սեփականություն են ստեղծել, իրենց տարիների ստեղծածը՝ տուն, շարժական և այլ անշարժ գույք, թողել են ու դատարկաձեռն վերադարձել Հայաստան, որտեղ նրանց մեծ մասը ոչինչ չունի: Ազատագրված տարածքներում վերաբնակեցումը պետական ծրագիր է եղել, Հայաստանի կառավարությունը ինչ-որ բան անո՞ւմ է նրանց կորուստները փոխհատուցելու համար:

Մինչև հիմա միայն փոքր աջակցության ծրագրեր են եղել: Բնակիչները «Քաշաթաղ» հայրենակցական միություն ստեղծեցին, որը բոլորի անունից հայտարարեց, որ իրենց սոցիալական աջակցության ծրագրեր պետք չեն: Մենք այնտեղ 15 մլն դրամ արժեքով տուն ենք թողել, հողամաս, մեզ փոխհատուցում տվեք: Հայաստանի կառավարությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ միջկառավարական հանձնաժողով է ստեղծել, որում ամեն շրջանից երկու հոգի է ընդգրկվել և սկսվել է քննարկումների փուլը, թե ինչ է փոխհատուցվելու տարհանված բնակչությանը: Առաջինը քննարկվում է բնակարանների հարցը, որովհետև նրանց մեծ մասը՝ 80%-ը, այստեղ տուն չունի, և քննարկվում է տուն տալու կամ փոխհատուցելու հարցը, որպեսզի տուն գնեն: Այս պահին միայն բնակարանների հարցն է քննարկվում: Տների փոխհատուցման հարցն ավարտելուց հետո կանցնեն մյուս հարցերին: Արցախում գտնվող բնակիչներին Արցախի կառավարությունն աջակցում է անտոկոս վարկով՝ ներդրումներ սկսելու համար, բայց Հայաստան եկողների համար դեռ որոշակի ոչինչ չկա:

Երբ գնահատման պահը գա, Քաշաթաղի բնակիչները փաստաթղթեր ունե՞ն, որպեսզի հիմնավորեն, թե ինչ սեփականություն են թողել այնտեղ և ինչի դիմաց պետք է փոխհատուցվեն:

Քաշաթաղի հարավային բնակավայրերի՝ Բերձորից մինչեւ Արաքս ընկած հատվածի բնակիչներին տարհանվելու համար կես ժամ ժամանակ տվեցին, մարդիկ նույնիսկ փաստաթղթերը չկարողացան վերցնել հետները, դատարկաձեռն դուրս եկան: Բերձորի և հյուսիսային շրջանի բնակիչները կարողացան իրենց գույքը հանել, որովհետև երկու շաբաթ ժամանակ ունեին: Սեփականության վկայականների օրինակները պահվում են կադաստրում, նաև արխիվում պահվող փաստաթղթերով ենք վերականգնում նրանց սեփականությունը: Սակայն ուսուցիչների անձնական գործերը մնացել են գյուղերի դպրոցներում, աշխատանքային գրքույկներն էլ չեն վերցրել, դրանք զրոյից վերականգնում ենք:

Արցախցիներին տրվող պետական աջակցությունը բավարա՞ր է, որպեսզի լուծեն տարհանվելուց հետո առաջացած սոցիալական խնդիրները: Զբաղվածության ապահովման ուղղությամբ ծրագրեր իրականացվո՞ւմ են:

Կառավարությունը մեկ շնչին 30 000 դրամ տան վարձ է հատկացնում, բայց բոլորը չէ, որ կարողանում են օգտվել այդ ծրագրից: Օրինակ, եթե աղջիկը ամուսնացել է, բայց շարունակել է հաշվառված մնալ հայրական տան հասցեում, եթե եղբայրները համասեփականատեր են հայրական տանը, նրանց այդ գումարը չեն վճարում: Առաջարկել ենք համասեփականատերերին վճարել բնակվարձի գումարը:

Արցախից տարհանվածների համար նաև գործազրկության ծրագիր կա. գործատուն, եթե աշխատատեղ ունի՝ ընդունում է երեք ամսվա փորձաշրջանով: Կառավարությունն այդ  ամիսներին ամսական 100 000 դրամ է վճարում բնակչին, ևս 34 000 դրամ վճարում է գործատուին, որպեսզի մասնագիտություն սովորեցնի, այնուհետև ընդունի աշխատանքի:

Փոքր բիզնեսին աջակցության ծրագիր կա՞, եթե կարող են ինչ-որ բան նախաձեռնել:

«Սպայկա» ընկերությունն է աջակցելու պատրաստակամություն հայտնել մեզ, կանանց աշխատանք է առաջարկել ջերմոցներում, իսկ տղամարդկանց՝ շինարարական կազմակերպություններում: Խոստացել են նաև ներգրավել սեզոնային աշխատանքներում: Ընկերությունը Նոյեմբերյանում 20 հա հողատարածք ունի, 1 հա բանջարեղենային կուլտուրա մշակելու համար 1 մլն դրամ է տրամադրում և բերքն ամբողջությամբ վերցնելու է: Բնակիչներից ցանկացողներ կան, 5 համայնքների ղեկավարներ գնալու են պայմաններին ծանոթանան, որպեսզի առաջարկեն իրենց բնակիչներին:

Գլխավոր լուսանկարում՝ Բերձորը, Նարեկ Ալեքսանյան/Հետք

Մեկնաբանություններ (2)

Գալստյան Լուսինե
Մենք նույնպես տեղահանված Քաշաթաղի շրջանից ենք։ Կորցրել ենք տուն, աշխատանք եւ ամեն ինչ։ Խնդրում ենք միայն մեկ բան ապահովեք աշխատանքով ՀՀ տարածքում։ Ես ունեմ բարձրագույն կրթություն եւ մնացել եմ առանց աշխատանքի։ Ինչպես պահեմ երկու անչափահաս երեխաներիս եւ 3-րդին, որ դեռ պետք է ծնվի։
Ալետա Միրզոյան
Ճիշտ է այդ ամենը ասված ,Մեր 25 տարիների ստեղծած ու արարած տունը մնաց օդում կախված Բերձորում։Գոնե փոխհատուցում լինի,որ մարդիք կարողանան մի փոք տուն կամ հողամաս գնեն Հալաստանի մեջ։Շնորհակալեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter