HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արցախի դպրոցներից 110-ը վերսկսել է աշխատանքը, 18699 երեխա հաճախում է դպրոց

Արցախի դպրոցներում եւ նախակրթարաններում աշխատանքն իրականացվում է բնականոն հունով։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արցախի Կրթության գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։ Արցախի դպրոցներ են վերադարձել 24 հազար աշակերտներից 18699-ը (փետրվարի 23-ի տվյալներով ) մնացած մասն ուսումը շարունակում է Հայաստանի տարբեր դպրոցներում։

Նախարարի խոսքով՝ դպրոցներից մի քանիսն աշխատում են երկու հերթով։ Արցախում գործում է 110 դպրոց, որոնցից 3-ը մասնավոր և 35 մանկապարտեզ, մինչև պատերազմը գործել է 220 դպրոց և 52 մանկապարտեզ։

Սեպտեմբերին սկսված պատերազմի հետեւանքով կրթական համակարգը ոչ միայն նյութական վնասներ է կրել, այլեւ զոհվել է 28 ուսուցիչ, մեկը անհայտ կորած է, իսկ մի հոգի էլ գերեվարվել է հակառակորդի կողմից։ «Մեծ թիվ են կազմում նաեւ այն ուսուցիչների ընտանիքիները, որտեղ կան զոհվածներ։ Համակարգում կա ընդհանուր ռեաբիլիտացիայի խնդիր, քանի որ դեռեւս շոկային փուլում ենք», - նշեց նախարարը՝ հավելելով, որ մարտի մեկից Արցախի դպրոցներում եւ նախակրթարաններում սկսվելու են հոգեբանական աշխատանքներ երեխաների հետ։ Ծրագրով նախատեսվում է, որ նախնական փուլում հոգեբանների հետ կաշխատեն ուսուցիչներն ու դաստիարակները, ապա աշխատանքներ կսկսեն տարվել աշակերտների հետ։ Կընդգրկվեն Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Ստեփանակերտի տարրական դպրոցի ուսուցիչները, մանկապարտեզների դաստիարակները եւ տեղահանված ավագ դպրոցների աշակերտները։

Մյուս կարեւոր հարցը ուսուցիչներին աշխատանքով ապահովելն է։ Արցախում աշխատող 4587 ուսուցիչներից 1634-ը պատերազմի հետևանքով կորցրել է աշխատանքը, նրանցից 58-ին նախարարությունը տեղավորել է Արցախի տարբեր դպրոցներում։ Հայաստանում եւս կան Արցախից եկած ուսուցիչներ, որոնք աշխատանք են գտել։ 

Նոր ծրագրերից մեկն էլ երկարօրյա ուսուցման համակարգի ներդրումն է, որի դեպքում հնարավորություն կտրվի ընդգրկել միայն ներքին տեղահանված ուսուցիչներին՝ դասապրոցեսն իրականացնելու համար։ Այժմ որպես լուծում ներդրել են դպրոցների երկհերթ դասապրոցես Հադրութի եւ Շուշիի դպրոցների ուսուցիչների ու աշակերտների համար։ 

Լուսինե Ղարախանյանը նշեց, որ դպրոցներում եւ մանկապարտեզներում առաջիկայում կգործարկվի անվտանգության համակարգ, ծրագիրը պլանավորման փուլում է։

Վերջինիս խոսքով՝ կատարվել է կրթության եւ մշակույթի ոլորտների վնասի գույքագրում, սակայն դեռեւս չի հաշվարկվել նյութական վնասի ամբողջական չափը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter