HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Փետրվարի 22-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման օրակարգի առանցքում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերն էին: Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և արցախահայության սոցիալական կարիքների հասցեագրման համատեքստում զրուցակիցները կարևորեցին միջազգային հանրության տեղում ներգրավվածությունը: 

«Հրատապ հումանիտար հարցերի առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեչսության ղեկավարն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձումը: 

Նախարար Այվազյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը համակարծիք էին, որ խաղաղ կարգավորման առանցքային հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակը, պետք է հասցեագրվեն բացառապես բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և խաղաղ գործընթացին, որը բերելու է հիմնախնդրի կայուն և արդար հանգուցալուծման:

Նախարար Այվազյանը նաև ընդգծեց վերջին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության առաջնահերթությունը:  

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաբովանդակ օրակարգի շուրջ: Երկուստեք գոհունակություն հայտնեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Նախարար Այվազյանը վերահաստաստեց Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter