Պատմության ուսուցման նոր ուղեցույց՝ աշակերտի պատմական մտածողությունը զարգացնելու համար
«Պարադիգմա» կրթական հիմնադրամը 2020թ․-ին հրապարակել է պատմության ուսուցման նոր ձեռնարկ՝ «Գիրք պատմության ուսուցման․ ինչու՞, ինչպե՞ս» վերնագրով, որն այս տարի հիմնադրամի անդամները ներկայացնելու են ուսուցիչներին, բարձր դասարանում սովորող աշակերտներին եւ ծնողներին։ Գրքի ստեղծմանը մասնակցել են ինչպես հիմնադրամի անդամները, այնպես էլ միջազգային փորձագետներ, իսկ ուսումնական ռազմավարությունների եւ գործողությունների վերաբերյալ հատվածը վերցված է պատմության ուսուցիչ Ռասըլ Թարի «Պատմության ուսուցման գործիքակազմը» գրքից։ Ուղեցույցի նպատակն է «աշակերտին ավելի մոտեցնել պատմությանն ու վերջինիս մոտ զարգացնել պատմական մտածողությունը»։
Հիմնադրամի կրթական ծրագրերի պատասխանատու Թալին Սաղդասարյանը նշում է. «Գրքի նպատակն է պատմություն դասավանդել ոչ թե «զուբրիտ» ասած տարբերակով, որ պատմությունն էսպես է եղել, այլ սովորել մեկնաբանել եղելությունը»։
Գիրքը երկու բաժին ունի՝ տեսական մասում խոսվում է պատմական ակտիվ մտածողության մասին, իսկ մյուս մասում՝ պատմության ուսուցման ռազմավարության։
Պատմության ուսուցիչ, պրոֆեսոր Արթուր Չափմանը գրքում անդրադառնում է «ապրած» պատմության եւ դասագրքային պատմության միջեւ եղած տարբերություններին։ Նա խորհուրդներ է տալիս՝ ինչ անել, որ աշակերտը սեփական փորձով հասկանա, թե ինչպես է ստեղծվում պատմական գիտելիքը, կարողանա քննարկել նյութի բովանդակությունը, նշի պատճառներն ու հետեւանքները։ Հասկանա՝ ինչպես է կարեւորվում իրադարձությունը եւ ինչ հարցեր են ծնվում պատմություն ուսումնասիրելիս։
Ուղեցույցում բերված են օրինակներ հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններից։ Դրանց միջոցով փորձում են ներկայացնել տվյալ ժամանակաշրջանում կատարվածը։ Օրինակներից մեկում ներկայացվում է Արենիի քարանձավից հայտնաբերված կոշիկը, որի միջոցով պատմության մասնագետները նշում են, որ կարելի է ամբողջական պատկերացում ստանալ տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ՝ ինչով են մարդիկ զբաղվել՝ նստակյաց կյանք էին վարում, թե՞ քոչվորներ էին, որո՞նք էին աշխատանքի հիմնական ուղղությունները։ Թալինի խոսքով՝ կարևոր էր ընտրել օրինակներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ տարբեր թեմաներ ներկայացնել։ «Օգտագործվում է պատկերային նյութ, որ մարդիկ պատմություն ասելով միայն չհասկանան՝ էսինչ թվին սա է եղել կամ էսինչ մարդը էսինչ բանն է խոսել։ Այլ երկու աղբյուր վերցնել, նույն բանը կարդալ ու սկսել մեկնաբանել, հասկանալ՝ որն ավելի իրական կլինի», - նշեց «Պարադիգմա» հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգողը։ Նրա խոսքով՝ գրքի օրինակներն օգտագործելով կարելի է մի ամբողջ նախագիծ սարքել կամ նույն օրինակը կիրառել դասերի սկզբի 5-6 րոպեների ընթացքում՝ տարբեր թեմաների շուրջ, կարևորը սեփական ռազմավարության մշակումն է։
Գրքի հեղինակները խորհուրդ են տալիս ուսուցիչներին օրինակներ ներկայացնելու հետ մեկտեղ արդյունավետ կառավարել ժամանակը, լինել համբերատար ու պատասխանել սովորողի բոլոր հարցերին, լսել ցանկացած մեկնաբանություն, հնարավորություն տալ աշակերտին ձևավորել և արտահայտել իր կարծիքը։ Ուղեցույցի հեղինակներն առաջարկում են նաեւ դերախաղ կազմակերպել այս կամ այն պատմական իրադարձության շուրջ՝ փորձելով հասկանալի դարձնել, թե ինչ դեր ունի տվյալ իրադարձությունը, ովքեր են կարեւոր կերպարները։
«Գիրք պատմության ուսուցման․ ինչու՞, ինչպե՞ս» ուղեցույցում նշվում է, որ պատմության ուսումնառության կարեւոր վերջնարդյունքներից մեկն էլ ժամանակի զգացողությունն է, եւ սա էլ դառնում է բարդություններից մեկը, որ աշակերտը հաճախ չի ընկալում նյութը, ուստի պետք է օգնել աշակերտին անցյալին նայել այնպես, ինչպես անցյալի մարդիկ են նայել։
Հիմնադրամը դպրոցներում պատմության ակտիվ մտածողություն խթանելու ծրագրի շրջանակում կընտրի ավելի քան 1000 ուսուցիչ մարզերում՝ հատկապես սահմանամերձ համայնքներում, Արցախում և Երևանում, որոնց կնվիրի գիրքը՝ որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ: Ընտրված ուսուցիչները կմասնակցեն գրքի կարճատև վերապատրաստման, կփորձարկեն այն՝ մասնակցելով պատմության ուսուման մասնակցային հետազոտության:
Կրթական հիմնադրամի անդամները գիրքը ներկայացրել են ԿԳՄՍ նախարարություն՝ որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ երաշխավորություն ստանալու համար։ Այն հետագայում կուղարկվի ընտրված ուսուցիչներին։
Գիրքը ստեղծվել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության աջակցությամբ։
Գլխավոր լուսանկարը՝ «Պարադիգմա»-ի
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել