HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ-ն և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնը» համաձայնագիր են ստորագրել

Քննչական կոմիտեի և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի միջև այսօր՝ փետրվարի 23-ին, Քննչական կոմիտեում ստորագրվեց համաձայնագիր: 

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ փաստաթուղթն ստորագրել են Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի տնօրեն, համալսարանի հիմնադիր, ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

«Համաձայնագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաև կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:

Քննչական կոմիտեի նախագահը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշեց, որ այն հիմք կհանդիսանա կառույցների միջև սերտ համագործակցություն ձևավորելու գործում՝ միաժամանակ ընդգծելով ուսումնական հաստատությունում քրեագիտություն առարկայի դասավանդման առանցքային դերը: 

«Որպեսզի անձը լավ քննիչ համարվի, չափազանց կարևոր է, որ նրա մոտ կրիմինալիստիկական գիտելիքները լինեն բարձր մակարդակի վրա»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

Իր հերթին Ժորա Ջհանգիրյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար, նշեց. 

«Գլաձոր» համալսարանում կրիմինալիստիկայի կենտրոնի բացումը ուներ մեկ նպատակ՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացմանը»:

Անդրադարձ կատարվեց նաև նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների կազմակերպմանը:

Նախաքննության փուլում փորձաքննությունների կատարման ժամկետների հարցը շարունակում է մնալ օրակարգային, արդիական և պահանջում է համալիր լուծում և համաձայնագրի ստորագրումը ևս մեկ քայլ է՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերի շարքում:

Փաստաթղթի ստորագրումը նպատակ է հետապնդում՝ բարձրացնելու նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների ինչպես որակը, այնպես էլ՝ դրանց իրականացման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև՝ կանխելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումը:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է նաև մասնագիտական ոլորտում փորձի փոխանակում՝ ճանաչողական այցերի, խորհրդատվությունների, կլոր սեղանների և գիտաժողովների անցկացման միջոցով, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական, ինչպես նաև՝ մասնագիտական և կազմակերպական բնույթի այլ ուղղություններով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter